Նարեկ Թոփուզյան. Մանուկ Հիսուսով Աստվածածինը

Նարեկ Թոփուզյան. Մանուկ Հիսուսով Աստվածածինը

Հայտնի իրողություն է՝ վկա լինելը մի բան է, վկայություն տալը՝ մեկ այլ, ու թեեւ վկայություն տալուց հաստատապես կհրաժարվեն, բայց վկա են գոյության մի քանի կոպեկներն Արոյին մերժած վերջին գործատերերը՝ Արոն նախորդ ազատումից հետո իր էդ մի քանի կոպեկն արժանապատիվ կերպով վաստակելու համար ոչինչ չխնայեց՝ մտադրվեց ասֆալտ փռող ճանշինի բանվորի արեւառ մաշկի մեջ մտնել, տրվեց մասնավոր ֆերմերական տնտեսություններին՝ սեզոնային հավաքչություն անելու, մի քանի անգամ ֆայլաբազարում կանգնեց, նույնիսկ Նուբարաշենի խոզանոցում թրիք մաքրելու հայտ ներկայացրեց, բայց չհաշված ֆայլաբազարի մեկերկու մի քանի ժամանոց համբալությունը, որ Արոն սրանրա տանն արեց, արդյունք չեղավ՝ ոչ ոքու Արոն պետք չեկավ, նույնիսկ՝ խոզանոցին:

Իրեն մերժված մի քանի կոպեկներից ու այն բանից հետո, երբ Արոն ձեռքը մտցրեց հին պենջակի ծոցագրպանն ու այնտեղից դուրս բերեց գրպանի հին օրացույցը, նա ժամանակի սրընթաց արագությունից շշպռված՝ ձեռքի մեջ շուռումուռ տվեց օրացույցը. յոթանասունութ թվի օրացույց էր, ըստ դարձերեսին տպագրված տեղեկատվության՝ լույս տեսած ՀԼԿԵՄ վաթսունամյակի առթիվ: Էդ օրը, երբ մոռացված կամ միգուցե ենթագիտակցորեն խնամքով պահված օրացույցն ընկավ Արոյի ձեռքը, նա մտածեց, որ ժամանակները նենց արագ են գալիս-գնում, որ ռիթմից չընկնելու համար մարդկանց, անկասկած, պետք կգան ժամանակի համրման գործիքներ, հասանելի այնպիսի գործիքներ, որ ձեռքդ տանես պենջակիդ ծոցագրպանը, ու դրանք առանց այլեւայլությունների հայտնվեն ձեռքումդ:

Առեւտրի կետ բացելու, առուտուր անելու համար մեկնարկային կապիտալ է պետք՝ միլիոնը չլինի, հարյուր հազար, երկու հարյուր հազար հո պետք կլինի՞, լա՜վ, պետք եկածը թող տասը հազարը լինի: Տասը հազար քնձռոտ դրամի եղածն ի՞նչ է՝ Արոն էդ տասը հազարի հնարավորությունն էլ չուներ, բայց պենջակում ավելի քան երեսուն տարի անձեռնահուպ մնացած օրացույցի պես մի քանի օրացույց էստեղից առնել, էնտեղ վերավաճառել կարող է - միտք արեց նա՝ նայելով իր հին օրացույցի դարձերեսին: Միտքը նրան էնքան դուր եկավ, որ երեւակայությունն Արոյից առաջ ընկավ՝ այնպիսի օրացույց կգտնի, որ դրա դարձերեսին մանուկ Հիսուսով Աստվածածինը լինի: Հա, ինչո՞ւ չէ, քի՞չ մարդ կա, որ հանկարծ Աստծո գոտեպնդող ներկայության կարիքն է ունենում՝ պահ է, գրպանից կհանի, սրտում կուտակված ինչ կա-չկա, մանուկ աստծո նկարին կձոնի, կպաչի-կպաչպչի ու նորից հետ գրպանը կդնի, կամ քի՞չ մարդ կա, որ ձեռքին մոմ ունի, բայց նկար չունի, որ դիմացը վառի. մի տեղ պատին դեմ կտա ու մոմը կվառի, վերջացրե՞ց՝ նկարը նորից հետ գրպանը կդնի: Իր հնարամտությամբ ոգեւորված՝ Արոն գիշերը հազիվ լուսացրեց ու լուսացրեց, թե չէ, առաջին բանը, որ արեց՝ նետվեց իրեն հանդիպած առաջին իսկ խանութը՝ առնելու միտը եկած օրացույցերը: Արոն շատ պտտվեց իրեն հանդիպած օրացույցերի մերձակայքում, բայց մանուկ Հիսուսով Աստվածածնի օրացույց նրան ոչ մի կերպ գտնել չհաջողվեց՝ ասես աստծուն ծայրագույն հրովարտակով չեղյալ էին հայտարարել: Տեւական ժամանակ ցուցադրափեղկի կողքը պտտվելուց հետո, երբ վրա եկած վաճառողը լսեց խնդիրը, փռթկաց՝ ա՜յ տնավեր, պնդուկ դոշերով, գնդակ տուտուզով աղջկա օրացույց ասեիր, հասկանայիք, էս դարում ի՜նչ Մայրամ, ի՜նչ աստվածածին: Ծիծաղեց ու ճամփեց մոտակա տպարան, թե ուզածդ մինյակ տպարանում կգտնես, էն էլ՝ նախնական պատվերից հետո, եթե վրեդ նայող լինի՝ իհարկե:

Խաչմերուկների երթեւեկելի հատվածներում Արոն հայտնվեց՝ օրացույցերը խաղաթղթերի կապոցի պես ձեռքը բռնած: Սկզբից խաչմերուկներ էին, հետո խաչմերուկները մեկը դարձան` Արոն ընտրեց «Կինո-Հայրենիքի» խաչմերուկը, որովհետեւ էնտեղ լուսացույցի հետ սինխրոնացված թվատախտակը վարորդներին ստիպում էր դադար առնել հիսուն ու մի քիչ վայրկյանով: Արոն այլ խաչմերուկների փորձով իմացավ, որ վայրկյանների ավելի նվազ քանակությունը ոչ էնքան, բայց հիսուն վայրկյանը քիչ թե շատ բավարար է, որ նա մեքենաների շղթան բռնած՝ առաջին մեքենայից առաջանա մինչեւ վեցերորդը, յոթերորդը, բաց կամ կիսաբաց պատուհանից ներս հրի իր օրացույցերն ու մինչ լուսացույցի կանաչ լույսը վառվելը վերադառնա դեպի առաջին մեքենան եւ հետ վերցնի օրացույցը կամ օրացույցի գումարը, եթե հանկարծ կողմնորոշված որեւէ վարորդ ցանկանա գնել այն: Երբ Արոն առաջին անգամ ոտք դրեց խաչմերուկ, նրան թվաց, թե ամեն ինչ իր նախատեսածի պես պարզ պիտի լինի` նա պիտի պատուհանի էս կողմից օրացույցը մեկնի վարորդներին, իսկ նրանք տեղնուտեղը պիտի վճարեն դրա դիմաց եւ ուրախ-ուրախ թողնեն հեռանան, բայց երեւի… ոչ թե երեւի, այլ հաստատապես վարորդներին մինչ այդ նենց էին զզվացրել, որ բավական է նրանք տեսնեին օրացույցը ձեռքին դեպի իրենց փութացող Արոյին, որ փակեին մեքենայի պատուհանները, փակեին նույնիսկ այն դեպքում, երբ մեքենան սովետական է, այսինքն՝ ակնհայտորեն օդորակիչ չունի, իսկ շոգը գերազանցում է հանդուրժելիության բոլոր սահմանները: Ավտոմեքենայի փակ պատուհանը, բայց, արձագանքի միակ տեսակը չէր` պատահում էր Արոյին նկատեցին թե չէ, վարորդները զլում էին ձայնարկիչի ձայնը, կամ տեսան թե չէ, թեքում էին գլուխներն ու շվշվացնում նենց, ասես Արոն չկար, գոյություն չուներ, ու պատահում էր, որ Արոյի վրա ծիծաղում էին, վերցնում, օրացույցը դեմքին էին ծեփում կամ վերցնում ու առանց վճարելու քշում-գնում էին:

Այդպիսով պարզվեց, որ մանուկ Աստվածն իր մոր հետ շատ քիչ մարդու էր պետք, ու Արոն մտածեց, որ միգուցե Աստծո պահանջարկի այսպիսի աղետալի ցուցանիշների պատճառը գնի մեջ է, մտածեց՝ գինը, որ սահմանել է օրացույցի համար, չափից դուրս թանկ է նրան ծոցագրպանում զետեղելու համար, ու իջեցրեց դրա գինը` հինգ հարյուրից դարձնելով երկու հարյուր դրամ: Դա որ չօգնեց, Արոն սկսեց վարորդներին լեղաճաք անող պատմություններ հրամցնել էն մասին, թե ինչ աղետալի վիճակում են որդիքը, ապա խուլ-համր ձեւացավ, բայց գործն օրական երեք-չորս օրացույցից առաջ չանցավ: Վաճառքի նման ծավալների դեպքում վաղուց պետք էր հնչեցնել բոլոր ահազանգերը, բայց Արոն հուսահատվողներից չէր` ով գիտի տեսակն էր այդպիսին, կամ հուսահատվելու է՛լ տեղ չուներ, ուստի ամեն օր գալիս էր «Կինո-Հայրենիքի» խաչմերուկ, ընթացքն արգելող առաջին կարմիր վայրկյանից սկսած՝ վարորդներին իր օրացույցերը հրամցնելով առաջանում էր, ապա վերադառնում դեպի առաջին ավտոմեքենան այնպես, որ ընթացքն արտոնող առաջին կանաչ վայրկյանով հետ վերցնի օրացույցը կամ գումարը: Հիսուն վայրկյանն անցնելուն պես, երբ խաղաղ դադարի մեջ գտնվող մեքենաները հանկարծակի սկսում էին աշխուժանալ, Արոն փողոցի բանուկ հատվածից մարմինը քաշում էր դեպի մայթը, մինչեւ խաչմերուկը դատարկվի: Դատարկվեց թե չէ, նա կրկին վերադառնում էր խաչմերուկ ու հուսառատ հայացքը ճամփի խորքին հառած՝ սպասում մեքենաների հաջորդ խմբաքանակին: Արոն, մեքենաների հաջորդ խմբաքանակի սպասմամբ լի, այնպիսի խանդաղատանքով էր չափչփում ճանապարհի խորքերը, ասես փրկությունը գալու էր հաջորդ խումբ մեքենաների հետ, մինչդեռ մեկի տեղ՝ տասը, տասի տեղ՝ հարյուր խումբ մեքենաներ գալիս-գնում էին, իսկ վաճառվող օրացույցերի քանակը դրանցից չէր ավելանում, ասել կուզի՝ փրկությունը չէր գալիս: Ու օրացույց վաճառելով չէր գալու, չէր գալու, որովհետեւ ի՜նչ գրպանի օրացույց, բոլորեքյան օրացույց է․ հրեն՝ սեղանի օրացույց, պատի օրացույց, օրացույց հեռախոսի մեջ, օրացույց պլանշետի մեջ, օրացույց համակարգչի մեջ, ու այն էլ ի՜նչ օրացույց` մկնիկի անիվը պտտում ես, ու քեզ հետ է տանում ընդհուպ մինչեւ մանուկ Հիսուսի ծննդյան օրերը: Նման օրացույցից հետո մարդը գրպանի օրացույց որ ի՞նչ առնի, առնի՝ դրանով ի՞նչ անի:

Փրկությունը եկավ թրիքի հոտի հետ ու խոզանոցից առաջարկված աշխատանքով: Այդ փրկությանը նախորդած օրը, օրացույցերը խաղաթղթերի պես խառնելով՝ Արոն դուրս եկավ խաչմերուկ, որտեղ այնպիսի խցանում էր, որ դրա նմանը նա այստեղ գտնվելու ամբողջ ընթացքում չէր տեսել: Սկսեց նա, ինչպես միշտ, առաջին ավտոմեքենայից ու մանուկ Հիսուսով Աստվածածնի օրացույցերը բաժանելով, խորացավ խաչմերուկին հակառակ ուղղությամբ: Խցանման մեջ գտնվող տասնյակ վարորդներ այդ օրը երկար սպասեցին, մինչեւ բաց կամ կիսաբաց պատուհանից իրենց օրացույց հրամցրած մարդը վերադառնա ու հետ վերցնի օրացույցը, բայց նա այդպես էլ չվերադարձավ: 

2016թ. Նոյեմբեր

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ