Ոչինչ չի մոռացվում՝ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր արածների համար

Ոչինչ չի մոռացվում՝ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր արածների համար

Վահան Շիրխանյանի բաց նամակը՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին, էլ ավելի ագրեսիվ դարձրեց  նախկին ռեժիմի անմիջական վերահսկողության տակ գտնվող եւ նրանց  ձայնակցող  լրատվամիջոցներին։ Նրանց հիմնական փաստարկը, որ հեղինակը հղում է անում Վազգեն Սարգսյանին, ով մահացած է, եւ երկրորդ «փաստարկը»՝ ով է ասողը։ Որպես բաց նամակում բերված գործընթացների անմիջական մասնակից անձ՝ փաստում եմ, որ Շիրխանյանի կողմից բերված փաստերը համապատասխանում են իրականությանը, ինչը կփորձեմ հիմնավորել, եւ պետք չէ հույսը դնել ժողովրդի հիշողության կարճ լինելու վրա։  
Եվ այսպես․

1. 1998թ․ նախագահական ընտրություններն ի սկզբանե եղել են ապօրինությունների հենքի վրա՝ Ռոբերտ Քոչարյանը գրանցվել է թեկնածու ՆԳ եւ ԱԱ նախարարության կողմից տրված կեղծ տեղեկանքների հիման վրա։ Այդ հարցով երկու անգամ դիմել ենք դատախազությանը, որին, ինչպես ժամանակին ընդունված էր, որեւէ ընթացք չի տրվել։  2018թ․ հեղափոխությունից հետո այդ փաստերն ուղարկվել են ՀՔԾ։ 1998թ․ նախագահական արտահերթ ընտրություններին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը հանդես եկավ նախաձեռնությամբ․  ընդդիմադիր թեկնածուների հետ համաձայնեցված՝ յուրաքանչյուր տեղամաս ապահովեց առնվազն մեկ վստահված անձով, եւ ընտրությունների արդյունքում պարզվեց, որ շուրջ հինգ հարյուր հազար քվե է կեղծվել Ռ․ Քոչարյանի օգտին։ Տարիներ անց այդ մասին բարձրաձայնեց նաեւ ԱՄՆ  պետդեպը, ըստ որի՝ 100 հազարից ավելի քվե է կեղծվել Քոչարյանի օգտին։

Այո՛, ճիշտ է այն պնդումը, որ Քոչարյանն ի զորու չէր այդ կեղծիքները կազմակերպել, այդ ամենն իրականացվել է Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից՝ օգտագործելով ՀՀՇ-ի միջոցով ձեւավորված ընտրական հանձնաժողովները, որոնք ձեւավորվում էին 1995թ․ Ազգային ժողովի քվոտաներով,  որտեղ մեծամասնությունը ՀՀՇ-ինն էր։

Անդրադառնանք ՀՀ-ում տեղի ունեցած ընտրություններին, ինչը կարելի է խմբավորել հետեւյալ կերպ․
ա․ 1991թ․ նախագահական եւ 2018թ․ ԱԺ ընտրությունները՝ որպես ժողովրդի ազատ կամարտահայտություն, բայց ոչ գաղափարների եւ ծրագրերի ընտրություն, ուղղակի հեղափոխությունների  տրամադրության արձանագրումը քվեարկությամբ։
բ․ 1995թ․ Ազգային ժողովի, 1996թ․ նախագահական եւ  1999թ․ Ազգային ժողովի ընտրությունները  համարել որպես վիճահարույց ընտրություններ։ Նույնիսկ 1999թ․ Կարեն Դեմիրճյանի բարձր վարկանիշը եւ Վազգեն Սարգսյանի՝  վարչական ռեսուրսներն ապահովելով «Միասնություն» դաշինքի հաղթանակը, միաժամանակ մեծ դերակատարում ունեցավ Սերժ Սարգսյանը՝ որպես  ՆԳ եւ ԱԱ նախարարի, որն իր բոլոր հնարավորություններն օգտագործեց՝ թիրախային ահաբեկելով ընդդիմադիր ընտրազանգվածին, մասնավորապես՝ խոչընդոտելով քվեարկելու «Հայրենիք» դաշինքի եւ նրա մեծամասնական թեկնածուների օգտին։
գ․  Մնացած բոլոր ընտրությունները, այդ թվում՝ 2003թ․ նախագահական եւ ԱԺ,  2007թ․ ԱԺ,  2008թ․ նախագահական, 2012թ․ ԱԺ, 2013թ․ նախագահական եւ 2017թ․ ԱԺ ընտրություններն իրականացվել են  համատարած ընտրակաշառքով, իմիտացիոն ձեւով՝ ընտրության քողի տակ, ամփոփվել թվանկարչությամբ։

2. 2000թ․ ապրիլին հավաստի լուրեր տարածվեցին Մեղրիի գործարքի մասին, եւ այդ ընթացքում ձեւավորվեց «Հանուն հանրապետության եւ օրինականության նախաձեռնող խումբը», որի մեջ մտնում էին շուրջ երկու տասնյակ հայտնի քաղաքական գործիչներ եւ  քաղաքացիական ակտիվիստներ, որոնք նախաձեռնեցին հանրահավաքային շարք ընդդեմ Մեղրիի գործարքի։ Ապրիլ, մայիս, հունիս ամիսներին սկսվեց հանրահավաք Ազատության հրապարակից դեպի Զանգեզուրի խոշոր բնակավայրեր, Մեղրի։ Մեղրիում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի, որ հնարավոր է հոկտեմբերի 27-ը Մեղրիի գործարքի հետեւանք է։ Վերադառնալով Երեւան՝ ինձ  հրավիրեցին հարցաքննության՝ պահանջելով ասվածի հիմնավորում, փորձեցին ահաբեկել, եւ միաժամանակ սկսվեցին նախաձեռնության բոլոր անդամների նկատմամբ հետապնդումները՝  37թ․ НКВД-ի գործելաոճով։

3. Կոնյակի գործարանի եւ մնացած ապօրինի խոշոր գործարքների մասով  Ազգային ժողովում նախաձեռնվել էին արտահերթ նիստեր, ձեւավորվում էր հզոր շարժում, եւ ինչ-որ պահի Վազգեն Սարգսյանը զիջեց՝ հանձնարարելով Ազգային ժողովի «Երկրապահ» խմբին դեմ քվեարկել կոնյակի գործարանի վաճառքի գործարքին։ Այդ հողի վրա ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը, հայտնվելով Վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հակընդդեմ ճնշումների տակ, հրաժարական տվեց, չնայած կարճ ժամանակ անց մտափոխվեց։ Այդ ժամանակ լուրեր տարածվեցին, որ մինչեւ կոնյակի գործարանի գործարքի ձեւակերպումը, մի քանի միլիոն դեկալիտր կոնյակ է դուրս բերվել գործարանից եւ արտահանվել Ռուսաստան, շշալցվել Չեչնիայում։

4. OTE-ի պայմանագիրը («Արմենտելի» գործարք) Ազգային ժողովում վավերացվեց  1998թ․ փետրվարի  3-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը։ Այս գործարքը, ինչպես ՀՀ բոլոր գործարքները, առավել եւս՝ խոշոր, չեն շրջանցել կոռուպցիոն բաղադրիչը։
1998-2001թթ․ լայնածավալ պայքար կազմակերպվեց ապօրինի գործարքների դեմ, հատկապես՝ «Արմենտելի», որտեղ ներդրումների անվան տակ յուրացվեցին առնվազն  100  միլիոն դոլարի հասնող գումարներ, որի պատճառով բազմաթիվ մարդիկ «ինքնասպան» եղան, եւ որի համար «Արմենտելին» տրվել էր 15 տարվա մենաշնորհ, ինչը 1998թ․ «Հայրենիք» պատգամավորական խումբը բողոքարկեց Սահմանադրական դատարան, եւ չեղարկվեց, բայց Քոչարյանը թույլ չտվեց պայմանագիրը վերանայել։ «Արմենտելի» դեմ պայքարը շարունակվեց նաեւ 2001թ․, որի ընթացքում վերստին վարչախումբը հանուն  անձնական շահի գնաց ամեն ինչի, եւ սկսեցին բռնի ուժի կիրառումը ժողովրդի նկատմամբ, մասնավորապես՝ 2001թ․ սեպտեմբերի 7-ին 12 կուսակցությունների կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Գիզիրյանը Հունան Պողոսյանի հետ միասին Ազատության հրապարակում սկսեց սադրել հանրահավաքի մասնակիցներին, եւ մեծ դժվարությամբ խուսափեցինք արյունահեղությունից, այնուամենայնիվ, հանրահավաքից հետո կազմակերպիչներին սկսեցին հալածել եւ մեկուսացնել։

5. Բաց նամակում կարելի էր լրացնել նաեւ բաշխիչ ցանցերի հանցավոր վաճառքի գործընթացը։
1998թ․ հունիսին Քոչարյանը հրահանգավորեց էլեկտրաէներգիայի սակագինը, առանց որեւէ տնտեսական հիմնավորման, 16 դրամից բարձրացնել 25 դրամի, որպեսզի գրավիչ դարձնի բաշխիչ ցանցերը՝ ապագայում ապահովելով գերշահույթ։ Բաշխիչ ցանցերը վաճառվեց ինչ-որ օֆշորային կազմակերպության՝ 12 միլիոն դոլարով, մի քանի ամիս անց վերավաճառվեց 40 միլիոն դոլարով՝ ապահովելով իրենց համար 28 միլիոն դոլարի «եկամուտ»։ 

Եվ, ուրեմն,  ոչինչ չի մոռացվում, եւ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր արածների համար։

Պետրոս ՄԱԿԵՅԱՆ