Ընդդիմության երրորդ տարբերակը

Ընդդիմության երրորդ տարբերակը

Մեր օրը երկու հավասար կես ունի, ոչ թե ցերեկ եւ գիշեր, այլ՝ իրականություն եւ երազ: Երազը Նիկոլն է եւ իր քաղաքական թիմը, իսկ իրականությունը հասարակությունն է եւ Ազատության հրապարակում հավաքվող ու փողոցներում երթ անող մարդիկ: Իրականությունը՝ ընդդեմ երազի: Նիկոլը եւ իր քաղաքական թիմն այնքան կապ ունեն հրապարակի ու փողոցի այդ մարդկանց եւ երկրի մնացած հասարակության հետ, որքան երազը իրականության հետ: Երազային վիճակներում գտնվող Նիկոլը ասում-խոսում է, կատակներ անում, վեց ամսվա, երեք տարվա, երեսուն տարվա ծրագրեր ներկայացնում, որին հավանություն են տալիս իր կառավարության անդամները, բայց չի լսում փողոցի, հրապարակի, երկրի հասարակությանը եւ չի ապրում դրա մեջ, որովհետեւ դա երազ է:

Ավելի ստույգ՝ անդրաշխարհի մեռյալների հոգիներն են խոսում, իրենց ստվեր կյանքը կառուցում, որը որեւէ կերպ չի հասնում եւ չի առնչվում երկրի վրա ընթացող ժամանակին, մեր հոգսերին ու խնդիրներին: Մի տարբերություն կա․ մեռյալների ձայնը ուղիղ չի հասնում երկիր, բայց այս դեպքում ողջերս անընդհատ լսում ենք մեռյալների ձայնը, եւ դա վախեցնում է մեզ: Մենք չենք ուզում լսել, ուզում ենք լռի, որովհետեւ մեր ժամանակը դառնում է անդրաշխարհի ժամանակ: 

Իսկ փետրվարի 20-ին, ձյան ու ցրտի պայմաններում, Ազատության հրապարակում ընդդիմության կոչով հավաքված 25-30 հազար մարդիկ իրենց իրականությամբ որեւէ կերպ չեն կարողանում թափանցել իշխանության երազի աշխարհ կամ անդրաշխարհ: Եթե անգամ տասնապատիկը հավաքվի, միեւնույն է, Նիկոլն իր երազի մեջ է մնալու, թե որեւէ արտառոց բան չի պատահել երկրում, որ կռիվ-կռիվ էր` խաղացինք պրծանք, հիմա էլ ուրիշ խաղ ենք խաղում` վազոցի-բռնոցի: Այս վերջինը հմուտ կերպով են խաղում, պարբերաբար ոստիկանները բերման են ենթարկում ակտիվիստներին, գործեր հարուցում եւ նման տղայական խաղեր տալիս: Իսկ Չաուշեսկուի եւ կնոջ գնդակահարության բեմականացումը կանխվեց: Եթե Թումանյանի հեքիաթներից որեւէ մեկը փորձեին բեմականացնել, դարձյա՞լ կանխվելու էր: Ի՞նչն էր պատճառը, որ Չաուշեսկուի եւ կնոջ դատաստանի բեմականացման փորձն այդպես արգելապատնեշի հանդիպեց, եթե մեր երկրում չկան դրա հասցեատերերը, կամ իրենց չէին տեսնելու բեմական տիկնիկների տեղում: 

Ընդդիմությունն իր քայլերի մասին է տեղեկացնում, թե քաղաքներում ու գյուղերում ստեղծել է կոմիտեներ կամ կոորդինացնող խմբեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ողջ հասարակությանը կազմակերպված ոտքի հանել եւ կաթվածահար անել երկիրը: Նույնը 2018-ի ապրիլին Նիկոլն էր հայտարարում Ֆրանսիայի հրապարակում: Բայց ընդդիմությունը վստահ չէ, որ անգամ այդ դեպքում Նիկոլը կհեռանա իր թիմով: Սերժը գնաց, որովհետեւ գիտեր, որ իշխանությունից բացի այլ բան չունի հանձնելու, իսկ Նիկոլը գիտի, որ իշխանությունը հանձնելով` իրեն է հանձնելու:

Ընդդիմությունն ունի նաեւ պլան Բ, այն է` կայծակնային արագությամբ ապստամբելով՝ վերցնել իշխանությունը: Բայց այստեղ էլ կասկածում է, որ Նիկոլը կթաքնվի բունկերում եւ այնտեղից կկազմակերպի սեփական անձի պաշտպանությունը ուժային կառույցների միջոցով: Բացառված չէ, որ այս դեպքում նոր եւ ավելի ծանր մարտի 1 լինի, որի միջով արդեն անցել է Նիկոլը: Իսկ ո՞րն է ընդդիմության երրորդ տարբերակը. գուցե ճնշում գործադրելով բանակցել եւ հասնել շուտափույթ արտահերթ ընտրությունների՞: Ի՞նչը կպոկի Նիկոլին աթոռից, կսթափեցնի երազից, դուրս կբերի անդրաշխարհից: Սա բարդ մաթեմատիկական խնդիր է, որն առայժմ չունի լուծում: 

Հուսիկ Արա