Կառավարությունը կարող է կանխել ավտոմեքենաների կտրուկ թանկացումը, եթե ցանկանա

Կառավարությունը կարող է կանխել ավտոմեքենաների կտրուկ թանկացումը, եթե ցանկանա

2018 թվականի ընթացքում շուրջ 68 հազար ավտոմեքենա է ներկրվել Հայաստան։ Սա ՊԵԿ-ի պաշտոնական ցուցանիշն է։ Այդ մեքենաների մի զգալի մասը, եթե չասենք՝ մեծ մասը, այսօր արտահանվում է ԵԱՏՄ անդամ երկրներ, մասնավորապես՝ Ղազախստան։ Էրեբունու ավտոշուկան լի է ղազախներով, նաեւ՝ ռուս գնորդներով։ Նրանք Ղազախստանից գալիս հասնում են Հայաստան, որ այստեղից համեմատաբար մատչելի գնով երրորդ երկրներից ներկրված մեքենաներ ձեռք բերեն ու տանեն իրենց երկրում վաճառեն կամ պարզապես իրենց կարիքների համար շահագործեն։ Ղազախստանում երրորդ երկրներից ներկրված մեքենաների համար շատ բարձր մաքսատուրք է սահմանված, իսկ Հայաստանում՝ դեռ ոչ, դրա համար էլ այստեղից գնելը ձեռնտու է, 4-5 հազար կամ մինչեւ 10 հազար դոլար արժեքով Հայաստանից ձեռք են բերում ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից կամ Ճապոնիայից ներկրված մեքենաներ եւ տանում Ղազախստան՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, հայկական պետհամարանիշով շահագործում կամ կրկնակի թանկ վաճառում։ Սա արդեն մեծ աշխուժություն է մտցրել հայկական ավտոշուկայում՝ մեծ ծավալի ֆինանսական հոսքեր ու շրջանառություն ապահովելով մեր երկրում։

Օրական, ըստ նախնական տվյալների, մոտավորապես 100-ի չափ մեքենա է վաճառվում Հայաստանում ու գնում դուրս՝ Ղազախստան,  Ռուսաստան։ Եվ եթե մեկ մեքենայի արժեքը միջինը գնահատենք 5 հազար դոլար, ապա ստացվում է՝ օրական միջինը 500 հազար դոլար գումար է դրսից մտնում Հայաստան։ Բայց շուտով այս ալիքը կմարի, քանզի 2020 թվականից Հայաստանը եւս՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, պարտավոր է բարձրացնել ավտոմեքենաների մաքսատուրքը, արդյունքում մեզ մոտ էլ երրորդ երկրներից ներկրված մեքենաները կթանկանան մի քանի անգամ։ Այս բարձրացումը մեղմելու մի ճանապարհ կա՝ կառավարությունը կարող է իր ներքին՝ 20 տոկոսանոց ավելացված արժեքի հարկը, որը սուվերեն հարկ է, նվազեցնել՝ այդպիսով բալանսավորելով բարձրացած մաքսատուրքի հետ, ինչի արդյունքում բավականին կնվազի ավելացվող մաքսազերծման արժեքի չափը։ Կամ էլ կառավարությունը հիմա մտմտում է բանակցել ԵԱՏՄ-ի հետ, որպեսզի նորից մի քանի տարով հետաձգեն մեր երկրում երրորդ երկրներից ներկրվող մեքենաների մաքսատուրքի ավելացումը։ Բայց մի անգամ արդեն հետաձգվել է, հիմա դժվար է ասել՝ որքանով է նորից նույնը հավանական։ Եթե չհաջողվի այս հարցը լուծել, ապա Հայաստանում բազմաթիվ մարդիկ, որոնք գումար էին վաստակում մեքենայի առքուվաճառքով, կզրկվեն եկամտից, Հայաստանն էլ կզրկվի օրական մի քանի հարյուր հազար դոլար ուղիղ կերպով մտնող գումարներից, որոնք հետո պետության համար անուղղակի հարկի աղբյուր են դառնում։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ զրույցում հասկացանք, որ կառավարությունն առանձնապես այս ուղղությամբ չի մտածում եւ չի փորձում որեւէ արմատական լուծման գնալ։ Թեպետ նա տեսականորեն չբացառեց, որ հնարավոր է կառավարությունը գնա որեւէ լուծման, օրինակ՝ ԱԱՀ-ի նվազեցման։

«Հարցն էնպիսին է, որ գայթակղությունը մեծ է պատասխանել, որ ամեն ինչ հնարավոր է, բայց էդպիսի հարց էսօր չունենք քննարկած եւ առավել եւս՝ որոշում կայացրած, բայց մենք պիտի հաշվի առնենք, որ մենք ընդհանուրի մի մաս ենք, այսինքն՝ մենք չենք կարող էնպիսի գործողություններ անել, որ մենք մնացած բոլորից ավելի հնարամիտ ենք եւ խելացի, եւ ոչ մեկը չի հասկանում։ Մենք ինչ գործողություն էլ որ անենք, մեր ստանձնած պարտավորությունները՝ բազմակողմ եւ երկկողմ, պիտի հաշվի առնենք»,- ասաց Ջանջուղազյանը։

- Պարզապես ԱԱՀ-ն մեր սուվերեն հարկն է, եւ մենք կարող ենք ինքնուրույն դրա հետ փոփոխություն կատարել։ Հնարավո՞ր է ԵԱՏՄ-ի կողմից ճնշում լինի կամ քաղաքական որոշում, որ որեւէ քայլ չձեռնարկենք այս հարցում։

- Ամեն ինչ երեւի հնարավոր է, բացի ճնշումից։ Այսինքն՝ որեւէ որոշում, ես համոզված եմ, որ լինելու է ռացիոնալ, եւ նույնիսկ քաղաքական որոշումն էլ իր տակ ունենալու է տրամաբանություն։ Իսկ ճնշում հնարավոր չէ։

- Իսկ Դուք անձամբ ինչպե՞ս եք վերաբերվում այդ գաղափարին։

- Ոչ մի կերպ, որովհետեւ կարծում եմ՝ այնուամենայնիվ դժվար է որպես հեռանկարային ուղղություն Հայաստանի համար, մանավանդ հայտարարված տնտեսական աճի մոդելի համատեքստում համարել, որ մենք էդ Ձեր նշած ճանապարհով կարող ենք հասնել լրջագույն արդյունքների։ Դա դժվար է դիտարկել բարձր տեխնոլոգիաների համատեքստում։

- Բայց տեխնոլոգիաների ոլորտ չէ, սա էլ իր ձեւի մեջ շուկա է, որը զարգանում է։ Օրինակ՝ վրացական ավտոշուկան տարածաշրջանում առաջատար էր, եւ մենք գնում էինք, այնտեղից էինք մեքենա գնում, հիմա Հայաստանից են գալիս մեքենա տանում, չարժե՞ արդյոք խթանել այս ուղղությունը։

- Բայց հիմա մենք չենք գնում, չէ՞, Վրաստանից բերում, որովհետեւ կարճաժամկետ էր, չէ՞, դրա էֆեկտը։ Այսինքն՝ պետք է գնահատել, թե արդյոք գինը, որը վճարվելու է դրա համար, արդարացվա՞ծ է էն հնարավոր կորստի տեսակետից, թե՞ ոչ։

- Կարճաժամկետ էր, որովհետեւ Վրաստանը բարձրացրեց մաքսատուրքը, եւ թանկացան մեքենաները, իսկ մեզ մոտ կարող ենք զսպել այդ բարձրացումը եւ մենք դառնանք առաջատար տարածաշրջանում։

- Եթե գնահատվի, որ դա է հեռանկարը Հայաստանի Հանրապետության, ամեն ինչ էլ հնարավոր է։

- Հեռանկար չէ, ընդամենը մի ճյուղ է, տնտեսության ճյուղերից մեկը։

- Մենք չպետք է ջլատենք մեր ռեսուրսները, մենք պիտի համախմբենք դրանք։

- Իսկ ինչի՞ վրա ենք մեր ռեսուրսները ներդնելու, միայն բարձրագույն տեխնոլոգիաների՞, դրանո՞վ ենք ուզում տնտեսությունը զարգացնել։

- Ինչի վրա որ հայտարարվում է, դրա վրա են համախմբվելու մեր ռեսուրսները։