Մեհրիբան Ալիեւան հովանավորյալին տանում է իշխանությու՞ն

Մեհրիբան Ալիեւան հովանավորյալին տանում է իշխանությու՞ն


Ադրբեջանի ReAL ընդդիմադիր շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը սոցիալական ցանցի իր էջում սենսացիոն գրառում է արել: Ըստ այդմ, նախօրեին նա հրավիրվել է նախագահ Իլհամ Ալիեւի  քաղաքական ուժերի հետ կապի հարցերով օգնականի մոտ: Տեղի է ունեցել տեւական առանձնազրույց, որը ,,ճանաչողական բնույթի էր,,: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները: Ադրբեջանում ներքաղաքական լարվածության համատեքստում այս տեղեկատվությունը կարող էր եւ արտառոց չթվալ, եթե չլիներ մի կարեւոր հանգամանք: Բանն այն է, որ Իլգար Մամեդովը մի քանի տարի առաջ երկարաժամկետ ազատազրկման էր դատապարտել՝ զանգվածային անկարգություններ հրահրելու միջոցով իշխանությանը բռնությամբ տիրանալու ծանրագույն մեղադրանքով: Եւ չնայած միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան ճանաչել էին խղճի կալանավոր, իսկ ՄԻԵԴ-ը՝ կայացրել բանտարկությունից անհապաղ ազատ արձակելու եւ բարոյական ու նյութական վնասը փոխհատուցելու որոշում, Ադրբեջանի Գերագույն դատարանը մերժել էր Մամեդովի գործի վերանայումը:

Անցյալ տարեվերջին, սակայն, Մամեդովն ազատ արձակվեց եւ հայտարարեց, որ շարունակելու է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Այդ ժամանակ ադրբեջանական քաղաքական վտարանդիության աղբյուրները տեղեկացրին, որ Մամեդովին բանտից բառիս բուն իմաստով ,,դուրս է քաշել,, Մեհրիբան Ալիեւան: «Թուրանի» փորձագետներն ուսումնասիրել են նորընտիր խորհրդարանի կազմը եւ եզրահանգել, որ 121 ընտրված պատգամավորից 75-ն Իլհամ Ալիեւի,  36-ը՝ Մեհրիբան Ալիեւայի թիմից է: Ընդսմին, նրանք արձանագրել են, որ 2005թ. խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ Իլհամ Ալիեւը Միլլի մեջլիսում չի ունենա սահմանադրական մեծամասնություն: Իշխող տպավորություն կա, որ չորս ընտրատարածքներում, որտեղ քվեարկության արդյունքները ԿԸՀ որոշմամբ չեղյալ են հայտարարվել, պատգամավոր կընտրվեն Մեհրիբան Ալիեւայի թիմի ներկայացուցիչները:

Այս համատեքստում ReAL շարժման առաջնորդի եւ Իլհամ Ալիեւի օգնականի բանակցություններից  տպավորությունն այն է, որ Մեհրիբան Ալիեւան փորձում է թիմակիցների համար դեպի իշխանություն ճանապարհ հարթել: Հնարավոր է, դա տեղի է ունենում իշխող զույգի միջեւ պայմանավորվածությամբ: Եւ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանում էվոլյուցիոն իշխանափոխության գործընթացը մեկնարկած լինելու մասին փորձագիտական գնահատականներն իրականությունից այնքան էլ հեռու չեն: