Վստա՞հ եք, պարոն վարչապետ, որ առողջապահության ոլորտում կոռուպցիա չկա, ոչ

Վստա՞հ եք, պարոն վարչապետ, որ առողջապահության ոլորտում կոռուպցիա չկա, ոչ

Դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանը զանգահարել էր «Հրապարակի» խմբագրություն և խնդրել, որ վարչապետ Նիկոլ  Փաշինյանին փոխանցենք իր, ըստ էության, բաց նամակը, որը լի էր բազմաթիվ հռետորական հարցերով՝ ո՞ր ինչ, ինչո՞ւ համար և այլն։

 «Ես կխնդրեի, որպեսզի պարոն վարչապետը ուշադրություն դարձներ առողջապահության համակարգին, քանի որ պարոն վարչապետը մինչև այս իշխանափոխությունը խոստացավ, որ որ նախորդ իշխանությունների հետ համեմատած առողջապահության ոլորտը, եթե ոչ ամբողջությամբ, բայց մասնակի բարելավվելու է։ Բայց ես պետք է փաստեմ հետևյալը․ պարոն վարչապետ, Դուք նշում էիք, որ կոռուպցիան վերանալու է, արդյոք Դուք վստահ եք, որ այսօր առողջապահության համակարգում կոռուպցիա չկա։ Կարող եմ Ձեզ վստահեցնել, որ ոչ, բոլոր պետական հիմնարկներում ու հիվանդանոցներում և հատկապես պետպատվերով բուժվող հիվանդները ինչպես առաջ, այնպես էլ հիմա տանում և բժշկին վճարում են։ Երկրորդ․խոսվում էր, որ  ժողովրդի համար կլինի ապահովագրության, բայց հարց՝ տարի ու կես է՝ նոր իշխանություն է, կա՞ ապահովագրություն։ Ոչ։ Երրորդ․ խոսատցել էիք, որ ծառայությունների որակը կբարձրանա․ հարց՝ որակը բարձրացե՞լ է։ Ոչ։ Հարց՝ հերթերը հիվանդանոցներում պետպատվերի համար պակասե՞լ են, թե ոչ։ Ոչ։ Եվ բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է վերանային, առ այսօր ոչ մի բան առողջապահության համակարգում դեպի լավը չի փոխվել։ Հակառակը․ քանի որ բյուջեն շատացել է, շատացել է նաև առողջապահության համակարգում։ Բայց հարց՝ ո՞նց է բաշխում առողջապահության համակարգն այդ պետպատվերները։ Ըստ իս՝ բաշխում է իր ցանկությամբ․ ում ուզում է, շատ է տալիս, ում ուզում է՝ քիչ։ Իր նախկին հիմնարկը՝ «ՄԻԲՍ»-ը, որտեղ ինքը տնօրեն է պետպատվերը 25 միլիոնից բարձրացրել է 50 միլիոնից ավել։ Ինչո՞ւ։

(Մենք տպագրել էինք, որ ՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի գլխավորած «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնին, պետական պատվերի շրջանակներում,  նախորդ տարվա համեմատ, այս տարի տրամադրվել է շուրջ երեք անգամ ավելի գուրմար։ 2018թ-ին այն կազմել է 25 148 մլն, իսկ 2019թ-ի հունվարին այն գերազանցել է կրկնակիի շեմը, իսկ 2019թ-ի օգոստոսին՝ եռակիի շեմը՝ հասնելով 86 934 մլն-ի։ Համեմատության համար նշենք, որ  «ՄԻԲՍ»-ին տրամադրված գումարները գերազանցում են առողջապահական հսկաներ  «Էրեբունի» և   «Արմենիա» հիվանդանոցներին)

Չորրորդ․ առողջապահության համակարգում մի քանի հիմնարկ մտան սեփականաշնորհման ցանկի մեջ և նոր կառավարության օրոք այդ ցանկը չփոխվեց և ուղղակի նախարարը հանեց Առողջապահության ազգային ինստիտուտը։ Դա իրեն պետք էր։ Դրանից հետո, նպատակը, կարծում եմ  դա էր, փոխեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենին։ Տնօրենին փոխելով՝ դրա վիդեոն էլ բոլորը, երևի թե տեսան։ Ինչևէ․ մինչև իր գնալը ուղարկում է իր տեղակալին և աշխատակազմի ղեկավարին՝ Տանանյանին ասում են՝ դիմում գրիր, մենք էլ մեծարման երեկո կկազմակերպենք, հետո, երբ նա հրաժարվում է, ազատում է։ Ուզում եմ ասել, որ նոր բարքերը նույն ձևի շարունակվում են։ Հիմա ինչի մասին է խոսքը․ երեկ Ազգային ժողովում ես տեսա, որ պարոն Թունյանը հարց տվեց նախարարին այն մասին, որ Մաշկավեներական դիսպանսերը սեփականշնորհման ցուցակի մեջ է, և նա հարց է տալիս, ասում է՝ է՝դ հիմնարկը բեռ չի պետբյուջեի համար մեկ և երկրորդ՝ ինքն իրենով իրեն պահում է, իմաստը ո՞րն է սեփականաշնորհման։ Կամ՝ այդ ում համա՞ր է սեփականաշնորհումն արվում։ Նախարարը ասաց, որ մի կազմակերպություն կա՝ Medline, որը, ի դեպ, կրկին՝ նախորդ նախարարի ժամանակ է մտել ցուցակի մեջ: Ասաց՝ այդ բուժկենտրոնն է ներկայացրել հայտ, երևի էլի կլինեն։ Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ եք սեփականաշնորհում այդ հիմնարկը։ Բժշկական համալսարանն այդտեղ ամբիոն ունի, այդտեղ օրդինատուրա է անցնում, ուսանողները սովորում են, սեփականաշնորհում եք, որ ի՞նչ լինի։ Որպեսզի մենք նեղ մասնագիտական նման հիմնարկ չունենա՞նք Հայաստանում։

Երևի այդտեղ ինչ-որ ցանկություննե՞ր կան կամ չգիտեմ ինչե՞ր կան, որ ուզում են սեփականաշնորհել։ Եվ ինչն է հետաքրքիր, որ նախարարն ասում է՝ դե, եթե դուք Ազգային ժողովում որոշում եք չսեփականաշնորհել, խնդիր չեմ տեսնում, մի՛ սեփականաշնորհեք։ Այդ ժամանակ ես այդ հիմնարկը կղեկավարեմ և ժամանակակից հիմնարկի կվերածեմ։ Հիմա հարց՝ եթե դու կարողանում ես ստեղծել ժամանակակից հիմնարկ, ինչի՞ համար ես սեփականաշնորհում։ Սա մեկ և երկրորդ՝ ինքը հարցնում է պատգամավորներին, որ եթե բժշկի դիմելու լինեն, ապա ո՞րտեղ կդիմեն՝ պետակա՞ն հիվանդանոց, թե՞ մասնավոր ու պատասխանում՝ մասնավոր, ճիշտը մասնավոր հիվանդանոցն է։ Ախր, ա՛յ նախարար, չե՞ս մտածում, որ դրանով քեզ ես վարկաբեկում, որովհետև պետականի ղեկավարը դու ես։ Եթե ասում ես, որ ճիշտը մասնավորն է, ուրեմն՝ դու չես կարողանում քո ղեկավարած հիմնարկը էն մակարդակին հասցնես, որն ունի մասնավորը։ Ճիշտ է ինքը ասում, իր ղեկավարած պետականը ավելի վատն է, քան մասնավորը, որովհետև նա չի կարողանում ղեկավարել։ Ուղղակի չի կարողանում։

Ի՞նչ է կատարվում մեր մարզերում։ Սարսափելի վիճակ, նեղ մասնագետ բացարձակապես չկա։ Մասնավոր ե՞ս ուզում, նախարա՛ր, խնդիր չկա՝ առաջարկիր, թող տեղ տան, մասնավոր հիմնարկ ստեղծեն։ Բժշկական համալսարանի հետ պայմանավորվեք, պետպատվեր իջեցրեք ուսանողների համար, թող վերապատրաստվեն, պայմանագիր ստորագրեն և գնան մարզերում աշխատեն։ Եվ մարզպետների հետ էլ համագործակցի, որպեսզի մարզպետներն էլ  նրանց համար ապրելու տեղ ապահովեն, ինքն էլ նրանց բարձր աշխատավարձ տա։ Ընդհուպ ասեմ, որ մարզում աշխատող նեղ մասնագետները պետք է ստանան անհամեմատ բարձր, քան մայրաքաղաք Երևանում։ Եվ  կարելի է  նաև, որ որպես  կառավարության կողմից քայլ, մարզում աշխատող բժիշկներին վարկ տրամդրվի, չնչին, ասենք՝ 3 տոկոսով, որպեսզի այդ աշխատողները խթան ունենան մարզում աշխատելու, փորձեն այնտեղ տուն գնել։ Ի վերջո, այս առողջապահությունը մարզերում պե՞տք է զարթնի, թե ոչ։  Բոլոր հիվանդները միայն՝ Երևան, Երևան, Երևան։ 

Այստեղ պետպատվերով են անում  հետազոտությունները՝ համակարգչային շերտագրում, «Յամեռ» և այլն։

Նախ․ հաշվարկ սխալ են արել, ինքնարժեքից ցածր են արել՝ 25 հազար դրամ սահմանելով։ Այ մարդ, դրա արժեքը 40 հազար դրամ է։ Եվ այդտեղ էլ մի այլ կարգի հերթեր են։ Ինչպե՞ս կարելի է։ Բա մարդը մարզից եկել է, հասել է Երևան և իրեն ասում են՝ կհերթագրենք, մի ամսից, երկու, նոր կհետազոտվես։  Այն, որ որ հերթերը շատ են, դրանում իր պատճառն ունի այն, որ մեր բժիշկները մի սովորություն ունեն, ո՞վ գալիս է, ասում է՝ գլուխս ցավում է, ասում է՝ գնա «Յամեռ»  արա։ Որովհետև պրոտոկոլ չկա։ Էդքան ասացին ու գրեցին, որ պետք է պրոտոկոլներ գրվեն՝ որ հիվանդությունը ոնց պետք է բուժվի, որը որից հետո, բայց ոչ գրեցին, ոչ էլ։ Ավելի ճիշտ՝ ոչ թե գրեցին, այլ ամերիկյան  և եվրոպական պրոտոկոլներից թարգմանեցին։ Այն էլ շատ անորակ ու ավելին՝ դրանք չհամապատասխանցրին Հայաստանում առողջապահական առկա իրավիճակին։ Դրա համար էլ, բժիշկները դրանցից ոչ օգտվում են, ոչ էլ։