Ցավալի տրանսֆորմացիա

Ցավալի տրանսֆորմացիա

Ամեն ժամանակ իր հերոսներին եւ հակահերոսներին է ստեղծում: Երբեմն, իհարկե, նախկին հերոսը կարող է դառնալ հակահերոս: Դա կատարվում է այն ժամանակ, երբ կորցնում է հանրային վստահությունը, չարաշահում իրեն տրված իշխանությունը, իր քայլերով հարուցում հանրության վրդովմունքը: Հաճախ հերոսներն այնքան խելացի չեն, որ գիտակցեն իրենց սպասվող վտանգները, ուստի կտրվում են իրականությունից եւ հայտնվում իրենց շրջապատած քծնողների ու արջի ծառայություն մատուցողների ստեղծած կեղծ աշխարհում: Մարդն իրապես պետք է խելացի լինի, որ հասկանա` իրենից կախված, իր ձեռքից փող ստացող, իր բարեհաճությունը մուրացող մարդիկ վատ խորհրդատուներ են, եւ երբեմն հենց նրանք են իրենց կուռքերի գերեզմանափորը դառնում:

Եթե ժամանակին Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին շրջապատողների մեջ լինեին համարձակ մարդիկ, որոնք նրանց սխալների մասին խոսեին, գուցե պատմությունն այլ կերպ զարգանար: Հիմա նույն ազատ անկման մեջ է հայտնվել Նիկոլ Փաշինյանը, ով նույնպես, գուցե անգամ ավելի շատ է իրեն շրջապատել տգետ, քծնող, իր կարծիքին հակադրվելու անընդունակ մարդկանցով: 2018-ից հետո ինչ-որ շրջան դեռ կային մարդիկ նրա կառավարությունում, թիմում, որոնք կարող էին սթափ նայել իրերին ու ճիշտ խորհուրդներ տալ: Հիմա անգամ անզեն աչքով երեւում է այն աղետալի վիճակը, որ ձեւավորվել է իշխանության վերնախավում: Ճիշտ է, ինքը` «առաջնորդն» էլ այնքան է մեծամտացել, որ երկրորդ կարծիք այլեւս ունակ չէ լսելու, որովհետեւ Քրիստոսի, Պապ թագավորի, Չեմբերլենի հետ իրեն համեմատողն այլեւս օդում սավառնող գոյություն է: Բայց նրա շուրջն էլ գնալով նվազեցին պրոֆեսիոնալներն ու խելացիները: Մնացին միայն փող ու պաշտոն սիրող պնակալեզները, շեֆին աստվածացնողները եւ ընտանիքի անդամները: