Հակոբ Արշակյանը կշարունակի Երևան-Սևան մայրուղու արգելապատնեշների ծրագիրը

Հակոբ Արշակյանը կշարունակի Երևան-Սևան մայրուղու արգելապատնեշների ծրագիրը

Հայաստանում իշխանություն էլ փոխվեց, ճանապարհների վիճակն էլի մնաց նույնը՝ անմխիթար, անորակ ու կիսաքանդ։ Իսկ որտեղ էլ որ կառուցվում են նոր ճանապարհներ, դրանք, միեւնույն է, էլի բարձր որակի չեն լինում եւ շատ արագ շարքից դուրս են գալիս։ Տրանսպորտի նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը, օրինակ, հաճախ անձամբ էր գնում հսկում ճանապարհաշինարարների աշխատանքն ու երբեմն տուգանում անորակ աշխատանքի համար, ստիպում նորից քանդել ու կառուցել։

Նոր նախարարը եւս կարծես այս հարցում բավականին հետեւողական է, բայց մեկ է՝ Հայաստանում կա՛մ չեն կարողանում լավ ասֆալտ «փռել», կա՛մ պահանջներն այնքան խիստ չեն դրվում, որ ունենանք եվրոպական ճանապարհների նման բարձրակարգ ու դիմացկուն ճանապարհներ։ Նույն Վահան Մարտիրոսյանը նաեւ մի ծրագիր էր սկսել, որը նրանից հետո կիսատ մնաց։ Խոսքը Երեւան-Սեւան մայրուղու գազոնի երկու կողմերում արգելապատնեշների կառուցումն էր, որը մարդկային կյանքեր կարող էր փրկել։ Մինչ օրս այդ մայրուղու տարբեր հատվածներից մեքենաները, այդ թվում՝ հատկապես մեծ, բեռնատար, հատում են գազոնն ու խախտումով շրջադարձ կատարում։ Սա չափազանց վտանգավոր խախտում է, ցանկացած պահի կարող են մեքենաները չհասցնել արգելակել եւ մխրճվել արգելված հատվածից շրջադարձ կատարող մեքենաների մեջ։

Հատկապես նման շրջադարձեր շատ են կատարում «Չայնիի» ոլորաններում գործող ավազահանքի բեռնատարները, որոնց վարորդները չեն ցանկանում մի քանի մետր ավել վարել ու անվտանգ շրջադարձ կատարել։ Իսկ եթե արգելափակոցներ լինեն, արդեն մեքենաները չեն կարողանա չնախատեսված հատվածից շրջադարձ կատարել։ Մարտիրոսյանի օրոք մի որոշ հատված հասցրեցին տեղադրել արգելապատնեշները եւ մտադիր էին մինչեւ Սեւան ամբողջությամբ շրջափակել գազոնը մետաղյա արգելապատնեշներով։ Ապա այս ծրագիրը կանգ առավ, ու մինչ օրս տեղաշարժ չկա։ Այս երկու թեմաների շուրջ զրուցեցինք տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս նախարար Հակոբ Արշակյանի հետ։

Ճանապարհների մասով Արշակյանն ասաց, որ կան ճանապարհահատվածներ, որտեղ, ըստ պայմանագրի, աշխատանքները չեն իրականացվել բավարար որակով, եւ այդ ճանապարհահատվածների վերաբերյալ իրենք հստակ սանկցիաներ են կիրառել։ «Այսինքն՝ էնպես չի, որ էդպես վճարել ենք, ու գնացել են՝ չեն սարքել։ Մենք ընդհանրապես հետվճարային ենք աշխատում։ Կոնկրետ հիմա Ոսկեպար-Իջեւան հատվածի ճանապարհի մասին է խոսքը»,-ասաց նախարարը։

Իսկ բացի սանկցիաներ կիրառելուց ու տուգանքներից, նրանք շտկելո՞ւ են իրենց սխալը։ Արշակյանն ասաց, որ դրա համար մի քանի ճանապարհ կա․ «Եթե շինարարական ընկերությունը ցանկանա եւ վերանորոգի նորից այդ ճանապարհը, որը բավարար որակով չէր արել, եւ բերի այն տեսքի, որն ըստ պայմանագրի նախատեսված էր, ապա այդ դեպքում ոչ մի բան չի լինի, մենք կվճարենք։ Հակառակ դեպքում, եթե չեն բերի այն տեսքի, ինչ պետք է լիներ, կախված նրանից, թե ինչ կարգի է որակը զիջում պայմանագրով նախատեսվածից, կա՛մ տուգանք է կիրառվում, կա՛մ ընդհանրապես չի վճարվում, եւ չեղարկվում է պայմանագիրը, ու «սեւ ցուցակում» է հայտնվում տվյալ ընկերությունը»։

Ինչ վերաբերում է Երեւան-Սեւան մայրուղու արգելապատնեշների հարցին, ապա Հակոբ Արշակյանն ասաց, որ մեր բարձրացրած հարցի հիման վրա ինքը հանձնարարել է, որ այդ ծրագիրը շարունակական լինի։ «Եվ դա կտոր-կտոր է իրականացվում, այդ պատճառով մի մասը հիմա կա, մյուս մասը հատված-հատված կգնանք։ Կարծում եմ՝ այս տարի մենք արդեն ունենք որոշակի հատված՝ դրված ծրագրի մեջ»,- ասաց նա։