Хрень редьки не слаще

Хрень редьки не слаще
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կատակել է, թե արդեն չի հիշում՝ որերորդ անգամ է այցելում Մոսկվա եւ ավելացրել, թե Հայաստանում եկող տարի սպասում են Պուտինի պաշտոնական այցին: ՌԴ նախագահի գրասենյակից արձագանք չկա՝ ընդունվե՞լ է այդ հրավերը, թե՞ ոչ:

«Ոչի» մասին, իհարկե, պաշտոնական տեղեկատվություն չի լինի, բայց եթե լռությունը շարունակվի, հարկ կլինի արձանագրել, որ ՌԴ նախագահը ոչ պաշտոնական, ոչ աշխատանքային, ոչ էլ, առավել եւս պետական այցով Հայաստան ուղեւորվելու մտադրություն չունի: Պուտինին, ըստ երեւույթին, լիովին բավարարում է այն, որ Հայաստանի վարչապետը եռամսյակը մեկ պարբերականությամբ մեկնի Մոսկվա:

Ընդ որում՝ ոչ թե պաշտոնական, այլ՝ աշխատանքային այցով, որի ընթացքում տեղի է ունենում մտքերի փոխանակություն, բայց որոշումներ չեն ընդունվում, որեւէ փաստաթուղթ չի ստորագրվում: Բայց դա հնարավորություն է, որպեսզի խոսվի հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության, առեւտրատնտեսական սերտ համագործակցության եւ հարակից այլ հարցերի մասին: Հարցն այն է, թե երկկողմ հարաբերություններին ի՞նչ նպաստ են բերում այդ արարողակարգային հավաստիացումները: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Պուտինի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով առհասարակ քննարկում չի ունեցել, ՀԱՊԿ-ում իրավիճակին անդրադարձել են հպանցիկ, գազի հարցում էլ պայմանավորվածության չեն եկել, բայց հույս կա, որ մեզ համար անցանկալի զարգացումներ չեն լինի:

Այդ դեպքում ինչի՞ շուրջ է ծավալվել Պուտին-Փաշինյան երկխոսությունը: Առհասարակ նման այցի անհրաժեշտությունն ինչո՞վ էր պայմանավորված: Վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը տպավորություն ուներ, որ ՌԴ նախագահը կփորձի Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի համոզել՝ Բելառուսի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու համաձայնություն տալ: Այդ հարցը քննարկվե՞լ է: Շոշափվե՞լ է Ադրբեջանին ՀԱՊԿ-ի գործընկերոջ կարգավիճակ տալու խնդիրը: Պուտին-Փաշինյան հանադիպման անհրաժեշտությունը դրանով էին պայմանավորում հատկապես ռուսաստանցի փորձագետները: Եթե հարցերի այդ շրջանակը, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորումն իրոք չեն քննարկվել, ապա ո՞րն էր Ամանորի նախաշեմին Մոսկվա մեկնելու իմաստը:

Կամ կողմերն ինչ-որ պայմանավորվածությունների են եկել, բայց այդ մասին գերադասոում են չբարձրաձայնել, կամ հայ-ռուսական հարաբերություններում առկա են անհաղթահարելի տարաձայնություններ, որոնք առայժմ չեն հրապարակայնացվում: Այն, ինչ գրվում է հայրենական մամուլում այդ առթիվ, կարելի է բնութագրել որպես լավագույն ցանկությունների թվարկում: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը՝ մնում է խիստ կասկածելի: Ռուսական կողմը, համենայն դեպս, նույնիսկ տեղեկատվական մակարդակում նման ազդակներ չի փոխանցում: