Նիկոլ Փաշինյան, Աթաբեկ Խնկոյան կարդա

Նիկոլ Փաշինյան, Աթաբեկ Խնկոյան կարդա

Երբ լսում եմ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, տեսնում եմ, թե ինչպես են այս օրերին լալահառաչ կոչեր անում, ամոթանք տալիս ընդդիմությանը, իրենց քննադատող մարդկանց, թե ինչու չեք միանում մեզ, միավորվում, որ արտաքին թշնամու դեմ պայքարենք, ակամայից հիշում եմ Աթաբեկ Խնկոյանի առակներից մեկը` «Գայլն ու կատուն»: Երկար չի, եկեք կարդանք այն.

Գայլն անտառից
Փախավ գեղը.
— Նեղն եմ, նեղը,
Ասավ կատվին,
Ասլան բալա,
Քո հոր պատվին
Մի ճար արա:
Մի տես հլա,
Որսորդ ու շուն,
Թազի, թուլա
Միսս են կրծում,
Ինձ հալածում:
Ա՛յ կտրվի
Դրանց հոտը,
Մի մարդ ցույց տուր
Պահվեմ մոտը:
— Ա՛յ ցեղակից, — գոչեց կատուն,
Գնա մտիր Մարոյենց տուն.
Նա չափազանց բարի կին է:
— Ես էլ գիտեմ, որ անգին է,
Բայց որ նրա հորթն եմ կերել…
— Բկիդ կանգներ, լավ չես արել:
Ա՛յ Դավթի մոտ կուզե՞ս կանչեմ:
— Նրանցից էլ ես կամաչեմ,
Հենց ամառը
Կերա Դավթի փոքրիկ գառը…
— Ո՞ւմ ասեմ էլ…
Հա, մեր Զաքին:
— Էս գարնանն էլ
Նրա մաքին…
— Ո՞վ մնաց էլ,
Հա՜, երեցը:
— Էս աշնանն էլ
Նրա էծը…
— Ա՛յ, դու ուտես
Չոռի մեծը:
Քանի՞սն եղավ
Հի՜նգը… վե՜ցը…
Ա՛յ անամոթ,
Ի՞նչ երեսով
Դու գյուղ մտար,
Ի՞նչ է, ուրիշ
Տեղ չգտա՞ր:
Գյուղն հիմա՞ր է,
Որ թշնամուն
Պատսպարե:
Ով ինչ բրթի,
Էն կխրթի:

Հիմա դառնանք այս առակի խորհրդին: 

Երբ տարիներ շարունակ մուրճն ու մահակը ձեռքներդ առած քլնգում, հալածում էիք ընդդիմադիրներին` քրեական գործեր հարուցում. չեղած տեղը, աշխատանքից ու եկամտի աղբյուրից զրկում, վերջին հայհոյանքները գրում-ասում, խորհրդարանում ծեծի ենթարկում, ձեր մտքով չէր անցնում, որ մի օր նրանց կարիքը զգալու եք: Հետեւողականորեն այս տարիներին բոլոր կամուրջներն այրել եք համագործակցության ու տեղ չեք թողել, որ որեւէ մեկը նեղ պահին միանա ձեզ, ձեզ աջակցի: 

Երբ տարիներ շարունակ ամեն ամբիոնից Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան էիք հայհոյում եւ բոլոր մեղքերը դնում նրանց վրա, չէի՞ք մտածում, որ մի օր նրանց եւ նրանց տնօրինած ռեսուրսի կարիքն էիք ունենալու: Երբ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ հայտարարում էր, որ ոչ մի նոր բան չիմացա այդ հանդիպման ժամանակ, չէ՞ր պատկերացնում, որ առնվազն կոռեկտ չէ նման հայտարարություն անելը եւ կարելի է տարաձայնությունները հարթել գոնե ՀՀ առաջին նախագահի հետ, որ նրա խորհուրդներից ու կապերից կարողանա մի օր օգտվել: 
Երբ բանակցային պրոցեսի մասնակիցների` Վարդան Օսկանյանի, Զոհրաբ Մնացականյանի, Էդվարդ Նալբանդյանի, Արկադի Ղուկասյանի, Արա Այվազյանի, Շավարշ Քոչարյանի, Դավիթ Հարությունյանի, Արփինե Հովհաննիսյանի, Արմեն Աշոտյանի եւ այդ պրոցեսին այս կամ այն կերպ առնչություն ունեցող բոլոր անձանց հետ վերջնականապես խզում էին հարաբերությունները, չէի՞ն մտածում, որ մի օր այս մարդիկ կարող են պետք գալ` զուտ երկրի շահերից ելնելով: 

Երբ հայտնի զինվորականների` Յուրի եւ Գրիգոր Խաչատուրովների, Միքայել Հարությունյանի, Օնիկ Գասպարյանի, Սեյրան Օհանյանի, Օգանովսկու, Լեւոն Մնացականյանի, Մովսես Հակոբյանի, Տարոն Խաչատրյանի,Աշոտ Երկաթի, Առուշ Առուշանյանի եւ շատ ուրիշների հետ հարաբերությունները զրոյացնում էին եւ այդ բոլոր մարդկանց նեղացնում` ոչ մի կամուրջ չթողնելով, որ հետո նրանք մեր պետությանն օգտակար լինեն, չէի՞ն մտածում, որ մի օր նրանց կարիքն ունենալու են: Երբ սփյուռքում Զարեհ Սինանյանի եւ Աննա Հակոբյանի այցերով խառնակչություն էին անում, պառակտում հայ գաղթօջախները եւ ֆրանսահայ հայտնի գործիչ էին արտաքսում Հայաստանից, չէի՞ն մտածում, որ մի օր այդ սփյուռքը պետք է գալու, այդ սփյուռքը նաեւ կարող է խողովակ դառնալ իրական տեղեկատվությունն իրենց երկրների իշխանություններին հասցնելու եւ հայկական տեսակետը լոբբինգ անելու համար:

Այս չորս տարվա ընթացքում քանի- քանի հայտնի իրավաբանի են հալածել եւ իրենց դեմ հանել, որոնք կարող էին այսօր կարեւոր իրավական աջակցություն ցուցաբերել, օտարալեզու փորձագետների, որոնք կարող էին տարբեր լեզուներով հաղորդագրություններ տարածել, լրագրողների ու խմբագիրների, որոնք կարող էին աշխարհի լրատվամիջոցների հետ աշխատել, մեծահարուստների, որոնք կարող էին աջակցել բանակի զինվելուն...

Ո՞ր մեկը թվարկեմ: Այդ մուրճ ու մանգաղով, սեւ-սպիտակով, ծեծով ու հալածանքներով դուք ձեր նստած ծառի ճյուղն եք կտրել ու ձեզ մեկուսացրել հասարակությունից, ձեզ զրկել եք հանրային աջակցությունից եւ ազգի համախմբման ռեսուրսներից: 

Այնպես, որ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական պատգամավորներ եւ իշխանամերձ քարոզիչներ, ձեզ միանալու կոչեր, ընդդիմությանն ուղղված ամոթանքներ տալուց առաջ հիշեք, թե ում «գառն ու մաքին» եք կերել այս տարիներին, ում ինչպես եք նեղացրել եւ ինչքան կամուրջ եք այրել: