ԱՄՆ-ը կբացի՞ «ղարաբաղյան փակագծերը»

ԱՄՆ-ը կբացի՞ «ղարաբաղյան փակագծերը»

«Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը հայտնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի հետախուզության հարցերով կոմիտեի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը հեղինակել է օրինագիծ, որն, ընդունվելու դեպքում, Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրենին կպարտավորեցնի Ներկայացուցիչների պալատի անդամներին բաց եւ փակ տեղեկատվություն տրամադրել հետեւյալ հարցերի մասին.

-Հայ-ադրբեջանական տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական շահերի եւ գործընկերների բացահայտում.

-2020թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին ուժի կիրառման բոլոր նշանակալի փաստերի նկարագրում՝ ներառյալ  գնահատական, թե ում կողմից է ուժ կիրառվել.

- Ադրբեջանին եւ Հայաստանին ԱՄՆ ռազմական օգնության՝ ուժերի տարածաշրջանային հաշվեկշռին ազդեցության գնահատականը եւ ռազմական ուժի հետագա օգտագործման հավանականությունը: 

Օրինագիծը նախնական մշակման փուլն անցել է եւ շուտով սահմանված ընթացակարգով կներկայացվի Կոնգրեսին: Այն պետք է համաձայնեցվի Սենատի հետ՝ նույնականացման համար: Օրինագիծն ընդունվելու դեպքում Ազգային հետախուզության տնօրենը  կոնգերսականներին հետաքրքրող տեղեկատվությունը ներկայացնելու համար կունենա 90 օր ժամանակ:

Ակնհայտ է, որ կոնգերսական Շիֆի այս նախաձեռնությունը քաղաքական ազդակ է, որ ԱՄՆ հետախուզությունը տիրապետում է բացառիկ տեղեկատվության եւ անհրաժեշտության դեպքում կարող է բացել «ղարաբաղյան փակագծերը»: Խնդիրն այն է՝ ԱՄՆ-ը կգնա՞ այդ քայլին, թե՞ տվյալ փուլում կբավարարվի նախազգուշական «կրակոց» արձակելով: Դատելով «Թուրանի» տեղեկատվության նկատելի նյարդայնությունից, Ադրբեջանում անհանգստացած են, որ ԱՄՆ-ը հետախուզությունը կարող է տհաճ անակնկալ մատուցել: Բացառված չէ, որ Շիֆի օրինագծի միջոցով Վաշինգտոնը հստակ ազդակ է տալիս, որ ԼՂ կարգավորման հարցում իրեն «խաղից դուրս թողնել» չի ստացվի: