Դուխներդ չգցեք. Արթուր Վարդանյանը բերվեց դատարան (տեսանյութ)

Դուխներդ չգցեք. Արթուր Վարդանյանը բերվեց դատարան (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվեց «Նորք-Մարաշի» զինված խմբի գործով դատական նիստը, սակայն մեկնարկից մի քանի րոպե անց դատական նիստը հետաձգվեց։

Բանն այն է, որ ամբաստանյալներից մեկի շահերը պաշտպանելու համար հանրային պաշտպան ներգրավվեց, վերջինս էլ խնդրեց ժամանակ տրամադրել՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 12֊ին։

Նշենք, որ նիստին այսօր ներկա էր նաեւ զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը, որն ունի առողջական խնդիրներ եւ որոշ ժամանակ գտնվում էր քաղաքացիական հիվանդանոցում։ 

Հավելենք, որ դատարանն այս գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը փոխել է, բացառությամբ Վարդանյանի։

Նիստի ավարտից հետո Վարդանյանը դատարանին ինչ֊որ բան ասաց, ինչը լսել չէր։ Միայն դատական նիստերի դահլիճից հեռանալիս հայտարարեց՝ դուխներդ չգցեք։

Հիշեցնենք, որ այս գործով անցնում է 20 անձ, որպես զինված խմբի ղեկավար՝ ներկայացվում է Արթուր Վարդանյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Սույն գործով անցնում են «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: