Եթե, ապա

Եթե, ապա

Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Մելքոնյանն ասում է, որ պատմության դպրոցական դասընթացի հայեցակարգը, որ մշակել են ԿԳՄՍ նախարարության փորձագետները, նման է վրացականին: Հանրային ընկալումներում Վրաստանը բոլոր առումներով մեզնից զարգացած եւ առաջադիմական է ընկալվում: Իսկ հայտնի ասույթը հուշում է, որ եթե պետությունը խնդիրներ ունի, պատճառը պետք է դպրոցում փնտրել: Այս իմաստով գուցե Վրաստանի առաջընթացը հենց դպրոցական բարեփոխումներո՞վ է պայմանավորված: Վրաստանի պատմությունը պաթետիկայի պակաս հաստատ չունի:

Բայց եթե դրոցական բարեփոխումները, որոնք, ինչպես ակադեմիկոս Մելքոնյանն է ասում, նույնական են առաջարկվող հայկականի հետ, ինչի դեմ նա ոչ միայն մասնագիտորեն է բողոքում, այլեւ՝ ակնհայտ քաղաքական ենթատեքստով, ուրեմն Վրաստանը ոչ թե զարգացած, այլ թուլացած եւ դեգրադացված պիտի լիներ: Մինչդեռ իրականությունն այլ է: Թեկուզ եւ՝ համավարակի դեմ պայքարի առումով, մի հանգամանք, որ կառավարության քննադատները բերում են որպես նրա ոչ ադեկվատության անառարկելի ապացույց: Ի՞նչ իմաստ ունի այս համեմատությունը: Շատ պարզ. եթե «ապազգային» կրթական համակարգ ունենալով Վրաստանն, այնուամենայնիվ, զարգանում, իսկ ազգային արժեհամակարգի դպրոց ունեցող Հայաստանը՝ ոչ, ապա ի՞նչ է դրանից հետեւում: Միայն մի բան՝ ներկայիս կրթական համակարգը չի նպաստում հայոց պետականության զորացմանը եւ երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին: Հետեւաբար, այն բարեփոխման կարիք ունի: Եւ բանավեճը պետք է ծավալվի ոչ թե սկզբունքի, այլ՝ հայեցակարգի թեր եւ դեմ կողմերի շուրջ: