Իրենց պետք է միմիայն էքստարածքային հանգույց, որը դուրս կլինի Հայաստանի վերահսկողությունից

Իրենց պետք է միմիայն էքստարածքային հանգույց, որը դուրս կլինի Հայաստանի վերահսկողությունից

«Թուրք-ադրբեջանական ոհմակին պետք չի ճանապարհ Սյունիքում, իրենց նպատակն է ստանալ Հայաստանից էքստարածքային միջանցք, որը դուրս կլինի Հայաստանի վերահսկողությունից, և որը միջնաժամկետ պատմական կտրվածքով պետք է լիովին անցնի թուրքերի և ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Այս փաստը, որի մասին պնդում են գրեթե բոլոր խոշոր վերլուծական կենտրոնները` մասնակի հաստատեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Տեսեք ինչ է կատարվում, Բայրամովը հայատարարում է, որ Իրանը և Ադրբեջանը եկել են համաձայնության` առ այն, որ Իրանի տարածքով շատ շուտ կկազմակերպվի հարմարավետ և մշտական ճանապարհային կապ, Ադրբեջանի և Նախիջևանի միջեւ»,-ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Նրա կարծիքով, այդ կարգի հաղորդակցություն առկա էր անցյալում և Ադրբեջանը շուտվանից լուծել է Նախիջևանի հետ հաղորդակցության իր խնդիրը։ Իսկ եթե խոսքը գնում է Թուրքիա- Ադրբեջան ցամաքային հաղորդակցության մասին, ապա Վրաստանի տարածքով անցնում են չորս լոգիստիկ ուղիներ, որոնք կապում են Ադրբեջանը և Թուրքիան միմյանց հետ։ 

«Այսինքն, մենք տեսնում ենք, որ դասական առումով ադրբեջանցիներին և թուրքերին պետք չէ Սյունիքում ճանապարհ։ Իրենց պետք է միմիայն էքստարածքային հանգույց, որն իրենք հետագայում պարզապես գրավելու են` այս կամ այլ շինծու պատճառներով։ Այս գործընթացը լրիվ համապատասխանում է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակներին՝ մոտ ապագայում ունենալ ընդհանուր սահման։ Հիմա գուշակեք, թե որ պետության տարածքի հաշվին են այս երկու պետությունները պատրաստվում փաստացի միավորվել։ Իհարկե, Հայաստանի։ Ասեմ ավելին, պետք չէ լինել հանճար տարրական ճշմարտությունը հասկանալու համար, որ թե Թուրքիան, թե Ադրբեջանը դիտարկում են խաղաղության դարաշրջան հայկական իշխանությունների թրքահաճո կոնցեպտի իրագործման վերջնանպատակը, որպես Հայաստանի և Արցախի ապալեգիտիմացմանը և մասնատմանը ուղղված գործընթաց։ Այսինքն, բոլոր գործընթացները, որոնք այս իշխանությունները ներկայացնում են որպես կայունացման և խաղաղության տանող ճանապարհ, իրականում տանում է դեպի մասնատում, արհավիքներ և պատերազմ։ Ասեմ ավելին, իսկ դուք ձեզ հարց տվեք` ինչո՞ւ է Ադրբեջանը ռազմական ուժի կուտակումներ իրականացնում Հայաստանի սահմանին և օկուպացված հայկական տարածքներում՝ զուգահեռ իրականացնելով Ադրբեջանում քարոզչություն՝ ըստ որի Հայաստանի ամբողջ տարածքը պատկանում է իրենց։ Ախր, իրենց նպատակները թուրքերը և ադրբեջանցիները չեն թաքցնում։ Պետք է հասկանալ նաեւ, որ այս իշխանության ամբարտավան և աբսուրդային քաղաքականությունը՝ հանձնել ամեն ինչ՝ դիմացը ստանալով խաղաղություն, բերելու է Հայաստանի և Արցախի համար գոյաբանական խնդիրների կտուկ աճի»,-եզրափակեց Արման Աբովյանը։