Իսկ դուք ասում եք…

Իսկ դուք ասում եք…

Հայ գրավոր եւ բանավոր խոսքով քանի՞ անգամ կրկնված կլինի այն միտքը, որ դեպի Ռուսաստան պանթուրքիզմի արշավանքը մենք ենք կասեցնում: Դրանից բխեցվում է, որ Ռուսաստանն էլ փոխադարձաբար մեզ պետք է հզորացնի, սատարի մեր ազգային իղձերին: Իրականության դեմ այս քարոզչությունը բացարձակապես մերկ է: Եւ եթե միջին-վիճակագրական հային ասես, որ պանթուրքիզմը ռուսաստանյան նախագիծ է, սնուցվել է Ռուսաստանում՝ չի հավատա: Բայց փաստերն անողոք են: Հայտնի է, որ «Համառուսական մուսուլմանների միությունը» հիմնադրվել է Ղրիմում՝ նախանցյալ դարի 80-ական թվականներին՝ Իսմայիլ Գասպրինսկիի կողմից, որ համաթուրքականության երկրորդ գաղափարախոս Յուսուֆ Ակչուրան Վոլգայի թաթարներից էր, որ…

Բայց ավելի լավ է մեջբերենք ռուս քաղաքական մեկնաբանին. «Իրադարձությունների ընթացքը պետք է վերլուծվի քաղաքագատների կողմից, ոչ միայն նրա համար, որ թուրքական պետությունների ինտեգրացիան տարեցտարի դառնում է ավելի շոշափելի եւ հետեւողական, այլեւ՝ որ արդեն հնարավոր չէ անտեսել նոր աշխարհաքաղաքական կազմավորումը՝ Թուրքական միությունը: Ընդ որում, նոր Թուրանի վերածնունդը չպետք է վախեցնի: Չէ՞ որ ժամանակին պանթուրքիզմի եւ Թուրանի դոկտրինը բծախնդիր ձեւով մշակվել է ցարական Ռուսաստանի գլխավոր շտաբի կողմից: Այն հետապնդում էր բազմազգ եւ բազմակրոն կայսրության մասնատում՝ ներմուծելով պանթուրքիզմի գաղափարախոսությունը»: Նույն տեղում հեղինակը մեջբերում է արտգործնախարար Լավրովին, ըստ որի՝ Ռուսաստանը կցանկանար մաս կազմել Թուրքական միությանը, եթե դա ընդունելի լինի մյուսների համար: Իսկ դուք ասում եք Ռուսաստանի համար պանթուրքիզմն սպառնալիք է…