Բանաստեղծությունը մեռնող արվեստ է

Բանաստեղծությունը մեռնող արվեստ է

Մարդուն առանց սադրելու չես կարող մոտեցնել արվեստին, եթե ինքը հենց արվեստագետը չէ: Դիցուք, «Այո»-ի լոգոն: Լոգոն ինքնին արվեստ չէ, բայց գրագողության փաստը նրան դրեց արվեստի մեջ: Պարզվեց՝ նրա իրական տարբերակն իսկապես գեղարվեստական արժանիքներ ուներ: Գրագողված տարբերակը ոչ մեկին նույնիսկ հետաքրքիր չէր, մինչեւ չպարզվեց, որ թռցրած է: Լա՞վ է, թե՞ վատ, երբ արվեստն առաջին պլան է գալիս միանգամից «դատավարության» ժամանակ: Այսինքն՝ այն ժամանակ, երբ ինքը «թաթախված» է մեղքի մեջ: Ըստ իս, լավ է, երբ ինքը թեմա չէ: 

Արվեստը միշտ անձնական հարցերի «պատասխան» է: Այսինքն՝ ինքը միշտ հարցի որակ է, ոչ թե պատասխան: Արվեստը քեզ տանջող հարցի գեղագիտությունն է: Չկա աշխարհում մի գիտություն, որը պատասխանի հոգու հարցերին: Արվեստը ֆիզիկա չէ, այն, ի վերջո, չի բացահայտելու, որ գոյություն ունի հակամատերիա, ու փակի: Հակամատերիան բնության մեջ չկա, մարդը կարող է այն երեւակայել, ցույց տալ նրա տեղը, այն կազմված է հակապրոտոններից եւ հականեյտրոններից, որոնք, համենայնդեպս, մեր Գալակտիկայում չկան: Բայց ֆիզիկոսները «գիտեն» նրա տեղը, այն Տիեզերքի տրամաբանության մեջ է: Արվեստն այդ «երեւակայությունների» հետեւողականությունը չունի, ինքն է ծնում իրեն: «Այո»-ի հեղինակներն իրենք չէին ծնել այդ լոգոն, գողացել էին: Ֆիզիկայոմ այդ գրագողությունը չկա, որովհետեւ Հիգսի բազոնը չես գողանա, այն կարող ես հայտնաբերել ու քաշվել մի կողմ: Գիտությունն այն կօգտագործի իրեն հայտնի ձեւով: 

Ընդհանրապես, արվեստը, գրականությունը՝ մասնավորապես, եւ, ինչպես Բրոդսկին է շարունակում, բանաստեղծությունը՝ հատկապես, հետաքրքիր ժամանակներ են ապրում: Այն «մեռնող» արվեստ է այն իմաստով, որ ամբողջությամբ կորցրել է իր խորհրդավորությունը, այն արդեն սադրանք է ուզում՝ «դիրքերը» վերականգնելու համար: Ինչպե՞ս գտնել այդ սադրանքը: Ըստ իս, դա խնդիր չէ, բանաստեղծություն «կարելի է» ստանալ ամեն ինչից: Բանաստեղծությունը միշտ մեկ աղբյուր ունի: 

Ըստ իս՝ այն եղել է մարդուց առաջ, եւ մարդը նույնպես եղել է բանաստեղծության բառ, եւ այդ իմաստով մարդը նույնպես կորցնում է իր որակը, ինչպես բառն է կորցնում, մարդը նույնպես կենդանության օրոք կարող է լինել նախկին, ինչպես՝ բառը: Բայց մարդը ծնվում է, ինչպես բառը՝ էության «ձեռքը» բռնած: Եթե ինքն արդեն բանաստեղծություն չէ, ոչ մի բանաստեղծություն նրանից ավելին չի ստանա: Բանաստեղծությունն այսօր «քաղաքական» ապաստան է փնտրում ընթերցողի մոտ, որը ոչնչով նման չէ մյուսներին: Մինչդեռ ընթերցողը նախկինը չէ, այն ավելի ու ավելի քիչ է զարմանում, այն արդեն իր մեջ կուտակել է բանաստեղծության բոլոր «սցենարները», ընթերցողն ինքն է արդեն բանաստեղծ: Այսօր չափազանց հարաբերական է բանաստեղծ լինելը եւ ավելի հարաբերական է բանաստեղծությամբ մարդամեջ դուրս գալը, մարդը գրում է հակափաստարկ եւ ոչ թե բանաստեղծություն, մի բանաստեղծությունը կարելի է կոտրել մյուսով, մեկով կարելի է խեղճացնել մյուսին: 

Պատճառներից մեկը, գուցե նույնիսկ պակաս հասկանալի թվամ, այն է, որ բառերն աղտոտվել են, բառերն իրենք իրենց որակը գտնելու խնդիր ունեն: Բառերը նույնպես մասնակից են համաշխարհային աղետներին, բառերին նույնպես չի հերիքում օդը: Բանաստեղծը, եւ այստեղ կուզեի հնարավորինս առանց մետաֆիզիկական ջանքերի ընկալվել, նոր աշխարհ չի կրում իր մեջ, շրջակա աշխարհն ամեն վայրկյան նոր է, բանաստեղծի «հումքը» դուրս է եկել իր միջից: Նա արդեն ունի համապատասխան բառեր, համապատասխան զգացումներ, համապատասխան ընթերցողներ: Բանաստեղծը քայլում է դեպի «որակյալ» fast food: Նրան հասկանալ կարելի է, մղումը կա՝ ինչ-որ բան ասելու, ոմանք գուցե դա ասում են առանց լուրջ հավակնությունների, բայց խնդիրն այն է, որ չկա մեկը, որն այլեւս չի ասում: Բառերը դարձել են փոխանցիկ, փոխանցիկ են նույնիսկ զգացումները: Եվ այս ընթացքն այլեւս կանգնեցնել հնարավոր չէ: 

Ի՞նչ է կատարվում: Իսկ կատարվում է այն, որ լեզուն փոխվել է, մինչ բառերը՝ ոչ: «Այո»-ի գողացված լոգոյի պատմությունը դա ցույց տվեց: «Այո»-ն մնացել է «Այո»: Ահա ինչու ամենալավ դիզայն առաջարկողներն այլ բան չկարողացան մտածել, քան եղածը կրկնել՝ այն տարբերությամբ, որ այս մեկի միջից ընդհանրապես հանեցին առաջինի ամբողջ տրամաբանությունը: Եվ այդքանով հանդերձ, ուժեղագույնն էին՝ առանց իրենցն ավելացնելու: Բանաստեղծության հիմնական աղբյուրը՝ ինքդ քո ներսում գտնում ես վաղուց ասվածը: Եվ քեզ ամենաիսկական խայտառակությունից փրկում է նորին գերազանցություն Ֆեյսբուքը, որտեղ բոլոր լեզուները, բոլոր զգացումները, բոլոր հեգնանքները, բոլոր ձախողումները, ուղղակի անհավակնոտ հանճարի ամբողջ ազատությունը հնարավոր են: Մենք ինքներս էլ չնկատեցինք, թե ինչպես արտահայտչականությունն ազատ արձակելով՝ մենք բանաստեղծությունը մղեցինք մի անկյուն, որտեղ այն իր նախկին հմայքից ոչինչ չի կորցրել, ուղղակի այդ հմայքն այլեւս նախկինը չէ: Որովհետեւ աշխարհի «հավանելու» գործիքները փոխվել են, բանաստեղծությանը՝ ոչ: 

Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ

Լուսանկարը` media.am-ի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ