Իրապես արժանի զավակը

Իրապես արժանի զավակը

Միջնադարյան հոգեւորական, աստվածաբան եւ պատմիչ Արիստակես Լաստիվերցին 1045 թվականին Բագրատունյաց թագավորության անկումը եւ հատկապես 1064 թվականին սելջուկ թուրքերի կողմից Անիի գրավումը «Պատմություն» աշխատության մեջ պայմանավորել է քաղաքի բնակիչների եւ հատկապես մեծամեծների բարոյականության անկմամբ: Ինչի պատճառով էլ Աստված որոշեց պատժել անեցիներին: Այդ երկու իրադարձությունից շուրջ հազար տարի անց մենք կրկին պատժի ենք արժանանում մեր անխելքության պատճառով:

«Մեզ» ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն նրանց, ովքեր 2018 թվականի ապրիլին փողոցներ են փակել կամ գոնե ողջունել, ինչպես ես, այլեւ հատկապես նրանց, ովքեր իրենց գործերով պատճառ են դարձել, որպեսզի ծագեր Սերժին մերժելու գարնանային շարժումը: Եվ Փաշինյան Նիկոլն էլ դարձել է Աստծո ձեռքի այն գործիքը, որով պատժվում է մեր ժողովուրդը: Ինչո՞ւ հենց վերջինս: Որովհետեւ նա իր մեջ մարմնավորում է մեր ժողովրդի խառնվածքին հատուկ բացասական հատկանիշների մի ողջ փունջ: Այնպես որ՝ վերջինիս ընտրությունը տրամաբանական է եւ արդարացի, եթե կարելի է դա այդպես կոչել: Եվ հենց այդ մտածողության շրջանակում ժողովրդի «արժանի» զավակը կրկնակի անգամ կարգվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ: Նույնիսկ պատերազմում սեփական երկիրը պարտության տանելուց հետո:

Վերջերս պատահաբար աչքովս ընկավ Ավետիք Իսահակյանի հեքիաթներից մեկը, որը կոչվում է «Ամենապիտանի բանը»՝ գրված 1902 թվականին: Մինչեւ այդ հեքիաթին անդրադառնալը, որպես ԵՊՀ-ի բանասիրականի շրջանավարտ, ասեմ, որ բանաստեղծի «Աբու-Լալա Մահարի» պոեմը համարում եմ համաշխարհային մակարդակի ստեղծագործություն: Իսկ այժմ՝ հեքիաթի մասին. Արեւելքի թագավորներից մեկը հսկա շտեմարան է կառուցում եւ երեք որդիներին ուղարկում է աշխարհե աշխարհ շրջելու, որպեսզի գտնեն ամենապիտանի բանը՝ շտեմարանը լցնելու համար: Որդիներից ավագը, որպես ամենապիտանի բան, բերում է մի բուռ հացահատիկ, միջնեկը՝ մի բուռ հող, իսկ կրտսերը՝ մոմ: Թագավորն իշխանությունը հանձնում է երրորդին, քանի որ նա առաջարկում է հսկա շտեմարանը լցնել գիտության լույսով: Ասեմ, որ ավելի քան 100 տարի առաջ գրված այդ հեքիաթը կարծես գրված լինի հենց մեր օրերի տրամաբանությամբ: Բայց եթե ես լինեի թագավորը, այդպես չէի վարվի: Ես թագը կհանձնեի հող բերող որդուն՝ պատվիրելով մի բուռ անգամ չզիջել թշնամուն: Հացահատիկ բերողին կպատվիրեի զբաղվել շտեմարանը բերք ու բարիքով լցնելու գործով, իսկ երրորդի գործը պետք է լիներ գիտելիքը ժողովրդի մեջ տարածելը: Ավագ եւ կրտսեր եղբայրներին կպատվիրեի՝ երբեք չփորձել մտածել թագը եղբորից խլելու մասին:

Ի դեպ, որպես այդ հարցի լուծում՝ միջնադարի թուրքական սուլթաններից մեկի հրովարտակն արդարացնում էր թագը գրաված անձին իր հարազատ եղբայրներին կյանքից զրկելու ավանդույթը:
Բայց քանի որ մեզանում երեւի արվել է այնպես, ինչպես հայ մեծ բանաստեղծն է պատկերել, մենք անընդհատ տարածքներ ու շտեմարաններ ենք կորցրել, իսկ հայ ժողովրդի իրապես արժանի զավակներն էլ գերակշիռ մեծամասնությամբ գիտության եւ գյուտարարության լույս են տարածել հայրենիքից դուրս: Եվ հռչակվել են իրենց ապաստան տված երկրներում: Իմանալով նրանց մասին՝ մենք հպարտացել եւ շարունակում ենք հպարտանալ՝ մոռանալով, որ դրանից մեր պետությունը որեւէ օգուտ չի ստացել: Կամ էլ չենք ունեցել պետություն, որպեսզի իր ներսում պահեր նրանց ու որեւէ օգուտ ակնկալեր: Կամ էլ հռչակվելուց հետո նրանց հրավիրեր հայրենիք: Եվ նրանց միջոցով հեղինակություն դարձներ գիտելիք կրողին եւ ոչ թե հաստ վիզ ու այդ վզին ոսկե շղթա ունեցող տնաբույծ մեկին: Որպեսզի արդարություն ու հայրենասիրություն քարոզվեր, ինչը կխոչընդոտեր նիկոլանման մեկի՝ վարչապետ կարգվելը: