Պատվաստանյութերի զանգվածային վակցինացիա․ ԱՄՆ-ում ու ՌԴ-ում հերթեր են

Պատվաստանյութերի զանգվածային վակցինացիա․ ԱՄՆ-ում ու ՌԴ-ում հերթեր են

Արդեն հաղորդվել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի պահանջներով, առաջիկայում` առնվազն Եվրոպա, կարողանալու են ճանապարհորդել միայն կորոնավիրուսային անձնագիր ունեցող անձինք։ Անձնագրում պետք է նշված լինի հիվանդության պատմության նման մի բան․ մարդը հիվանդացե՞լ է կորոնավիրուսով, պատվաստվե՞լ, թե՞ ոչ։

Սրան ընդառաջ՝ աշխարհի գերտերությունները սկսել են զանգվածային պատվաստումները։
2020թ․ դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր «Սպուտնիկ V» պատվաստանյութով բնակչության զանգվածային պատվաստման մեկնարկի մասին։ Առաջին հերթին պատվաստվել են բժիշկները, ուսուցիչներն ու սոցիալական աշխատողները։ Առաջին փուլում պատվաստումներ ստանում են նշված խմբերի՝ պետական ու մասնավոր սեկտորում աշխատող 18-60 տարեկան անձինք։ 

Համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որտեղ երևում էր, որ Մոսկվայի «Գումում»  բացված կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին մոբիլ կետի մոտ մոսկվացիների երկար կիլոմետրանոց հերթեր էին․ մարդիկ, ինչպես կաթի հերթում կանգնած, սպասում են իրենց պատվաստման հերթին։
ԱՄՆ-ում ևս հերթեր են։ Առաջին փուլով արդեն պատվաստվել են բուժաշխատողները և ծերանոցների բնակիչները։ Շուտով կսկսվի երկրորդ փուլը` 65 տարեկաններից բարձր, իսկ մեկ- երկու ամսից կսկսվի շարքային քաղաքացիների հերթը։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց ԱՄՆ-ում բնակվող քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ Վերջինիս խոսքով՝  այս պահին գործածվող «Պֆայզեր»  և «Մոդեռնա» ընկերությունների պատվաստանյութի համար հերթեր են։ Շատ երիտասարդներ՝ պատվաստանյութ ստանալու համար, դիմում են կեղծարարությունների, քանի որ պատվաստանյութը երկրում չի հերիքում։

«Բայդենն այսօր հայտարարեց, որ իր բացառիկ առաջնահերթությունն է լինելու` «բոլորի թևերի մեջ պատվաստանյութ ներարկել»»,- տեղեկացրեց Հայկ Մարտիրոսյանը։

Տեղյակ ենք, օրինակ, որ Կալիֆորնիայում գտնվող մեր մեծահարուստ հայրենակիցներից մեկը, որը կորոնավիրուսի պատճառով արդեն մեկ տարի շարունակ տնից դուրս չի գալիս, փորձել է ինչ-որ կերպ ներգրավվել առաջին պատվաստվողների ցանկում, սակայն դա նրան այդպես էլ չի հաջողվել։ Նույնը վերաբերում է նրա տիկնոջը, ում 75-ամյակը լրանում է մայիսին, և ստիպված է սպասել մինչև տարեդարձ, որպեսզի օրենքով սահմանված կարգով կարողանա ստանալ պատվաստանյութը։

Պարզվում է՝ տարիքային ցենզը տարբեր նահանգներում տարբեր է. այդ առնչությամբ Հայկ Մարտիրոսյանը մեկնաբանեց․ «Տարբեր նահանգներում տարբեր է։ Անկանոն է։ Թրամփի ադմինիստրացիան ամեն բան կործանել է։ Տեղեր կան` չեն հասցնում ներարկել` թափում են ստիպված։ Դրա համար անգամ մի հոգու դատում են»։