Ռեկտորներին հանձնարարվել է ճանապարհային քարտեզ մշակել՝ վարկանիշավորվելու համար

Ռեկտորներին հանձնարարվել է ճանապարհային քարտեզ մշակել՝ վարկանիշավորվելու համար

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նախօրեին աշխատանքային հանդիպում է ունեցել պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը եւ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը: Աշխատանքային հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերել է գիտական աստիճանաշնորհման կարգում նախատեսվող փոփոխություններին: Օրակարգի հաջորդ հարցն առնչվել է միջազգային վարկանիշավորման ցանկերում բուհերի ընդգրկման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

ԿԳՄՍՆ-ն բուհերի ռեկտորներին առաջարկել է՝ աշխատանքներ սկսել իրենց բուհն աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման որեւէ (QS World University Rankings, Times Higher Education Shanghai University Ranking կամ այլ) աղյուսակում դիրք զբաղեցնելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու եւ ճանապարհային քարտեզ մշակելու ուղղությամբ:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, ով մասնակցել է այդ հանդիպմանը, մեզ հետ զրույցում նշեց, որ քննարկել են անհրաժեշտ չափորոշիչների մշակման հետ կապված հարցեր, որպեսզի բուհերը վարկանիշավորման այդ աղյուսակներում կա՛մ ընդգրկվեն, կա՛մ հնարավորինս առաջատար դիրքերում լինեն. «Նախարարն ասաց, որ յուրաքանչյուր բուհ ինքը կարող է որոշել, թե որ վարկանիշային համակարգում է իր մասնագիտական ուղղությունն ավելի լավ պատկերացնում, դա էլ կախված է բուհի սպեցիֆիկայից: Հիմա քննարկման փուլում է, որովհետեւ մինչեւ դեկտեմբերի 20-ը ժամանակ է տրված՝ պատասախանելու համար։ Հիմա մեզ մոտ համապատասխան բաժինները քննարկումներ են անում, հետո այդ կարծիքների հիման վրա ռեկտորատում հարցը կքննարկվի, եւ նախարարությանը կպատասխանենք»։

Բուհերի առաջ նման պահանջ դնելը որքանո՞վ է իրատեսական, ի՞նչ ճանապարհներով է հնարավոր հայտնվել վարկանիշավորման այդ աղյուսակներում, եւ ի՞նչ չափանիշներ են գործում՝ վարկանիշավորման այս կամ այն աղյուսակում ընդգրկելու համար։ «Դրանք հիմնականում կապված են ակադեմիական հեղինակության, գործատուի հետ կապի, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանող-դասախոս հարաբերակցության կամ շարժունակության հետ, օրինակ՝ արտասահմանից ընդգրկված դասախոսներ, ուսանողներ ունե՞նք, թե՞ ոչ, դրական արդյունքների հղումներ արվո՞ւմ են, թե չէ՞, եւ մեր պրոֆեսորներն ինչքանո՞վ են ներգրավված գիտական հանդեսներում, այդտեղից հղումներ կատարվո՞ւմ են, թե՞ չեն կատարվում։ Սրանք կոնկրետ չափորոշիչներ են, որ ընդհանուր են բոլորի համար, հիմա մի բուհի համար կարող է շատ արդյունավետ մեխանիզմ լինել՝ վարկանիշավորումը չափելու համար, բայց արվեստի, սպորտի բուհերի համար դա մի քիչ յուրահատուկ է։ Բայց, ընդհանուր առմամբ, ես էլ եմ համաձայն, որ եթե մենք բարձրագույն ուսումնական հաստատություն ենք, ուրեմն անպայման գիտություն պետք է լինի, առանց գիտության չի կարող լինել, ուղղակի համեմատած ճշգրիտ գիտությունների հետ, մեզ մոտ մի քիչ դժվար է, մեզ մոտ չափումները կոնկրետ երեխաների, մարզիկների հետ են կապված լինում, որն իր օբյեկտիվ դժվարություններն ունի»,- նկատում է ռեկտորը։

Սպորտի ոլորտում վարկանիշավորման քանի՞ աղյուսակներ կան։ «Առանձին՝ որպես սպորտի ոլորտ, չկա, խոսքը գնում է հիմնականում երկու՝ QS եւ Shanghai համակարգերի մասին, որտեղ ոչ միայն մեր բուհը չկա, այլեւ ոչ մի սպորտային բուհ չկա»,-ասում է Դ․ Խիթարյանը։

Ստացվում է` կոնկրետ իրենց բուհի առաջ ոչ իրատեսական խնդիր է դրվել։ «Ամեն դեպքում, շատ կարեւոր է, որ խնդիր է դրվում, ասեմ, թե ինչու։ Օրինակ՝ առաջ պետական քաղաքականության մեջ չի եղել, որ մեր գիտնականներն անպայման «Սկոպիուս»-ում կամ որեւէ այլ տեղ տպագրություններ ունենան, եղել է ուղղակի տարեկան այսքան տպագրություն ունենալու պահանջ, ու այդ մարդիկ հիմնականում տպվել են հետխորհրդային երկրներում կամ ներսի պարբերականներում։ Բայց հիմա, երբ պետությունն այդ քաղաքականությունը որդեգրում է, դա ստիմուլ է հաղորդում, որ բուհն էլ հետեւողական լինի։ Դեռ անցած տարի մեր առաջ այդ խնդիրը դրվեց, եւ մեր բուհը, որ ոչ մի հրապարակում չուներ «Սկոպիուս»-ում, մեկ տարվա մեջ 7 հրապարակում ունեցանք։ Մենք կարող է չկարողանանք մրցել Հարվարդի կամ Քեմբրիջի համալսարանների հետ, բայց գոնե մեր ներքին պոտենցիալի համար, որպեսզի մեր պրոֆեսորադասախոսական կազմը զբաղվի գիտությամբ, հետազոտությամբ, կարծում եմ` շատ կարեւոր է»։

Ռեկտոր Դ. Խիթարյանի կարծիքով, այնքան էլ կարեւոր չէ՝ իրատեսակա՞ն է այդ պահանջը, թե՞ ոչ, կարեւորը՝ որ խթան է հանդիսանալու իրենց համար. «Եվրոպական շատ երկրներ թե վարկանիշավորման աղյուսակում այսօր որ տեղն են գրավում, դա իրենց համար ոչ մի բան չի փոխում, կարեւորը՝ որ խնդիր ես դնում քո առաջ եւ փորձում ես կատարելագործվել ու քո համայնքի համար արդյունավետ պրոդուկտ ես ստեղծում։ Հիմա մեզ համար կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետությունում սպորտային գիտությունն այնպես կարողանանք զարգացնել, որ դա օգնի սպորտսմեններին՝ ավելի լավ պատրաստվեն, ավելի արագ վերականգնվեն, ավելի լավ մասնակցեն մրցումներին։ Դրա համար անպայման պետք է ունենաս լավ գիտնականներ։ Օրինակ՝ մարզիկի համար ամենաբարձր նշաձողն օլիմպիական չեմպիոն դառնալն է, այսինքն՝ կարեւոր է, որ քո առաջ մեծ խնդիր ես դնում, որովհետեւ ձգտումդ մեծանում է, եւ էլ չես բավարարվի միայն Հայաստանի կամ Եվրոպայի չեմպիոն լինելով։ Սա ասում եմ Ձեր հարցին ի պատասխան՝ իրատեսակա՞ն է այդ պահանջը, թե՞ ոչ։ Մեր դեպքում, համենայնդեպս, առաջիկա 20-30 տարում անիրատեսական է, որ մեր բուհը QS-ի կամ Shanghai-ի աղյուսակում կարող է 500 լավագույնների մեջ մտնել»։

Հիմա, երբ բուհերի խոշորացման ծրագիրն է քննարկվում, նախարարությունն այդ պահանջը միավորվող բուհերի՞ առաջ է դնում, թե՞ բոլորի։ «Միավորման հետ կապված հարցեր հանդիպման ընթացքում չեն քննարկվել, կառավարությունում հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրում է այդ հարցը: Այս առումով կանգնած է պրոցեսը, այսինքն՝ նոր ինֆորմացիա ես չունեմ։ Բայց նույն QS կամ Shanghai հարթակում կան համալսարաններ, որոնք ընդգրկված են, եւ որտեղ կան սպորտի գծով ինստիտուտներ կամ ֆակուլտետներ, այնպես չէ, որ միջազգային պրակտիկայում չկա նման բան, եւ սպորտի համալսարաններն առանձին են։ Խոսքը դրա մասին չէ, այլ նրա, թե արդյոք այդ միացումը մեր պետության համար լա՞վ կլինի, թե՞ վատ։ Ու քանի որ ասվում էր՝ ոլորտային բուհեր պետք է լինեն, մենք էլ ասում էինք, որ մենք արդեն իսկ առանձին ոլորտ ենք ու ոլորտային բուհ։ Հետո՝ պրակտիկայում կան նման օրինակներ, կա արվեստի եւ սպորտի համալսարան, ուրեմն այդ երկիրն այդպես է նպատակահարմար գտել։ Հիմա մենք պետք է նայենք, թե որն է մեզ համար նպատակահարմար, իսկ դա պետք է քննարկումների, վերլուծությունների ադյունքում լինի»,- ասում է ֆիզկուլտինստիտուտի ռեկտորն ու ի պատասխան մեր հարցին նշում, որ ստեղծված աշխատանքային խումբն իրենցից որեւէ փաստաթուղթ, վիճակագրություն չի պահանջել՝ վերլուծություն անելու համար: