Կարևոր է կանխել հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան. Հունաստանի ԱԳՆ

Կարևոր է կանխել հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան. Հունաստանի ԱԳՆ

Հունաստանի արտգործնախարարությունը ողջունում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև Պետական սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների 8-րդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Տեղեկությունը հայտնում է Հունաստանի ԱԳՆ–ն։

Նշվում է, որ Հունաստանը ողջունում է այս պայմանավորվածությունը, հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը։

«Կողմերին հորդորում ենք շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծում հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը: Նույն օրը երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, դժգոհ լինելով Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում, որոնք շարունակվում են առ այսօր և ընդգրկում ամբողջ հանրապետությունը։