Կլիմայական աղետի առաջին հետեւանքները հայտնի են
Համաձայն «Քրիստոնեական օգնություն» հասարակական կազմակերպության հրապարակած զեկույցի, էքստրեմալ եղանակային երեւույթները պայմանավորված են կլիմայի մարդածին փոփոխություններով, որոնք արդեն իսկ խլել են հազարավոր մարդկային կյանքեր եւ պատճառել հսկայական տնտեսական վնաս՝ հաշվված տասնյակ միլիարդավոր դոլարներով։ Այս ամենը, սակայն դեռ շարունակվելու է առաջիկայում։ Ինչպես հաղորդում է BBC News-ը, մասնագետները զեկույցում առանձնացրել են 10 ամենախոշոր տարերային աղետները, որոնցից յուրաքանչյուրը պատճառել է ոչ պակաս, քան մեկ միլիարդ դոլարի վնաս, ընդ որում, դրանցից չորսի դեպքում վնասը կազմում է յուրաքանչյուր դեպքի համար ավելի քան յոթ միլիարդ դոլար։ Առաջատարը «Ֆլորենս» եւ «Միշել» փոթորիկներն են, որոնք պատճառել են 17 եւ 15 միլիարդ դոլար։ Դրանք եղել են 50 տոկոսով ավելի ուժգին, քան սովորաբար լինում են։ Շարունակական տապն ու ջրհեղեղը Ճապոնիայում խլել է 230 մարդու կյանք եւ պատճառել 7 միլիարդ դոլարի վնաս։ Շոգ եղանակն ու երաշտի հավանականությունը Եվրոպայում աճել է 30 անգամ։ Մասնագետները զեկույցում նշում են, որ այս ամենը ընդամենը դեռ զուտ փաստերն են ֆիքսված եւ այստեղ չեն ներկայացվել օվկիանոսի մակարդակի բարձրացման բերած վնասները, զարգացող երկրներում կենսամակարդակի նվազումը, պայմանավորված բնակլիմայական պայմանների վատացմամբ եւ այլն։
Կարծիքներ