Հայ-ռուսական բարեկամության նոր արձանը քննարկման փուլում է

Հայ-ռուսական բարեկամության նոր արձանը քննարկման փուլում է

Օրեր առաջ Մոսկվայում՝ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված՝ 30 կետից բաղկացած համատեղ հայտարարության մեջ նշված է նաեւ Երեւանում «հայ-ռուսական 30-ամյա բարեկամության հուշարձանի հիմքի տեղադրման մասին»։

ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվել էինք, թե ինչ հուշարձանի մասին է խոսքը, երբ է այն տեղադրվելու, մրցույթ պե՞տք է հայտարարվի, թե՞ արդեն կա կոնկրետ նախագիծ։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ն գրավոր պատասխանել է․ «Կա գաղափար հայ-ռուսական բարեկամության արձանի ստեղծման վերաբերյալ, սակայն արձանի ձեւի, բովանդակության, տեղի վերաբերյալ ընթանում են քննարկումներ ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ ռուսական կողմի հետ»։  

Ի դեպ, օրեր առաջ էլ Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի «Պուշկինի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի ունեցավ Ալեքսանդր Պուշկինի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, դարձյալ վկայում է Հայաստանի եւ Ռուսաստանի մշակութային կապերի, հարուստ ավանդույթների եւ բարեկամական սերտ հարաբերությունների մասին:

Հիշեցնենք, որ հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշարձաններն արդեն իսկ շատ են մեր քաղաքում, որոնք տարբեր իշխանությունների օրոք տեղադրվել են քաղաքի տարբեր անկյուններում ու փողոցներում։