Շարունակությունն արդեն հայտնի է

Շարունակությունն արդեն հայտնի է

Փաշինյան Նիկոլը ՀՀ քաղաքացիներին «իրավունք է վերապահում» վերաբերվել իր իշխանությանն այնպես, ինչպես ինքն ու իր շրջապատն էր վերաբերվում նախկիններին: Ինչի՞ց է դա երևում՝ կհարցնի զարմացած ընթերցողը, որը մինչ այժմ տեսել և լսել է ճիշտ հակառակը: Պատասխանեմ՝ իր հիմնադրած կուսակցության 6-րդ համագումարում արտասանած ճառի հետևյալ հատվածից: Ընթերցենք՝ «Ինչո՞ւ և ինչպե՞ս սկսվեց այս ամենը. սկսվեց, որովհետև ՀՀ մի խումբ քաղաքացիներ պարզապես չէին կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ ՀՀ-ում ընտրությունները շարունակաբար կեղծվում են, որ մարդիկ հետապնդվում են կարծիք արտահայտելու իրենց իրավունքն օգտագործելու համար, որ հեռուստատեսային եթերը վերահսկվում է, որ միջոցներ են ձեռնարկվում նաև համացանցային բովանդակությունը վերահսկելու, որ կոռուպցիան դարձել է հանրային հարաբերությունների առանցքային համակարգ: Կարճ ասած, որ մարդիկ ազատ չեն, մարդկանց ազատությունն ապահովված չէ»: 

Իսկ հիմա մեկ առ մեկ անդրադառնանք փաշինյանական առանձին մտքերին: Առաջին՝ նախկինում ընտրությունները շարունակաբար կեղծվում էին: Այո, այդպես էր: Բայց ինչպես ցույց տվեց Սահմանադրական դատարան ընդդիմադիր դաշինքների ներկայացրած հայցը՝ կեղծվել է նաև 2021 թվականի հունիսի 20-ի համապետական ընտրությունը: Բայց չէ՞ որ ՍԴ-ն չհաստատեց կեղծիքների առկայությունը՝ կհարցնեի ընթերցողը: Պատասխանեմ՝ այո, չհաստատեց, սակայն այդ ե՞րբ էր պատահել, որպեսզի ՍԴ-ն դա հաստատեր: Ինչպես նախկինում, այնպես էլ Նիկոլի իշխանության օրոք ՍԴ-ն կոչված է ոչ թե կեղծիքների առկայությունը հաստատելուն, այլ դրանք ջրելուն: Նույնիսկ ավելին՝ նախկինում գոնե տեղական ընտրությունների ժամանակ մարդկանց թույլ էին տալիս կատարել իրենց ընտրությունը: Նիկոլի օրոք սկզբում սկսեցին կալանավորել ընդդիմադիր թեկնածուներին: Սակայն երբ տեսան, որ մարդը, կալանավայրում գտնվելով, շահում է տեղական ինքնավարություն կազմելու համար պայքարը, անցան այլ մեթոդի: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն, օրինակ, հենց այդպիսի իրավիճակում էլ հաղթեց քպկականներին: 
Ինչևէ, տեսնելով, որ կալանավայրում մարդուն պահելն անօգուտ է, Նիկոլի իշխանությունն անցավ շատ ավելի հակաժողովրդավարական մեթոդի: Ընտրողների համակրանքն ունեցող ընդդիմադիր գործչին թույլ են տալիս մասնակցել տեղական ընտրությանը, իսկ հետո կալանավորում են, որպեսզի շահած ուժը չկարողանա ձևավորել տեղական իշխանություն: Այս առումով էլ Վանաձորի դեպքը մեզ օրինակ: Իսկ այնուհետև նշանակում են որևէ մեկին որպես համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Իսկ այդ ժամանակավորն էլ կարող է պաշտոնավարել տարիներով:

Շարունակենք՝ Նիկոլն ասում է, թե նախկինում մարդիկ հետապնդվում էին կարծիք արտահայտելու իրենց իրավունքն իրացնելու համար: Իհարկե, այդպես էր, բայց նույնն էլ այսօր է տեղի ունենում՝ մարդիկ ոչ միայն հետապնդվում են իրենց կարծիքն արտահայտելու համար, այլև նրանց ծեծում են իրենց շենքի բակում (Էդգար Ղազարյանին) կամ էլ հասցնում են մահվան՝ ինչպես դա տեղի ունեցավ Արմեն Գրիգորյանի առումով: Որքան հիշում եմ, նախկինների օրոք, որոնց դեմ անձամբ ես պայքարել եմ երկու տասնամյակ, որևէ ընդդիմադիր գործիչ չէր մահացել դատարանում:
Հեռուսատատեսությունը վերահսկվում էր՝ ասում է Նիկոլը: Կարծում եմ, որ եթե նա դույզն-ինչ ազնվություն ունենար, ապա այդ երևույթի մասին ուղղակի կլռեր: Հանրային հեռուստատեսությունն, օրինակ, ոչ միայն չի փոխվել այդ առումով, այլև իրավիճան ավելի է վատացել: Եթե նախկինում ընդդիմադիրներին մեկ-մեկ թույլատրում էին երևալ հանրայինի եթերում, ապա այսօր այդ մեկ-մեկն էլ է խիստ բացառություն: Դա՝ մեկ, և երկու՝ եթե նախկինում Ա1+ էին փակում՝ եթերը տրամադրելով մեկ այլ մասնավոր հեռուստաընկերության, ապա այսօր տարիների փորձ ունեցող Հ2 են փակում՝ քաղաքային եթերը տրամադրելով հանրապետական սփռում ունեցող հանրայինին: Հ2 են փակում, քանի որ նրա սեփականատիրոջ հետ գործող իշխանությունը խնդիրներ ունի պարզելու:

Համացանցի առումով կարող եմ ասել, որ Նիկոլը ևս ժամանակ առ ժամանակ ցանկանում էր փակել այն՝ ինչպես կատարվում է որոշ, ոչ ժողովրդավարական երկրներում: Բայց չուներ դրա համար անհրաժեշտ տեխնոլոգիան և չէր կարող գնել Արևմուտքում: Որովհետև այնտեղ խիստ կզարմանային, որ «ժողովրդավարության բաստիոնում»՝ էլ չեմ ասում «ժողովրդավարությունների էլիտար խմբի» անդամ պետությունում ինչպե՞ս է հնարավոր փակել սոցիալական ցանցերը:

Մնաց կոռուպցիան: Այո, կոռուպցիան պարզապես փթթում էր նախկինում, բայց ոնց որ թե մքախկինում խիստ սրատես Փաշինյանի աչքերն այլևս վատ են տեսնում: Չի տեսնում իր շրջապատի անձանց արագ հարստացման երևույթը: Որոնք 4 տարում սկսեցին հայաստանյան մասշտաբներով հսկայական հարստություն դիզել: Դա՝ մեկ, և երկու՝ ինքը ենթադրաբար տեղյակ չէ (հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունները նրան չեն տեղեկացնում), որ աշխատակազմի ղեկավար, փոխնախարար, նախարար, պատգամավոր և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին քովիդի համավարակի ընթացքում և նույնիսկ պատերազմի ընթացքում՝ երբ այդ պաշտոնյանները ոչ միայն չեն գերակատարել իրենց «պլանները», այլև չեն էլ կատարել դրանք, պարգևավճար բաժանելը պետական կոռւպցիայի (օրինական տեսք ստացած կաշառատվության) տիպիկ օրինակ է:  

Այնպես որ, իշխանափոխությունից հետո, իսկ այն վաղ թե ուշ տեղի է ունենալու, Հայաստանի նոր ղեկավարն իրավունք է ունենալու իր ելույթը սկսել այսպես. «Ինչո՞ւ և ինչպե՞ս սկսվեց այս ամենը. սկսվեց, որովհետև ՀՀ մի խումբ քաղաքացիներ պարզապես չէին կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ ՀՀ-ում…». շարունակությունը, հարգելի ընթերցող, ձեզ արդեն հայտնի է: