«Ոչ»-ի իշխանությունը

«Ոչ»-ի իշխանությունը

ՀՀ վարչապետն այսօր շնորհավորել է Սահմանադրության օրը եւ ուղերձ է հրապարակել՝ ուղղված իր երկրի բնակիչներին՝ ստանդարտ, ոչինչ չասող ֆրազներ, որոնք քիչ կապ ունեն իրական կյանքի, Սահմանադրության գործառնության եւ ժողովրդի զգացումների հետ։ Բայց դե տոնական օր է՝ պետք է ուղերձ հղվեր, գրասենյակը գրել է, վարչապետն էլ մի քանի շտրիխ իր կողմից ավելացրել է՝ տարածել են։ 

Մեր ուշադրությունը գրավեց հետեւյալ նախադասությունը․ «Հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է որպես ժողովրդավարական պետություն»:

Չգիտեմ դուք ինչպես, ես անմիջապես նկատեցի, որ «Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը» արդեն տերմին, հատուկ անուն են դարձրել, որի առաջին բառը՝ «ոչ»-ը մեծատառով են գրում։ 

4 տարի շարունակ արտասանել է այս նախադասությունը, հիմա ուզում է տերմին դարձնել, հատուկ ուղղագրություն հաղորդել, ինչպես ասենք, Հայոց ցեղասպանությունն են մեծատառով գրում, կամ Մարտի 1-ը։ 

Բայց սրա մեջ շատ կարեւոր խորհուրդ կա․ պատահական չէ, որ մեծատառով գրվող բառը հենց «ոչ»-ն է, որն ինքնին բացասական, հերքող, ժխտող իմաստ է պարունակում։ Այս բառով եւ 2018-ի՝ այդքան փառաբանված իրադարձություններով, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը «Ոչ»-նչացրել են մեր ապագան, մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր երազանքները, Արցախի հարցի դրական լուծման հեռանկարը։ «Ոչ»-ն այս իշխանության սիմվոլն է՝ ավերի, կորուստների, զոհերի, ոչնչացման նկարագրությունը։ Եւ պատահական չէ, որ հենց այդ բառն են մեծատառով գրում եւ կարեւորում։