Ալիեւը Նիկոլից Երեւանն ու Սեւանն է ուզում, բայց Նիկոլը միայն անպետք սարերն ու դաշտերն է հանձնում

Ալիեւը Նիկոլից Երեւանն ու Սեւանն է ուզում, բայց Նիկոլը միայն անպետք սարերն ու դաշտերն է հանձնում

Եթե Նիկոլ Փաշինյանը մի փոքր բարոյական եւ քաղաքական պատասխանատվություն ունենար Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ, երեկ խորհրդարանում պետք է հայտարարեր իր եւ իր իշխանության հրաժարականի մասին՝ դա հիմնավորելով երկրի անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունն ապահովելու անընդունակությամբ, արտաքին եւ ներքին քաղաքականությունը ձախողելով, բանակի կազմաքանդմամբ եւ իր հայտարարած «խաղաղության օրակարգի» ձախողմամբ: Մինչդեռ Փաշինյանը հերթական անգամ ցույց տվեց, որ իր զենքը ցինիզմն է, իսկ միակ նպատակը՝ իշխանությունը երկարաձգելը, թեկուզ հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց արյան գնով:

Խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինեն անվերջ զոհեր եւ տարածքային կորուստներ կրելուն. նա դա անվանում է հանուն հայրենիքի զոհվելու կամք, ինչն իրականում իր իշխանության մնալու գինն է: Դրսեւորելով անսահման ցինիզմ՝ խորհրդարանի ամբիոնից պատմեց, որ ինքը, լինելով ընդդիմադիր պատգամավոր, մասնակցել է քառօրյա պատերազմին, այն դեպքում, երբ Արցախ է գնացել քառօրյա պատերազմի ավարտից առնվազն մեկ ամիս հետո, այն էլ, ըստ արցախցի զինվորականների հավաստիացումների, գտնվել է ռազմաճակատից 20 կիլոմետր հեռավորության վրա: Դա նույնն է, որ ես հայտարարեմ, թե եղել եմ Լենինգրադի շրջափակման մասնակիցներից, քանի որ երբեւէ եղել եմ այդ քաղաքում եւ գնացել շրջափակմանը նվիրված թանգարան: Փաշինյանը նույն ցինիզմով հայտարարում է, որ ինքն ու իր կուսակցության պատգամավորները պետք է պատրաստ լինեն զոհվելու, այն դեպքում, երբ ամբողջ երկիրը գիտի, որ այս 4,5 տարվա ընթացքում ՔՊ-ականներն իրենց երեխաներին կա՛մ ազատել են բանակային ծառայությունից, կա՛մ այդ ծառայությունն իրականացվել է տնային պայմաններում:

Փաշինյանն ասում է, որ պետք է համակերպվել այն մտքի հետ, որ հայկական բանակն ադրբեջանական բանակի արդիական սպառազինության եւ ԱԹՍ-ների դեմ պետք է կռվի ավտոմատով կամ, լավագույն դեպքում՝ ականանետներով: Նա արդարանում է, որ Հայաստանը փող ունի զենք առնելու համար, բայց զենք ծախող չկա: Իրեն հերթական անգամ գժի տեղ դրած՝ ասում է, թե կան պետություններ, որ պատրաստ են Հայաստանին զենք վաճառել, բայց այդ պետությունները զենք չունեն:

Սա նույնն է, որ ես ասեմ, թե պատրաստ եմ «Մերսեդես» մեքենա գնել մեկից, ով նման մեքենա չունի: Եթե մեկը նման գժություն դուրս տա, նրան կարող է միանգամից տեղափոխեն հոգեբուժարան, բայց այդ մարդը շարունակում է ղեկավարել Հայաստանը:  
Փաշինյանն ասում է, որ զենք ստանալու համար ծով ու օվկիանոս են պետք, որ այդ զենքը միջազգային ջրերով հասցվի Հայաստան: Եթե դու զենք գնելու համար դիմում ես մի պետության, որը զենք չունի, բնականաբար, զենք չես կարողանա գնել: Դրա փոխարեն պետք է դիմել անհրաժեշտ զենքն արտադրող եւ վաճառող պետություններին: Հայաստանի բանակի ամենաթույլ տեղերից մեկն էլ ԱԹՍ-ների բացակայությունն է: Մեր հարեւան Իրանն ԱԹՍ-ների արտադրության ոլորտում տարածաշրջանի առաջատարներից է:

Արդեն մեկ ամիս է՝ գրվում է, որ Իրանը հարյուրավոր Mohajer-6 եւ Shahed տիպի անօդաչուներ է վաճառել Ռուսաստանին: Ուկրաինական աղբյուրները գրում են, որ արդեն կան իրանական կամիկաձե տիպի անօդաչուների կիրառման դեպքեր, ռուսական լրատվամիջոցներն էլ նշում են, որ միայն վերջին երկու օրերի ընթացքում Իրանի ռազմաօդային ուժերի չորս «Բոինգ» բեռնատար ինքնաթիռներ են թռիչքներ կատարել Ռուսաստան՝ ակնհայտորեն շարունակելով անօդաչուների մատակարարումները: Ռուսական լրատվամիջոցները հատուկ շեշտում են, որ իրանական ինքնաթիռները թռիչքներն իրականացրել են Հայաստանի օդային տարածքով՝ երեւի հասկացնելով, որ նույն ԱԹՍ-ներից կարող էր գնել նաեւ Հայաստանը: Եթե Ռուսաստանի նման բազմապրոֆիլ ռազմական արդյունաբերություն ունեցող երկիրն է անօդաչուներ գնում Իրանից, ինչո՞ւ դա չի կարող անել Հայաստանը: Թե՞ Իրանից Հայաստան անօդաչուներ բերելու համար Նիկոլին ծով ու օվկանոս են պետք, որը Հայաստանը չունի: Իրականությունն այն է, որ Հայաստանի իշխանությունը երբեւէ ցանկություն չի ունեցել եւ այժմ էլ չունի՝ պատրաստվել Ադրբեջանի դեմ պատերազմի: Նիկոլն առաջնորդվում է «Հայաստանը քիչ-քիչ հանձնենք, իշխանությունը պինդ-պինդ պահենք» սկզբունքով, իսկ դրա համար անօդաչուներ ու բանակին այլ արդիական սպառազինություն պետք չեն, դրա համար պետք է օր-օրի մեծացող ոստիկանություն: 

Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ այդ պահին դեռեւս ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը սպառնում է Ռուսաստանին, թե բա՝ մեր համբերությունն էլ սահման ունի, մի օր այն կարող է սպառվել: Լավ, ենթադրենք, Նիկոլի ու այս պահին դեռեւս ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանի համբերությունը սպառվեց: Թող ասեն, թե ինչ են անելու դրանից հետո. ռուսների՞ն են Հայաստանից հանելու, այլ երկրի՞ են դիմելու՝ Հայաստանի անվտանգության ապահովմանն աջակցելու համար, թե՞ երկուսը միաժամանակ: Եթե նման հնարավորություն ունեն, եթե կա Ռուսաստանից ավելի հուսալի դաշնակից գտնելու հնարավորություն, ինչո՞ւ չեն օգտագործում այդ հնարավորությունը, ինչո՞ւ են թողնում, որ Հայաստանը շարունակի տուժել Ռուսաստանի անվճռականությունից եւ անհետեւողականությունից: Թե՞ ոչ մի այլընտրանք էլ չկա, ուղղակի խորհրդարանի պատերի ներսում կարելի է անիմաստ ու անպատիժ սպառնալ, հոխորտալ, մեկ է` բանի տեղ դնողն ո՞վ է:
Կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հաջողում է իշխանությունը պահելու հարցում, բայց ձախողում է Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում՝ մաս-մաս Ադրբեջանին հանձնելով Հայաստանը:

Քանի դեռ Հայաստանի հանձնումը կրիտիկական չափերի չի հասել, այսինքն՝ Ալիեւը Նիկոլին դուրս չի հանել կառավարության շենքից, նա կարող է խորհրդարանում մանիպուլացնել հայ հանրությանը՝ իրեն եւ իր խմբակցությանը ներկայացնելով անձնուրաց մահապարտների տեսքով, հպարտանալով, որ Ալիեւն ուզում է Սյունիքը, Գեղարքունիքը, Երեւանը, բայց ինքը հո Երեւան հանձնող տղա չէ՞, մի քանի անպետք ու անիմաստ սարը կամ դաշտը Երեւանի հետ չշփոթել:

Ավետիս Բաբաջանյան