Մի սիրո պատմություն․ Նա խոստացել էր, որ ես իր գրկում կմեռնեմ

Մի սիրո պատմություն․ Նա խոստացել էր, որ ես իր գրկում կմեռնեմ

Դժվար է պատկերացնել, որ Ֆրեդերիկ Շոպենն ու Ժորժ Սանդը կարող էին սիրահարվել միմյանց: Նրանք չափազանց տարբեր էին. փխրուն ու վտիտ երիտասարդ` ասպետական շարժուձեւով, եւ վճռական մի կին` տղամարդու կոստյումով, մշտական ուղեկից սիգարով: Չնայած այդ տարբերություններին` նրանց սիրավեպը տեւեց 10 տարի, արդյունքում ստեղծվեցին անկրկնելի գործեր. Շոպենը գրում էր երաժշտություն, Սանդը` գրքեր:

Այս ի՞նչ անդուր կին է

Նրանց ծանոթության ժամանակ Սանդն արդեն ուներ հարուստ կյանքի փորձ: Երեսունն անց Ամանդինա Ավրորա Լյուսիլ Դյուպենն արդեն հասցրել էր ապրել կանանց մենաստանում, ամուսնանալ, որդի ու դուստր ունենալ, հետո թողնել ամուսնուն, սիրեկանի ետեւից գնալ Փարիզ եւ մի քանի վեպ գրել տղամարդու կեղծանվամբ` «Ժորժ Սանդ»: Իսկ Շոպենը դեռ երեսուն տարեկան չկար: Վիրտուոզն արդեն համերգներով  եղել էր բազմաթիվ երկրներում: Մինչ Սանդին հանդիպելը Շոպենի նշանածը լքել էր նրան: Երբ նրանք առաջին անգամ հանդիպում են իրենց ընդհանուր ծանոթի տանը` բարձրաշխարհիկ երեկոյի ժամանակ, Շոպենը նվագում էր հյուրերի համար: Տանտիրուհին որոշում է ծանոթացնել երկու ստեղծագործող անհատականություններին: Շոպենը չի կարեւորում այդ հանդիպումը: Իսկ հետո հարցնում է ծանոթներին. «Այս ի՞նչ անդուր կին է, Ժորժ Սա՞նդ: Իսկ, ընդհանրապես, նա արդյո՞ք կին է»: Նուրբ շարժուձեւով երիտասարդին ապշեցրել էին Սանդի ազատատենչ պահվածքը եւ տարբերվող արտաքինը, ով ոչ միայն կրում էր տղամարդու կոստյում, այլեւ կոստյումը զուգակցել էր կոպիտ, երկարաճիտ կոշիկներով, գլխարկով ու սիգարով: Իսկ Սանդն անմիջապես նկատել էր երիտասարդ երաժշտին:

Մեղրամի՞ս…

Սանդն ու Շոպենը հաճախ էին հանդիպում տարբեր բարձրաշխարհիկ միջոցառումների ժամանակ: Սանդի հետ շփվելուց հետո Շոպենը փոխում է կարծիքը նրա մասին: Որոշ ժամանակ անց զույգն սկսում է հանդիպել` սկզբնական շրջանում թաքուն: Մի քանի ամիս անց նրանք սկսում են միասին ապրել, իսկ 1838-ին մեկնում Մայորկա` ձմեռելու, Սանդի երեխաների հետ` որպես մեկ ընտանիք: Այդ ընթացքում Շոպենը, ով մանկուց ուներ տուբերկուլյոզ, տանջվում էր հազի նոպաներից, մինչդեռ զույգը հույս ուներ, որ մեղմ կլիման կնպաստի Շոպենի կազդուրմանը: Սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը. Իսպանիայում երաժշտի վիճակն ավելի է վատանում: Սանդը նրան գիշեր-ցերեկ խնամում էր: Շուտով բնակարանի տիրուհին իմանում է Շոպենի հիվանդության մասին: Այն ժամանակվա կանոնների համաձայն` այն բոլոր առարկաները, կահույքը, որոնց դիպել էր հիվանդը, պետք է այրեին:

Բնականաբար, այդ ամենի համար Սանդն ու Շոպենը ստիպված են լինում վճարել: Նրանց վռնդում են փողոց, ինչից հետո ոչ ոք չի համաձայնում ընդունել տուբերկուլյոզով հիվանդ Շոպենին, եւ զույգը ստիպված հաստատվում է մենաստանում: Սրանով փորձությունները չեն ավարտվում: Երբ նրանք ցանկանում են վերադառնալ Փարիզ, նավերը հրաժարվում են  տեղափոխել: Բազմաթիվ անհաջող փորձերից հետո նրանց վերջապես հաջողվում է մի կապիտանի համոզել: Հանճարեղ կոմպոզիտորին, փայլուն գրողին ու երկու երեխաներին տրամադրում են նավի վատագույն հատվածը` խոզերի հարեւանությամբ: Ինչպես հետո Շոպենն է ասում, այդ խոզերի տեղն իրենց տեղից մի քանի անգամ ավելի լավն էր: 

Երեխաները դեմ էին

Վերադառնալով Ֆրանսիա` «ընտանիքը» հաստատվում է Սանդի կալվածքում: Սակայն այստեղ նույնպես նրանք երջանիկ չէին: Շոպենն էլի հիվանդ էր, Սանդի որդին խանդում էր, իսկ դուստրը Շոպենին տրամադրում էր մոր դեմ: Հարաբերությունները գնալով վատանում էին, եւ Շոպենը չդիմանալով՝ 1847-ին հավաքում է իրերն ու հեռանում: Սանդը չի կանգնեցնում նրան:

Սկզբնական շրջանում նրանք իրար նամակներ էին գրում, սակայն Սանդի դուստրը Շոպենին պատմում էր մոր դավաճանությունների մասին: «Ես գերադասում եմ Ձեզ տեսնել թշնամու ճամբարում, քան պաշտպանվել այն հակառակորդից, ով իմ կրծքի կաթով է սնվել»,- գրում է Ժորժը Շոպենին:
Շուտով դադարում են նաեւ նամակները: Վերջին անգամ նրանք հանդիպում են պատահականորեն՝ կոմպոզիտորի մահից մեկուկես տարի առաջ: Շոպենը չի խոսում նախկին սիրեցյալի հետ, սակայն մինչեւ կյանքի վերջը պահպանում է ջերմ հարաբերություններ նրա դստեր հետ: Շոպենը մահանալիս հիշում է Սանդին. «Նա խոստացել էր, որ ես իր գրկում կմեռնեմ»:

Շոպենից հետո

Ժորժ Սանդի վեպերից մեկում` «Լուկրեցիա Ֆլորիանի», Լուկրեցիան հենց ինքը` գրողն է, իսկ վեպի եսասեր երիտասարդը, ում նա այդքան սիրում էր եւ հանուն որի մահացավ, հիշեցնում է Շոպենին: Շոպենի մահից հետո Սանդի կյանքում միայն մի տղամարդ եղավ, ում հետ նա ապրեց մինչեւ կյանքի վերջին տարիները:
Շոպենի համար բարդ էր էպոտաժային Սանդի հետ հարաբերություններում, սակայն բազմաթիվ կենսագիրներ միակարծիք են` հենց այդ տարիներին է Շոպենը գրել իր լավագույն ստեղծագործությունները: Նրանց հարաբերությունները տեւեցին շուրջ տասը տարի` երկուսին էլ բերելով շատ տառապանքներ: Թերեւս երջանիկ ամուսնությունն ու խաղաղ ընտանեկան կյանքը չափազանց բարդ հասկացություններ էին մեկ տանիքի տակ ապրող երկու հանճարի համար: Իսկ նրանց սիրավեպի մասին հիշում են մինչ օրս, թեեւ անցել է շուրջ երկու հարյուր տարի:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ