Պետության մոնոպոլ իրավունքն ու Անդրանիկ Քոչարյանը

Պետության մոնոպոլ իրավունքն ու Անդրանիկ Քոչարյանը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատությանը» տված իր վերջին հարցազրույցում հայտարարեց, որ ժողովրդական անհնազանդության դեպքերում, օրինակ՝ շենք-շինություններ գրավելու, պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու: Անդրանիկ Քոչարյանի հետ վիճելու ոչ մի ցանկություն չունեմ, բայց կուզենայի մի քանի հարց ուղղել նրան ասածի կապակցությամբ: Սկսեմ նշված հայտարարությունից՝ պետությունն ունի կրակելու մոնոպոլ իրավունք: Սա, իհարկե, ոզնուն էլ է հասկանալի: Կրակելու մոնոպոլ իրավունք ունի նույնիսկ անհատ իրավապահը՝ չսպասելով, որ պետությունը հրամայի կրակել: Եվ ուրեմն ի՞նչն է ինձ զարմացնում Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մեջ:

Միանգամից պատասխանեմ՝ դա Անդրանիկ Քոչարյանի անձն է: Պետության այդ մոնոպոլ իրավունքի մասին խոսում է մի մարդ, որ, լինելով Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանին եւ մյուս խռովարարներին գոնե մեկ անգամ չի հանդիմանել պետության անվտանգությանն սպառնացող նրանց քայլերի համար եւ չի հիշեցրել նման դեպքերում պետության մոնոպոլ իրավունքի մասին, այն է՝ կրակելու: Իսկ հիմա, երբ Քոչարյան Անդրանիկն իշխանություն է, այդ մասին հիշեցնում է փողոց դուրս եկած ընդդիմությանն ու վերջինիս հետեւող հանրությանը: Իսկ ո՞ւր մնաց քաղաքական, տեղ-տեղ էլ պետական գործչի սկզբունքայնությունը, պարոն Անդրանիկ Քոչարյան, ո՞ւր մնաց հարցադրումը՝ ինչո՞ւ է ժողովուրդը փողոցում, որո՞նք են ընդդիմության առաջնորդների, այդ թվում եւ Վազգեն Մանուկյանի կոշտ, իսկ ես կասեի՝ մի բան էլ փափուկ, հայտարարությունների պատճառները: Պատճառների մասին Քոչարյան Անդոն լռում է…

Իսկ հիմա մի փոքրիկ էքսկուրս դեպի պատմության ոչ հեռավոր խորքերը, երբ Անդրանիկ Քոչարյանը Շիրակում եւ հատկապես երկրաշարժից ավերված Գյումրիում ձիով էր ման գալիս: Գյումրեցիները «սիրով» են հիշում այդ օրերն ու հետաքրքիր պատմություններ պատմում Շիրակում ՀՀ նախագահի հատուկ հանձնակատարի մասին: Հավատաս գյումրեցիներին՝ «քաղքի ժողովուրդը» Կումայրիի ժամանակներից այնպիսի թալան չի տեսել, ինչպիսին տեղի ունեցավ Անդրանիկ Քոչարյանի «տեղապահության» շրջանում:

Բայց հիմա, ինչպես ասում են, այս հարցերը վեր հանելու ժամանակը չէ: Ո՞վ է տեսել պատերազմում ջախջախված, հսկայական տարածքներ կորցրած, տասնյակ հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերիներ եւ վիրավորներ տված երկրում զբաղվեն մի այնպիսի ճղճիմ բանով, ինչպիսին Անդրանիկ Քոչարյանի մակարդակով կազմակերպված թալանն է: Նման բաներով երեւի թե պետք է զբաղվել խաղաղության օրերին, մանավանդ, որ մենք՝ հայերս, հիշողությամբ այնքան էլ աչքի չենք ընկնում եւ շատ արագ ենք մոռանում վատ բաները: Այդ հանգամանքից օգտվելով էլ՝ Քոչարյան Անդրանիկը «Ազատությանն» ասում է, որ կարիք չկա պատերազմից անմիջապես հետո երկրի ներսում դավաճաններ փնտրել: Նա խորհուրդ է տալիս դա թողնել ապագային: Ինչո՞ւ… Մի՞թե միայն այն բանի համար, որ տաք հետքով ոչինչ չբացահայտվի, չիմանանք, թե այս կասկածելի պատերազմում ով՝ ինչ է արել մեր երկրի ու ժողովրդի գլխին այսպիսի ողբերգություն բերելու գործում:

Մի բան պատմեմ Քոչարյան Անդոյին: Ուրեմն համալսարանի դասախոսներից մեկը, երբ մի գիրք կարդացած չէինք լինում, հանդիմանում էր. «Բա որ մինչ օրս այդ գիրքը չես կարդացել, ե՞րբ ես կարդալու, էն կյանքո՞ւմ… Իսկ չէ՞ որ էն կյանքն էլ իր գրքերն ունի…»: Միտք բանին սա է՝ եթե 90-ականների այլանդակություններին մենք գնահատական տայինք, մարտի 1 չէինք ունենա, եթե Անդրանիկ Քոչարյանը մարտի 1-ի այլանդակությունները չկոծկեր, 2018թ. թավշյա խայտառակություն չէինք ունենա, եթե թավշյա խայտառակության էությունը չթաքցվեր, այսպիսի ծրագրված պարտություն չէինք ունենա, եթե Քոչարյան Անդոյի գլխավորած Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն իսկապես զբաղվեր Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ, ապա այսօր Քոչարյան Անդոյին գուցե սիրով առաջարկեինք ուսումնասիրել նաեւ 44-օրյա պատերազմի հանգամանքները: Եվ լսելով Քոչարյան Անդոյի հարցազրույցը, ես հասկացա, թե ինչ իմաստուն մարդ էր մեր դասախոսը: Այո, ամեն նոր իրավիճակ իր գրքերն ունի, եւ, որպեսզի այդ գրքերի բովանդակությունը հասկանաս, պետք է նախորդ իրավիճակի գրքերն էլ կարդացած լինես:

Եվ ավարտեմ «ֆեյքերի» մասին մի փոքրիկ ակնարկով՝ դարձյալ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցի հետ կապված: Ինչ է ասում նա: Ասում է, որ եթե «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջը հայտնաբերելու նպատակով ԱԱԾ-ն ձերբակալություններ է կատարել, ուրեմն կա պետության անվտանգության հետ կապված խնդիր, եւ ճիշտ են վարվել ԱԱԾ աշխատակիցները: Թող զարմանալի չթվա, բայց այս հարցում ես միանգամայն համաձայն եմ Անդրանիկ Քոչարյանի հետ: Բա ո՞նց, մեր անվտանգությանը մի բան սպառնա, ու առաջը չառնե՞նք:

Մի փոքրիկ նրբություն միայն՝ ո՞ւմ էր պետք ձերբակալել եւ ում են ձերբակալել: Այս նույն հաջողությամբ կարելի էր ձերբակալել, օրինակ, 44 համարի ավտոբուսը եւ բոլորին տանել ԱԱԾ՝ պարզելու, թե նրանցից ով է «Գագիկ Սողոմոնյան» կեղծ օգտատերը: Հաջողության հնարավորությունը, բնականաբար, այդ դեպքում ավելի մեծ կլիներ, քան 4, իսկ այնուհետեւ հանրությանը քաջ հայտնի 2 մարդու ձերբակալության դեպքում: ԱԱԾ-ի՝ այս գործի հետ կապված հայտարարությունն ուղղակի խղճահարություն առաջացրեց այդ կառույցի հանդեպ: Կոչված լինելով ապահովել երկրի անվտանգությունը՝ մեր հետախույզներն իրականում զբաղված են մութ սենյակում սեւ կատու որսալու գործով: Դե արի ու նրանցից պահանջիր Սյունիքի անվտանգություն, սահմանի անվտանգություն, ՀՀ քաղաքացու կյանքի անվտանգություն:

Իսկ հիմա՝ ավելի լուրջ: «Գագիկ Սողոմոնյան» կեղծ օգտատերն այս իշխանությունների ծնունդն է, եթե կուզեք՝ հետեւանքը: Ովքե՞ր են «Գագիկ Սողոմոնյանի» թիրախում՝ ՀՀ ռազմաքաղաքական վերնախավը, այս իշխանություններին սատարող գող-ավազակները, պատերազմի կասկածելի դերակատարները եւ, իհարկե, Քոչարյան Անդոն, որի անունը, որպես ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ակտիվորեն շրջանառվում է 44-օրյա պատերազմի 5 գլխավոր դավաճանների շարքում: Իսկ թե ինչու է Քոչարյան Անդոն ողջունում արցախյան վերջին պատերազմի մութ ծալքերը բացող մարդկանց ձերբակալությունը, այն էլ այս զավեշտալի մեղադրանքներով, մնում է միայն գուշակել: