«Հրապարակի» նոր շարքը՝ «Սփյուռքի ձայնը»

«Հրապարակի» նոր շարքը՝ «Սփյուռքի ձայնը»

«Հրապարակը» նոր շարք է նախաձեռնում՝ «Սփյուռքի ձայնը» խորագրով, որով նպատակ ունենք ներկայացնելու սփյուռքում ապրող եւ հասարակական, քաղաքական, մշակութային, տեղեկատվական գործունեություն ծավալող մեր հայրենակիցներին: Կներկայացնենք ամենատարբեր քաղաքական հայացքներ ու նախասիրություններ ունեցող մարդկանց, որպեսզի հասկանանք եւ ճանաչենք իրական սփյուռքը՝ իր բոլոր հայտնի ու անհայտ կողմերով: 

Մեզ ծանոթ ու անծանոթ սփյուռքը 

Հայաստանյան հասարակությունը, թվում է, լիարժեք ճանաչում է հայկական սփյուռքը: Մինչդեռ իրականում դա այդպես չէ: Շատերը սփյուռքին նայում են որպես մի «դոնոր» կառույցի, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին եւ «պարտավոր է» ամենամյա հանգանակություններ անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, երկրի օրհասական պահերին տարաբնույթ օժանդակություն ցուցաբերել՝ բարոյական, լոբբիստական եւ նյութական: Իհարկե, այդ ամենը սփյուռքն անում է: Բայց կան բաներ, որոնցից մենք տեղյակ չենք: Սփյուռքը բազմաշերտ է, բազմազան՝ կախված նաեւ աշխարհագրությունից: Մեր հայրենակիցները տարբեր կենսաձեւ ունեն աշխարհի տարբեր երկրներում: Տարբեր են նաեւ նրանց վերաբերմունքն ու հայացքները Հայաստանի, առհասարակ՝ ազգայինի նկատմամբ: Չի կարելի համեմատել ՌԴ-ում աշխատող եւ ապրող մեր հայրենակիցներին, ասենք, Լիբանանում ապրողների հետ: Որքան էլ զարմանալի է, թեեւ ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցների շփումներն ավելի սերտ են Հայաստանի հետ, նրանք ավելի հեշտությամբ են գալիս Հայաստան, բայց ավելի շուտ են ձուլվում ու հեռանում ազգայինից, քան նույն լիբանանահայերը: ՌԴ-ի մեր հայրենակիցներից շատերի երեխաները դժվարանում են խոսել հայերեն, գրել-կարդալ չգիտեն: Նրանց որոշ մասի համար Հայաստանն օտար երկիր է, չեն ցանկանում անգամ տարին մեկ անգամ այցելել: Թեեւ ՌԴ-ում հիմնականում ապրում են տարբեր ժամանակներում աշխատելու մեկնած մեր հայրենակիցները, ովքեր այնտեղ կայացել ու հիմնական բնակություն են հաստատել: Բոլորովին այլ են մեր մյուս գաղթօջախների հայերը, հատկապես՝ ցեղասպանությունից հետո տեղահանվածների սերունդները: Նրանցից շատերը դառը փորձությունների միջով են անցել՝ ոչ միայն տվյալ երկրում ապրելու իրավունքը վաստակելու, այլեւ իրենց ազգային ինքնության՝ հայապահպանության համար: Այս առումով առանձնապես աչքի են ընկնում լիբանանահայերը: Նրանք հիմնականում գիտեն հայերեն գրել, կարդալ: Չնայած Հայաստանն ու ԱՄՆ-ն տարածքային առումով շատ հեռու են միմյանցից, բայց այդ տարածությունը չի խանգարել, որ այնտեղ բնակվող մեր հայրենակիցները մեծ ներդրում ունենան նորանկախ Հայաստանի զարգացման գործում: 1988-ի երկրաշարժից հետո Հայաստանի քանդված բնակֆոնդի վերականգնման հարցում մեծ դեր ունեցան տարբեր երկրներում ապրող մեր բարերար-հայրենակիցները՝ Շառլ Ազնավուրի, Քրք Քրքորյանի եւ այլոց գլխավորությամբ: 

ՀՀ բոլոր իշխանությունների պահանջը. «Փող տվեք ու էլ գործ չունեք»

Սփյուռքը Հայաստանի ամուր «մեջքն» է, աջակիցը, հենարանը: Բայց ՀՀ բոլոր իշխանությունները միայն օգտվել են սփյուռքի «բարիքներից»: Ոչ մի իշխանություն չի մշակել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի սփյուռքին ներգրավի ներհայաստանյան կառավարմանը կամ օրենսդիր աշխատանքում: Մինչդեռ մենք ունենք փայլուն գիտելիքներով, տարբեր ոլորտներում պրոֆեսիոնալ ու հայրենասեր հայրենակիցներ, ովքեր, լինելով ՀՀ ԱԺ-ում կամ կառավարության կազմում, կարող էին մեծ օգուտ տալ, քան այնտեղ գտնվողներից շատերը: Իհարկե, նման մարդիկ նախ պետք է արժանացած լինեին սփյուռքի վստահությանը, անցնեին «համասփյուռքյան» ընտրության միջով, ինչը դժվար է, բայց մեխանիզմներ մշակելու դեպքում լուծելի է: 1992թ. հիմնվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որն անկախությունից հետո առաջին համազգային հաստատությունն էր, ուներ մեծ տեսլական՝ նպաստել Հայաստանի եւ Արցախի կարեւորագույն խնդիրների լուծմանը: Առաջինը կառուցվեց «կյանքի ճանապարհը»՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին: Ինչպես գիտենք, 2020թ․ պատերազմի օրերին ամբողջ հայ ժողովուրդը գումար հանգանակեց համահայկական հիմնադրամին: «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» կոչվող դրամահավաքի նպատակն էր թիկունքում վերականգնողական աշխատանքներ եւ ծառայություններ իրականացնելը։ Հանրային ազդեցություն ունեցող տարբեր անձինք եւ պաշտոնյաներ հորդորում էին գումար փոխանցել համահայկական հիմնադրամին, քանի որ այն միակ վստահելի ճանապարհն է՝ պատերազմից տուժածներին օգնելու։

Հանրության համատեղ ջանքերով հիմնադրամը հավաքեց մոտ 170 մլն ԱՄՆ դոլար, որից 60-70 մլն-ն՝ Հայաստանից, մնացածը՝ սփյուռքից։ Սակայն 2020-ի հոկտեմբերին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, օրենքի կոպիտ խախտմամբ, որոշեց հավաքված գումարի մոտ 60 տոկոսը (մոտ 105 մլն դոլար) նվիրաբերել Հայաստանի կառավարությանը: Իսկ թե ինչ արեց կառավարությունն այդ փողերը, մինչ օրս որեւէ հոդաբաշխ պատասխան չստացան ո՛չ ՀՀ քաղաքացիները, ո՛չ էլ սփյուռքի մեր հայրենակիցները: Սա, անշուշտ, բերեց կառավարության հանդեպ վստահության նոր կորստի: 
Այնպես չէ, թե նախորդ իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի օրոք սփյուռքի նվիրած գումարների արդյունավետ ծախսման մասին կասկածներ չուներ սփյուռքը: Հիշենք Լինսի հիմնադրամի գործունեության դադարեցումը: Հիմնադրամը գործել է 22 տարի: 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո այն դադարեցրեց գործունեությունը, իսկ հիմնադրամում առկա դրամական միջոցները` 200 միլիոն դոլար, փոխանցվեցին Կալիֆորնիայի համալսարանին: Դրա շուրջ տարբեր վարկածներ շրջանառվեցին: Ընդդիմադիրները դա կապում էին մարտի 1-ի դեպքերի հետ՝ ասելով, որ բարերարն այլեւս չի վստահում «ժողովրդի վրա կրակող» իշխանությանը: Վարկածներից մեկն էլ այն էր, որ ամերիկահայ մեծահարուստ Քրք Քրքորյանը հասկացել է, որ իր փողերը Հայաստանում «մեջ-մեջ» են անում: Հիմնադրամի պատասխանատուները դա կապում էին Քրքորյանի տարիքի հետ. ծերացել է եւ այլեւս չի կարող ծանրաբեռնված աշխատել: Մինչդեռ հայաստանցիների ու սփյուռքահայ բարերարների աչքի առաջ հիմնադրամի հետ առնչություն ունեցող այրերը, երկրի առաջին դեմքերն ու նրանց մերձավորները հարստանում էին, ցոփ ու շվայտ կյանք վարում, ինչն աննկատ չէր մնում սփյուռքահայերի կողմից: Բնականաբար, սփյուռքի հայերի մոտ հարցեր էին առաջանում՝ ինչպե՞ս, ինչո՞ւ։ Եվ այդ հարստացումները համեմատելով Հայաստանի ոչ համաչափ զարգացման հետ՝ սփյուռքը սկսեց հիասթափվել ու չվստահել, ինչի արդյունքում գնալով նվազեցին տարբեր հիմնադրամներին հանգանակվող գումարները:

Գաղտնի հերոսներ ու գործեր, որոնց մասին կխոսվի հետագայում…

Սփյուռքում մենք ունենք բազմաթիվ հայրենակիցներ, ովքեր այսօր հայրենանվեր, ազգանվեր գործեր են անում, բայց չեն ուզում, եւ դեռեւս ժամանակը չէ, որ այդ գործերի մասին հրապարակվի, գրվի, խոսվի: Նրանք մեր ազգի այսօրվա գաղտնի հերոսներն են՝ իրենց ոչ հրապարակային գործունեությամբ: Բայց, անշուշտ, կգա ժամանակը, եւ նրանց մասին էլ անպայման կխոսվի, նրանց արածը կներկայացվի: «Հրապարակի» էջերում հետեւեք «Սփյուռքի ձայնի» թողարկումներին ու հրապարակումներին։ Միասին կփորձենք բացահայտել այդքան ծանոթ ու անծանոթ սփյուռքը։