Ինչքան գումար ասեն, էդքան պիտի վերականգնենք․ ՀՈԱԿ-ի տնօրենը կասկածվում է միլիոններ յուրացնելու մեջ

Ինչքան գումար ասեն, էդքան պիտի վերականգնենք․ ՀՈԱԿ-ի տնօրենը կասկածվում է միլիոններ յուրացնելու մեջ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ  քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի և Գառնի համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները:

Պետությանը պատճառված վնասի  մի մասն արդեն վերականգնվել է, իսկ իսկ մնացած մասը ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը պարտավորվել է վերականգնել առաջիկայում:       

Մենք տեղեկացանք, որ ՀՈԱԿ-ի տնօրենը Թադեւոսյան Վաղինկան է, իսկ Գառնիի նախկին ղեկավարը՝ Աշոտ Վարդանյանը։

Վաղինակ Թադեւոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում չնշեց՝ ինչքան գումարի վնաս է հասցրել համայնքին, իսկ ի՞նչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին, նշեց՝ «Վապշե, ընդունել-չընդունելը մի քիչ հարաբերական ա, բայց գումարի մի մասը վերականգնել եմ, տենց։ Ինչքան գումար ասեն, էդքան պիտի վերականգնենք»։

Գառնիի ներկայիս համայնքապետ Ահարոն Սահակյանն մեզ փոխանցեց, որ խոսքը 7 միլիոն դրամի մասին է․ «Տեղյակ չեմ ինչքան է վերականգնել, ինձ էլ է հետաքրքիր, թե ո՞նց է վերականգնել, երբ որ մեր բյուջե ոչ մի բան չի վերադարձվել։ Մեզ ասացին, որ քննչականում ինչ-որ հաշիվ ա բացվում, էնտեղ վերականգնում, հետո են փոխանցում»։

Սահակյանի խոսքով՝ մեղավորությունն ավելի շատ նախկին համայնքի ղեկավարինն է․ «Քրեական գործը հարուցվել ա մենակ իր վրա, որովհետեւ ինքը վերցրել ա իր վրա, ինչքան ես գիտեմ»։

Քրեական գործի շրջանակներում ՀՈԱԿ-ի տնօրենը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասով (3 դրվագ) նախատեսված հանցանք կատարելու համար: Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: