Նեռն էլ է գալիս երկնքից

Նեռն էլ է գալիս երկնքից

Ձեր կարծիքով՝ Ազգային ժողովի իմքայլական պարսը ինչո՞ւ համաձայն չէ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա վարչապետությունից։ Դուք կարծում եք՝ իմքայլականներին շա՞տ է հուզում մեր կիսաքանդ երկրի անորոշ ապագան, նրանց սիրտը շա՞տ է ցավում այս ողբերգական ներկայի համար, կամ՝ նրանք էլ, բոլորի նման, փշրված ու ջնջվա՞ծ են իրականությունից՝ ոչ վաղ անցյալի հիշողությունների ամոթի պատճառով։ Իսկ գուցե նրանք Փաշինյանին սատարում են գաղափարական հարազատությունից ելնելո՞վ։ 
Իհարկե՝ ոչ։ 

Եվ երբ ԱԺ փոխնախագահ տիկինը  ձեռքի «նրբագեղ» շարժումով զարմացած հարցնում է, թե՝ օդից վարչապե՞տ եք բերելու, իհարկե՛ նկատի ունի, որ իրենց վարչապետն օդից չէ՝  երկնքի՛ց է երկիր իջեցվել, մի կե՛րպ է իջեցվել, որպես փրկի՛չ է իջեցվել, իսկ մյուս հնարավոր թեկնածուները, վարչապետի հրաժարականի պարագայում,  պատահականություններ կարող են լինել՝ օդից բերված։ Այսպես են կարծում բոլոր գերազանցիկ իմքայլականները․ նրանք իրենց «աննախադեպին» ընկալում են որպես երկնքից իջած, եւ ամեն մեկն իր անհատական «100 փաստն» ունի դրա համար։ Այդպես մտածում են, նրբագեղ շարժումով տիկնոջից բացի, ահավասիկ նաեւ ԱԺ իմքայլական պատգամավորներ Մերի Գալստյանը, Նարեկ Գրիգորյանը, Տիգրան Կարապետյանը, Արտաշես Պետրոսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արմեն Թադեւոսյանը, Գոհար Թորոսյանը, Գրիգոր Մադաթյանը, Պետրոս Սիմոնյանը, Արշակ Գեւորգյանը․․․ այլք։

Նկատե՞ց ընթերցողը (կամ կնկատե՞ր արդյոք այս նյութը պատահաբար ընթերցող Լիլիթ Մակունցը), որ թվարկման մեջ  վերջին հինգ անունները գոյություն չունեցող պատգամավորներ են, բայց որքանո՞վ «գոյություն ունեն» նախորդի՛վ թվարկված հինգ պատգամավորները․ մարդիկ ճանաչո՞ւմ են նրանց, մտապահե՞լ են դեմքերը, գիտե՞ն անունները, լսե՞լ են կատարած հայրենավեր եւ պարգեւարժան գործերի մասին։ Ախր նրանք բոլորը նույն անհայտություններն են, նույն անորոշությունները, նույն պատահականությունները։ 

Ուստիեւ նրա՛նց չէ տրված որոշելու՝ իրենց աստծո երկինք վերհամբառնալուց հետո նոր վարչապետն «օդից» ինչպե՞ս է ընկնելու։  Ի դեպ, ավելի լավ է՝ «օդից», քան մեր համազգային փորձանքի նման՝ իբր երկնքից։

Որովհետեւ երկնքից է գալիս նաեւ նեռը։