«Ակնթարթի ներսը»․ որտեղի՞ց եմ գալիս, ո՞ւր եմ գնում, ո՞վ եմ ես

«Ակնթարթի ներսը»․ որտեղի՞ց եմ գալիս, ո՞ւր եմ գնում, ո՞վ եմ ես

Հայաստանի պատմության թանգարանում շարունակվում է ցուցադրվել հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը, որն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանի եւ հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում։

Գագիկ Հարությունյանը միակ խորհրդահայ լուսանկարիչն է, ով աշխատել է շարքերով՝ ելնելով հետազոտական ու վերլուծական սկզբունքներից: Սկզբնական շրջանում աշխատել է որպես ֆոտոլրագրող եւ իր գործունեության սկզբից արդեն աչքի է ընկել վավերագրական լուսանկարչության մեծ վարպետությամբ, հետագայում արվեստագետը, ինքնատիպ գեղարվեստական մտածողության եւ գեղագիտական նրբաճաշակության շնորհիվ, մեծ ավանդ է թողել ինչպես հայ գեղարվեստական լուսանկարչության, այնպես էլ արդի ու ժամանակակից հայ արվեստի պատմության մեջ:

Շուրջ երեք տասնամյակ լուսանկարիչը համագործակցել է գրեթե բոլոր տեղական եւ խորհրդային երկրներում հրատարակվող խոշոր պարբերականների հետ: Գագիկ Հարությունյանի արվեստով ավելի շատ սկսել են հետաքրքրվել, երբ լուսանկարչի աշխատանքները սկսել են հաճախակի երեւալ հանրապետական մամուլի էջերում եւ հատկապես «Գարուն»-ում: 1981թ. լուսանկարչի ակտիվ համագործակցությունը «Գարուն» ամսագրի հետ զգալի ազդեցություն է թողել գեղարվեստական լուսանկարչության ընկալումների փոփոխության վրա: 1990-ականների վերջերին խորը հիասթափություն վերապրած արվեստագետը ոչնչացրել է իր տպված լուսանկարների գրեթե ամբողջ հավաքածուն: Պահպանված սեւապատկերներից շուրջ երկու հարյուրը վերականգնվել ու տպվել է վերջերս, եւ վերականգնման համար անհրաժեշտ է եղել շուրջ վեց տարի:

Գագիկ Հարությունյանը ստեղծագործել է դժվար ժամանակներում, բայց ստեղծել է արվեստի մնայուն գործեր, որոնք իրենց բնույթով բազմանիստ են: Այն նորովի է ներկայացնում մարդուն, կյանքը, հայրենիքը, սերը, մարդկային ողբերգությունն ու մշակույթը: Գագիկ Հարությունյանի ժառանգությունը նորովի է ներկայացրել նաեւ ցուցահանդեսի համադրող՝ գերմանացի արվեստագետ, Բոնն քաղաքի Kurfürstliches Gärtnerhaus ցուցասրահի տնօրեն, Atelier Middelmann  արվեստանոցի ղեկավար Յուրգեն Միդելմանը, ում խոսքով, ցուցահանդեսի նպատակն է՝ հնարավորություն տալ հանդիսատեսին՝ ներթափանցելու Գագիկ Հարությունյանի լուսանկարների աշխարհը՝ այդպիսով ծանոթացնելով նրա տեսանկյանը․ «Այստեղ հատուկ նշանակություն են ստանում հետեւյալ հարցերը․ ո՞րն է լուսանկարելու, նկարելու կամ գծանկարելու նպատակը: Ի՞նչն է ինձ համար կարեւոր, եւ ի՞նչ եմ ուզում փոխանցել հանրությանը։ Այս լուսանկարները ներկայացնում են ավելին, քան իրականում երեւում է: Գագիկ Հարությունյանի արվեստը չի զբաղվում ֆորմալ առաջադրանքներով եւ հեռու է կոնկրետ կամ վերացական պատկերային մոտեցումներից: (Լուսանկարների) այս շարքն ընկալելու համար անհրաժեշտ է անցնել ֆորմալ մոտեցումից անդին։

Գագիկ Հարությունյանի արվեստն ավելի բնական է եւ կաղապարված չէ արհեստական կառուցվածքով: Հարությունյանի նկարները ներկայացնում են աշխարհը նրա տեսանկյունից՝ ապահովելով կրթության, մշակույթի, ոգեղենության, մարդկային կերպարի ներհոսք։ Մեկ լուսանկարում նա ձեւավորում է պահի ամբողջական պատկեր եւ ի ցույց դնում այն հանրությանը։ Այդ պատկերները պատմություն են ստեղծում, պատմություն պատմում, դրանք տանում են անցյալ, ձեւավորվում ներկայում եւ տանում դեպի հեռավոր ապագա։ Հարությունյանի արվեստը խոսում է պատկերների միջոցով եւ հաղորդակցվում մեզ հետ, կարծես պահում է մեզ հեռու եւ միաժամանակ մոտենալու հնարավորություն ստեղծում: Գագիկ Հարությունյանի նկարները հուզում են, կլանում, եւ, այնուամենայնիվ, մենք երբեք չենք վերածվում կողքից վայելողի, այլ դառնում ենք անմիջական մասնակից»։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանն ասում է՝ Գագիկ Հարությունյանը տեղյակ էր այս ցուցահանդեսի մասին, բայց չգիտեր, թե ինչ կոնցեպտով է լինելու, իսկ կոնցեպտը մշակվեց անցած տարի, երբ նա արդեն կյանքից հեռացել էր։ Լուսանկարչի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսը, փաստորեն, դարձավ նրա հետմահու առաջին ցուցահանդեսը։ Սոնա Հարությունյանն իր խոսքում նկատում է՝ շատ քչերին է ասում, որ Գագիկ Հարությունյանն իր հայրն է, որպեսզի անձնական վերաբերմունքը չազդի նրա արվեստի ընկալման ու արժեւորման վրա․ «Ես Յուրգենին էլ չէի ասել, որ Գագիկն իմ հայրն է, եւ մենք այդ ողջ ընթացքում զրուցել ենք Գագիկի մասին՝ որպես մի հայ արվեստագետի մասին։ Մի օր ինքն ինձ ասաց, որ այս արվեստագետի մտածողությունն ինձ շատ մոտ է, եւ սիրով կհամադրեմ իր ցուցահանդեսը։ Որոշ ժամանակ անց Յուրգենն ուղարկեց իր մտքերը Գագիկի աշխատանքների մասին, որն ինձ շատ հուզեց, որովհետեւ ուներ ճիշտ նույն վերաբերմունքը, ինչ Գագիկը, երբ խոսում էր իր աշխատանքների մասին, նաեւ համամարդկային արժեքների, արվեստի անկեղծության, ցանկացած մանրուք գնահատելու մասին։ Ես ու քույրս մեծացել ենք նրա մի նախադասության ներքո, ասում էր՝ կյանքում մանրուքներ չկան, ամեն ինչի մեջ պետք է սեր դնել»։

Սոնա Հարությունյանին հենց անմիջապես գրավել է համադրող Յուրգեն Միդելմանի՝ ցուցահանդեսը 5 շարքի բաժանելու առաջարկը․ «Քանի որ այդտեղ զուգահեռներ տեսա Գագիկի մոտեցման՝ ասելիքի ավարտունության հետ, երբ իրեն հարցնում էին՝ ինչո՞ւ եք շարքերով աշխատել, ասում էր՝ որովհետեւ մեկ աշխատանքով հնարավոր չէ ասելիքն ավարտուն դարձնել։ Դրա համար շարքերով էր աշխատում եւ այդպես իր ասելիքն ամփոփում։ Ու երբ Յուրգենն ասաց, որ ցանկանում է ցուցահանդեսը բաժանել 5 շարքի, ինձ դա հետաքրքրեց, հատկապես որ նա պետք է Գագիկ Հարությունյանի տարբեր շարքերից աշխատանքներ ընտրեր եւ դրանք միավորեր նոր շարքում։ Դա համադրողական հետաքրքիր, միաժամանակ համարձակ մոտեցում էր, հատկապես երբ խոսքը գնում է կայացած եւ արդեն ոչ կենդանի արվեստագետի մասին»։  

Համադրող Յուրգեն Միդելմանը նաեւ վերնագրել է ցուցահանդեսը 5 մասերի բաժանող շարքերը․ «Երկրի ու երկնքի հատման կետում», «Մանկական աշխարհ աշխարհիս երեսին», «Ակնթարթ», «Գաղտնիքը» եւ «Որտեղի՞ց եմ գալիս, ո՞ւր եմ գնում, ո՞վ եմ ես»՝ մի հարցադրում, որ իր կյանքի վերջին տարիներին շատ էր հնչեցնում նաեւ ինքը՝ լուսանկարիչը․  «Համադրողն այնքան նրբանկատ է գտնվել, որ այդ շարքերն անվանակոչելով՝ հավատարիմ է մնացել Գագիկի՝ որպես մարդու կեցվածքին, աշխարհայացքին եւ մտածելակերպին։ Երբ արդեն լիարժեք կոնցեպտը գրել էր, Յուրգենը մի արտահայտություն արեց, ասաց՝ քո հոր կոշիկներն ինձ համար շատ մեծ են․․․ նման խոսք կա Գերմանիայում, որը ես բառացի եմ թարգմանում, որովհետեւ ինքը նաեւ աշխատանքի ընթացքում հասկացել էր, որ գործ ունի մի արվեստագետի հետ, որի ժառանգությունը միայն ինքը դժվար թե կարողանա լիարժեք արժեւորել, դեռ գալու են նորերը ու ամեն անգամ նորովի արժեւորեն նրա ժառանգությունը։ Դրա համար Յուրգենն ասաց, որ գիտակցաբար դուրս է թողնում քաղաքական եւ Հայաստանի պատմության հետ առնչվող թեմաները, եւ ցուցահանդեսի մեջ ոչ թե շեշտադրվում է Հայաստանն իր պատմական փուլերով կամ քաղաքական արժեքներով, այլ ինքը՝ որպես համադրող, ելնում է Գագիկ Հարությունյանի փոխանցած պատկերներից, դրանց արժեքից՝ որպես արվեստի գործ։ Այսինքն, ելակետը դարձրեց արվեստը, բայց՝ Գագիկ Հարությունյանի տեսանկյունից, միեւնույն ժամանակ՝ Յուրգեն Միդելմանի մեկնաբանությամբ»։

«Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսում ներկայացված է 75 գործ։ Յուրգեն Միդելմանի համադրած ցուցահանդեսում, ինչպես նկատում է Սոնա Հարությունյանը, կա գերմանական զսպվածություն, բայց, միեւնույն ժամանակ, առկա է նաեւ էմոցիոնալ վերաբերմունք․ «Ինչո՞ւ մենք ընտրեցինք Յուրգեն Միդելմանին․ որովհետեւ ցանկանում էինք օտար հայացք՝ հայ արվեստագետի աշխատանքին, մեր արվեստում, որտեղ անընդհատ նույն մարդկանց հետ ենք խմորվում, շատ հետաքրքիր էր դրսից հայացքը։ Ես վստահ եմ, որ դաշտի 90 տոկոսը չի ընդունել այս մեկնաբանությունը, բայց դա շատ լավ է, որովհետեւ մարդիկ նոր բան պետք է տեսնեն։ Ու արվեստն այն չէ, որ եթե Արարատ լեռը չի ցուցադրել, ուրեմն այս ցուցահանդեսը լավը չէ, օրինակ՝ այս ցուցադրությունում Գառնու տաճարը, Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմանկարը կամ շարժումից որոշ լուսանկարներ չեն ընդգրկվել, բայց մինչեւ մենք դուրս չգանք մեր կարծրատիպերից ու կոմֆորտ զոնայից, չենք սկսի մտածել»։