Թուրքիան եւ Ադրբեջանն օգտվում են, որ Հայաստանում անիշխանություն է

Թուրքիան եւ Ադրբեջանն օգտվում են, որ Հայաստանում անիշխանություն է

Հարցազրույց Քնեսեթի պատգամավոր, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) նախագահ Ալեքսանդր Ցինկերի հետ

- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին պնդել է Արցախի հարցի հանգուցալուծման իր «6-ի ֆորմատը»։ Սա վտանգավոր ծուղակ չէ՞ Հայաստանի համար, Մինսկի խմբին այլընտրանք ստեղծելու փորձ չէ՞։

- Ես կարծում եմ, որ մոտ ապագայում, քանի դեռ Հայաստանում վերականգնված չէ նորմալ իշխանությունը, որին ժողովուրդը կընդունի եւ որի դեմ փողոց դուրս չի գա, եւ քանի դեռ ձեւավորված չէ ազգային գաղափար, թե Հայաստանը որ ուղղությամբ է ընթանալու, Հայաստանի համար որեւէ միության, բլոկի անիմաստ է հարել կամ անդամակցել։

- Բայց գործող իշխանությունը չի պատրաստվում գնալ։ Լավագույն դեպքում՝ ուզում են արտահերթ ընտրություններ անցկացնել։

- Ուրեմն մինչեւ ընտրություններ ոչ մի բլոկ մտնել պետք չէ, սկզբունքային հարցերի շուրջ որոշումներ պետք չէ ընդունել։  Ասեմ՝ որեւէ բլոկ շատ հեշտ է մտնել, այնտեղից դուրս գալն է շատ դժվար։

- Նկատի ունեք Եվրասիական միությո՞ւնը։

- Առհասարակ։ Այսօր Հայաստանը ԵԱՏՄ-ում է, ՀԱՊԿ-ում, եւ որեւէ միության ու համագործակցության այլ ձեւերի մասին անիմաստ է մտածելը, քանի որ այն ամենը, ինչ կարվի, կորոշվի, կընդունվի գործող իշխանության կողմից, հասարակության մի մասի կողմից կընդունվի, մյուսի կողմից չի ընդունվի, անկախ նրանից՝ լավ է դա, թե վատ։ Ձեր մոտ, պատերազմի արդյունքներով, տեղի է ունեցել հասարակության երկփեղկում։ Այնպես որ, այսօր շատ վտանգավոր է կոնցեպտուալ բաների մասին մտածելն ու որոշումներ ընդունելը։ Հետո, երբ կանցկացվեն նոր ընտրություններ, կլինի նոր վարչապետ, միայն այդ ժամանակ կարելի է նման բաների մասին մտածել։ Իսկ այսօր գործող կառավարությունը եւ ԱԺ-ն կարելի է դիտարկել որպես անցումային, եթե անգամ նրանք տեսանելի ապագայում չհեռանան։ Մեզ մոտ, օրինակ, լուծարվել է խորհրդարանը, կառավարությունն առաջիկա 3 ամիսներին միայն ընթացիկ խնդիրների վերաբերյալ է որոշումներ ընդունելու՝ ոչ մի համազգային հարցի վերաբերյալ որոշում չի ընդունելու։

- Այն, ինչ կատարվում է Սյունիքի մեր սահմաններին, օրինաչա՞փ եք այսօր համարում։

- Եթե անկեղծ, չգիտեմ, թե ինչ է կատարվում, որովհետեւ միայն հայկական մամուլ եմ կարդում, որտեղ շատ իրարամերժ տեղեկություններ են։ Մի մասն ասում է, որ համարյա թե ողջ Սյունիքը հանձնում են, մյուսները՝ որ ամեն ինչ ընդունված սահմանների շրջանակում է, դրա համար այս հարցին դժվարանում եմ պատասխանել։

- Կատարվում է դեմարկացիա, նման հարց վերջին 30 տարիներին չի քննարկվել, եւ Հայաստանը, որը հաղթող կողմ էր, Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտում չի արել։ Այսինքն՝ կային դե ֆակտո սահմաններ, հիմա ադրբեջանական կողմի պնդմամբ՝ նման անհրաժեշտություն կա։ Ձեր կարծիքով՝ Սյունիքի հատվածն ինչո՞ւ է պետք Ադրբեջանին ու Թուրքիային։

- Դժվար է ասել, թե իրենք ինչ են ուզում, բայց, որքանով ես եմ հասկանում, ցանկանում են պահն օգտագործել։ Օգտվել նրանից, որ Հայաստանում այսօր անիշխանություն է։ Այսինքն՝ այն, որ գործող իշխանությունը չի կարողանում, նրան փոխել փորձող ընդդիմությունը նույնպես չի կարողանում։ Ես, անկեղծ, զարմացած եմ, որ սահմանին ծագած այդ բոլոր հարցերի վերաբերյալ չեմ լսել, որ հիշատակվեր ՀՀ զինված ուժերի մասին։ Ասես նրանք ընդհանրապես չկան, գոյություն չունեն։ Կամ էլ նրանք պաշտպանում են Երեւանում գործող իշխանությա՞նը․ անհասկանալի է։ Մամուլում այս է՝ «ռուսական խաղաղապահները ադրբեջանական բանակի հետ կարգավորում են» ինչ-ինչ հարցեր։ Ինչո՞ւ չի հիշատակվում, որ կա ինչ-որ մեկը Հայաստանից։