Օրենքները հարմարեցնում են իրենց
Անցած տարվա նոյեմբերին «Հրապարակն» անդրադարձել էր արտակարգ իրավիճակների նախարարությանը, մասնավորապես՝ Վրեժ Գաբրիելյանին, որն ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն նշանակվեց 68 տարեկան դառնալուց երկու ամիս առաջ։ Հիշեցնենք, որ, ըստ փրկարար ծառայության մասին օրենքի 13-րդ հոդվածի, ՓԾ տնօրենի եւ նրա տեղակալի պաշտոնները բարձրագույն պաշտոններ են, որոնք, համաձայն նույն օրենքի 63-րդ հոդվածի, ծառայում են մինչեւ 65 տարին լրանալը։ Նշված պաշտոնները զբաղեցնող եւ/կամ կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 3 տարի, այսինքն՝ առավելագույնը մինչեւ 68 տարեկան դառնալը, ինչը նշանակում է, որ մարդուն ընդամենը 2 ամսվա ծառայության ժամկետ էր մնացել։ Այս պարագայում ուղղակի անհասկանալի է այդ նշանակումը՝ երկու ամսում ծառայության ղեկավարն անգամ չի հասցնի գործերին ծանոթանալ։ Եվ ՓԾ տնօրենի գործն էլ հեշտ գործ չէ, որ 2 ամիսը մեկ ղեկավար փոխվի։
Վրեժ Գաբրիելյանին նշանակելու մասին մեր հարցմանն ի պատասխան, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, առանց հղում անելու կոնկրետ հոդվածին, ասել էր՝ Գաբրիելյանը համակարգի փորձառուներից է եւ համաձայն օրենքի։ Թե որ օրենքի՝ չէր նշել, նրա պաշտոնավարումը կարող են երկարաձգել մինչեւ 70 տարեկանը։ Հիշեցնենք․ օրենքը թույլ է տալիս պաշտոնավարել մինչեւ 68 տարեկանը, ոչ թե՝ 70։
Մեր հրապարակումից անցել է վեց ամիս․ Վրեժ Գաբրիելյանը դեռ պաշտոնավարում է։ Իսկ նրա անմիջական վերադաս, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, իր թիմով, մայիսի 27-ին կառավարության քննարկմանն է ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկվում է ԱԻՆ ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոններ զբաղեցնողների ծառայության ժամկետը երկարաձգել մինչեւ 75 տարին լրանալը։
ԱԻՆ թիմն իր առաջարկությունը հիմնավորում է՝ հաշվի առնելով ՓԾ ոլորտում ուսումնական գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները, դասախոսական կազմի համալրման բարդությունները, ինչպես նաեւ գործող օրենսդրությամբ սահմանված տարիքային սահմանափակումները։
Կառավարությունը նախագծին արդեն դրական եզրակացություն է տվել, ու կարծում ենք՝ առանց խորամուխ լինելու հարցի բուն էության մեջ, այն կանցկացնի ԱԺ-ում։ Միանգամից ասեմ, որ օրինագծի հիմնավորումն իրականության հետ կապ չունի, որովհետեւ ԱԻՆ ուսումնական հաստատությունը ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան է, որը տարեկան ավելի քան 100 շրջանավարտ է տալիս։
Իսկ սա նշանակում է, որ ԱԻՆ համակարգի օղակները որակյալ կադրերով համալրելու, վաստակաշատ ու տարեց մասնագետներին թոշակի ուղարկելու խնդիր չունի։ Բայց քանի որ բարձր պաշտոնյաները, որոնք արդեն իսկ թոշակառուներ պետք է լինեին ու դեռ շարունակում են ղեկավարել, օրենքին հարմարվելու փոխարեն օրենքն են իրենց հարմարեցնում։ Վրեժ Գաբրիելյանը, օրինակ, ՓԾ տնօրենի պաշտոնն իր համար արդեն հինգ տարով ապահովագրել է, եթե, իհարկե, իր հովանավորները փաթեթով չհեռանան պաշտոններից։
Գաբրիելյանի 70-ը լրանում է 2020-ին, բայց, ամենայն հավանականությամբ, նա թոշակի չի գնա, որովհետեւ առաջարկվող փոփոխությունը մինչ այդ ընդունված կլինի։ Իսկ դա նշանակում է, որ Վրեժ Գաբրիելյանը հնարավորություն կունենա պաշտոնավարել մինչեւ 2025 թվականը։
Հետո էլ զարմանում ենք, որ երիտասարդներին, մասնավորապես տղաներին, մանկավարժությունն ու գիտությունը չեն գրավում։ Ինչպե՞ս գրավեն, եթե տարեցները դեմ են գնում սերնդափոխության տրամաբանությանն ու չեն ուզում իրենց տեղը զիջել երիտասարդներին։ Ավելին, մի քանի մարդու համար օրենք են փոխում՝ ճիշտ այնպես, ինչպես արեցին 25 տարի առաջ, երբ Սահմանադրության մեջ գրեցին, թե ՀՀ նախագահ դառնալու համար Հայաստանում ծնված լինելը պարտադիր չէ։ Այն ժամանակ դա արվում էր, որպեսզի Սիրիայում ծնված Լեւոն Տեր-Պետրոսյանը հնարավորություն ունենար դառնալ ՀՀ նախագահ։ Վերջին երկու տարում, ի դեպ, շատ օրենքներում են պաշտոնների նշանակման ցենզը փոխել՝ հարմարեցնելով իրենց ունեցած անփորձ ու անստաժ կադրերին։
Կարծիքներ