Հավերժական հայը
Հայաստանն ու հայ ժողովուրդը 2020-ի օրացուցային եւ քաղաքական նահանջ տարին փակում են ծանր սրտով, աղետալի պարտությունների, մարդկային եւ տարածքային կորուստների ահռելի բեռով, դավաճանության եւ դավադրության ակնհայտ եւ անհայտ իրողություններով, համազգային վհատությամբ եւ հանրային անհնազանդությամբ, հիվանդագին իշխանապահպանման եւ քայքայիչ իշխանատենչության անկանգ ձգտումներով, քաղաքական կուրությամբ եւ կուրադավան քաղաքականությամբ, դաշնակիցների դավադրությամբ եւ թշնամիների նենգությամբ, ցիրուցան եղած ազգային միասնականությամբ, փլուզվող հայկական անկախ պետականությամբ, ներկայի հանդեպ վհատությամբ եւ ապագայի անորոշությամբ, վախկոտների անարգությամբ եւ հերոսների փառքով:
2020 թվականի հետ փակվում է նաեւ հայոց պատմության վերջին 100 տարվա շրջափուլը՝ պատմության խստաշունչ դասերն անտեսած եւ պատմության դժնդակ կրկնությամբ, քաղաքական առաջնորդների աղետաբեր սխալներով, պարտությունից պարտություն եւ կորուստներից կորուստներ՝ հայ ժողովրդի մեկդարյա քայլքով, ազգային զարթոնքի եւ դժվար հաղթանակի փառահեղ, սակայն փակված էջերով:
Հայոց պատմության վերջին 100 տարվա շրջափուլն ավարտվում է պատմական կորուստների կրկնությամբ, հայկական մոլորությունների պարունակով, Հավերժական հայի միայնությամբ եւ տրտմությամբ, նրա հոգնաբեկ եւ ծանրաշունչ հեւոցով, լուսավոր ստի հանդեպ նրա անանց սիրով, շփոթվածության ինքնարդարացմամբ եւ դյուրահավատության պարզամտությամբ, հուսախաբության շնչարգելությամբ եւ ծառս լինելու անհնազանդությամբ, հպատակվելու նրա ողբերգությամբ եւ ազատագրվելու վեհությամբ, հուսահատության նրա ճիչով եւ հարատեւելու աննկուն կամքով:
Հավերժական հայը չի փոխվել ոչ միայն վերջին 100 տարին, այլեւ վերջին 3000 տարվա ընթացքում: 3000 տարվա այս կծիկը հավաքվել է հակասությունների եւ ներդաշնակության, ծայրահեղությունների եւ չափավորության, ինքնախարազանումների եւ ինքնահիացումների, անկանխատեսելիության եւ անբացատրելիության, հետադիմության եւ առաջադիմության կոշտ թելերից:
Հավերժական հայը հավերժ ապերջանիկ է: Նա ապրում է արդարության հանդեպ հավերժական սիրով, սակայն անարդարության հավերժական ճահճում, հավերժ ձգտում է ազատության, բայց եւ փախչում է ազատությունից: Դարեր շարունակ ձգտում է հայկական պետականության, սակայն այն նվաճելուց հետո սկսում է ինքնաքայքայվել: Հավերժական հայն իր երազներում հավերժ ճախրում է, իսկ իրականության մեջ ուժգին գետնին է զարնվում:
Հավերժական հայը սիրում է հենվել թափառականի ցուպին եւ հագնել մազապուրծի պատմուճանը: Վերջին 100 տարին, դրանից առաջ՝ 200 տարին, դրանից առաջ՝ բազում դարեր, նա ապրում է աստանդականի խեղճությամբ եւ հերոսացնում մազապուրծ հային:
Նա մազապուրծին հերոսացնում էր թե՛ 1915-ին, թե՛ 2020-ին: ԶԼՄ-ներով եւ սոցցանցերով նա հերոսացնում է Ստեփանակերտից իր ընտանիքին մեքենայով Երեւան տեղափոխած 11 տարեկան տղային՝ մոռանալով, որ որքան էլ երեխան տրվել է ինքնապահպանման մարդկային բնազդին, բայց նա իրականում փախչում էր իր ծննդավայրից: Երեխան մեղավոր չէ, այլ փախչողի նրա տեսակը: Հավերժական հայը սիրում է մազապուրծի կերպարը մատուցել որպես հերոսություն, քանի որ նա նման է իրեն: Հենց այդպես էլ մազապուրծ՝ նա իր պատմական հայրենիքը թողել է հավերժական թշնամուն: Նա գոյատեւումը գերադասում է հարատեւումից՝ վստահ, որ իր հարատեւման հիմքը գոյատեւումն է: Նա փրկությունը գերադասում է պայքարից, պայքարը՝ հեռատեսությունից եւ ողջամտությունից: Հավերժական հայի պայքարն ու պատերազմը միշտ օրհասական է, ճակատագրական ու հերոսական:
Հավերժական հայը սիրում է լուսավոր սուտը եւ փախչում դառնահամ ճշմարտությունից: Լուսավոր սուտը նրա մտքին եւ հոգուն երանավետ թմբիր է բերում: Լուսավոր ստի հանդեպ նրա տենչանքը թույլ չի տալիս մագլցել ճշմարտության ժայռը, բացել իրականության ծանր դուռը, բախվել սեփական սխալների կարծր պատին: Լուսավոր ստի ինքնախաբկանքը նրան զրկել է քաղաքական հեռատեսությունից, հասարակական շրջահայացությունից, համազգային պատասխանատվությունից՝ գոցելով ազգային իղձերի իրականացման եւ վերելքի նրա ճանապարհը:
«Ռազմավարական դաշնակիցը» շարունակ դավում է՝ սնելով նրա դարավոր թշնամիների հարյուր տարվա ահասարսուռ նկրտումները, սակայն Հավերժական հայը հավատում է «հավերժական բարեկամի» ցնորքին: Հավերժական թշնամին անկանգ զինվում է, պատերազմում, ահաբեկում, սակայն նա ինքնակամ հանձնվում է խաղաղության եւ բարիդրացիության խաբկանքին: Մարտնչող պացիֆիզմի եւ հողն արժեզրկելու այս խելակորույս քաոսում նա կորցրել է իրատեսության կողմնորոշիչները: Լուսավոր ստի խաբկանքին տրված՝ նա գերադասում է ապավինել օտարին, ցուցադրել իր խեղճությունը եւ անտեսել ու խեղդել իր ուժը: Նա նախընտրում է լինել շփոթահար ու մոլորյալ, թեպետ իրականում նա՝ ինքը, հավերժական մի մոլորակ է՝ մեռնող ու հառնող ազգերի աստղաբույլով լի երկնքում:
Հավերժական հայը հավատում է Բարձրյալին, սակայն անտեսում է նրա չգրված պատվիրանը՝ Մի՛ խեղճացիր: Նա հավատում է Աստծոն, սակայն տրվում է նաեւ Մամոնայի գայթակղությանը: Նա չի ապավինում Ահեղ դատաստանին, թեպետ Աստծո դատաստանը մեղսավոր աշխարհում արդարություն հաստատելու եւ չարագործներին գեհեն ուղարկելու նրա վերջին հույսն է: Նա հավատում է, որ իր երկիրը՝ Հայաստանը, աստվածաշնչյան դրախտավայր է, թեպետ այդ դրախտը նա շարունակ դժոխքի է վերածում՝ փախչելով դրա հրայրքից:
Հավերժական հայը գլխահակ է ու վհատ, թեպետ պատմության կեռմաններում քանիցս կոտրել է հուսաբեկության կարծր կեղեւը եւ ցնցել վրդովմունքի անսասան կաղնին: Պատմության իր երկար ճանապարհին նա ըմպել է համբերության թասից՝ իր համբերությամբ հոգնեցնելով թե՛ իրեն, թե՛ աշխարհին: Նա քայլել է պարտությունների ճանապարհով՝ յուրաքանչյուր պարտությունից հետո ամբարելով ընդվզման սերմերը, որոնք երբեմն նա ցանել է քամու ժամանակ, եւ հնձելով փոթորիկ:
Հավերժական հայը հավատում է, թե այս հիմար, խելագար եւ մեղսավոր աշխարհի վերջին իմաստունն է եւ անհետացող մարդկության վերջին ազգն է լինելու, թեպետ պատմության նրա սխալների կրկնությունը, նրա հայկական մոլորությունները իմաստազրկել են նաեւ նրա հարատեւման տենդագին ձգտումները, եթե նա անվերջ մնալու է նույն տառապյալը եւ նույն կորուսյալը:
Հավերժական հայը վստահ է, թե ինքը Հավերժի ճամփորդն է, մարդկության արշալույսը եւ մայրամուտը դիմավորողը, ժայռակերտ իր երկրի արծիվը, որն արծվի սլացքն ունի, սակայն նրա պես սրահայաց չէ, այլ ճնճղուկի պես կարճատես է:
Հավերժական հայն ինքն իրեն մարդկության խիղճը եւ աշխարհի փրկիչ է համարում, Քրիստոսի երկնային տեղապահը, Աստծո ընտրյալը եւ փորձությունների շտեմարանը, թեպետ Հավերժական հայն անգամ չի կարողանում ինքն իրեն փրկել:
Ահա, այսպես Հավերժական հայը հասել է 2021-ի իր նոր հարյուրամյա պատմության դարպասներին՝ կծկված, գլխահակ, շփոթահար: Նա որոշել է շարունակել իր հավերժական պատմության ընթացքը, թեպետ չգիտե, թե դեպի ուր քայլի: Ժամանակի հոսուն ավազները եւ աշխարհացունց փոթորիկները մաշել են նրա երազանքների ծովերը: Նա չի ձգտում փոխվել, վստահ, որ փոփոխությունները փակելու են հարատեւման իր ուղին:
Հավերժական հայը քայլում է դեպի իր աստվածաշնչյան ճերմակափառ Լեռը: Նա քայլում է խստաշունչ աշխարհի, չդադարող պատերազմների, իր հերոսների շիրիմների, հայրենի հողերի կորստի միջով, սեփական մոլորությունները, պարտությունները եւ քաղաքական առաջնորդների ամոթալի սխալներն ուսած՝ նա քայլում է դեպի հավերժական Լեռը: Հավերժ անփոփոխ իր քայլքով, աշխարհին համընթաց չընթանալու իր խենթությամբ, անխոհեմության տատասկներով, հուսաբեկության մացառներով, հարատեւման իր անմար ջահով նա քայլում է դեպի Լեռը, որ կանգնած է Անցյալի, Ներկայի ու Գալիքի նրա ճանապարհին: Աստվածաշնչյան Լեռն այն հորիզոնն է, ուր հատվում են Հավերժական հայի ազգային իղձերը, ուր հատվում են Երկինքն ու Երկիրը:
Կարծիքներ