Հայաստանը գնում է պետականության կորստի

Հայաստանը գնում է պետականության կորստի

Անցնող 2020 թվականը մեր պետության համար փորձությունների տարի էր՝ կորոնավիրուս, դաժան պատերազմ՝ շուրջ  5 հազար զոհերով, գերիներով, անհետ կորածներով, կորսված Արցախով, թշնամու երախում հայտնված Հայաստանով եւ ամենակարեւորը՝ հիասթափություններով ու դեպրեսիաներով լի։ Մենք փորձել ենք այս չարաբաստիկ տարվա ամփոփ գնահատականը լսել քաղաքական գործիչներից։ Ինչպիսին է եղել տարին իրենց համար եւ իրենց կարծիքով։ Ինչպես ենք փակում 2020 թվականը եւ ինչ հույսերով ենք մուտք գործում 2021 թվական։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյան․ «Փաստորեն, մեր սերունդը, մենք՝ բոլորս, ժամանակակիցը եղանք մեր հայ ժողովրդի պատմության ամենադաժանագույն հատվածի։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ ցեղասպանությունից հետո, ցեղասպանությանը հավասար, ես համարում եմ արհավիրք։ Այո, ես մեծ  մտավախություն ունեմ, որ Հայաստանը գնում է պետականության կորստի, որովհետեւ իշխանության ղեկին են ավանտյուրիստներ, իշխանության ղեկին են դավաճաններ, մանկուրտներ։ Իշխանության ղեկին են արժեքային որեւէ համակարգ չունեցող սրբապիղծներ, որոնց համար հայրենիքը մանրադրամ է։ Ես չգիտեմ՝ մենք այսպես ուր ենք գնում, բայց ես չեմ ուզում ապավինենք «հայի վերջին խելքին», որ հետո ասենք՝ բա ինչու չբռնեցիք Նիկոլի ու նիկոլիզմի ձեռքը։ Ես հասկանում եմ, որ բոլորս մեղավորության մեր բաժինն ունենք, նաեւ առաջին հերթին՝ ես, որ ես իմանալով Նիկոլին՝ շատ ավելի լավ, քան իր մերձավոր շրջապատը, 2018-ին լռեցի՝ մտածելով, որ գոնե մեկ անգամ պիտի ապավինել ժողովրդի ընտրությանը, որ ժողովուրդը եթե անգամ սխալ է, ապա նրան պետք է տալ սխալվելու հնարավորություն։ Բայց արդյունքում մենք կորցրինք Արցախը, կորցնում ենք Սյունիքը, եւ վտանգի տակ է Հայաստանի պետականությունը։ Ես երբեւէ չէի կարող պատկերացնել, որ իմ կյանքի ընթացքում կտեսնեմ Հայաստանի պետականության անկումը՝ տգետների, դավաճանների, մանկուրտների ձեռքով։ Սա հայ ժողովրդի պատմության ամենամեծ ողբերգություններից մեկն է»։

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան․ «Անցնող տարին հայ ազգի համար աղետալի էր․․․ Ամբողջ աշխարհին, այդ թվում Հայաստանին, կորոնավիրուսի պանդեմիան մեծ հարված հասցրեց, բայց երրորդ հանրապետության կյանքում տարին աղետալի էր պատերազմի պատճառով։ Դրա հետեւանքը ներքաղաքական ճգնաժամն է, Արցախի կորուստը, հազարավոր զոհերը, վիրավորները, հուսահատություն, ապատիա, սոցիալական-քաղաքական-տնտեսական-ռազմական ճգնաժամ, որի մեջ գտնվում է Հայաստանը։ Տարին պետք է մեծ դաս լինի հայ ժողովրդի համար՝ վերջապես մի կողմ դնելու միֆերով, պատրանքներով ապրելու մոլուցքը եւ համախմբվելու, հայրենիքն այս վիճակից ոտքի հանելու, երկիրը նորից ապրեցնելու համար։ Դասեր քաղելուց հետո նոր կկարողանանք ոտքի կանգնել։ Մինչեւ չարձանագրենք մեր սխալները, չընդունենք, թե որտեղ ենք սխալվել, երկիր չենք կարողանա կառուցել։ Հիմա երկիրը պատային վիճակում է, ճգնաժամից դուրս գալու նշույլներ չեն նկատվում, եւ կարծում եմ, որ հոգեբանները պետք է զբաղվեն այն պարադոքսով, թե ինչու են երկիրը նման իրավիճակի հասցրածները շարունակում պաշտոնավարել»։

ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանի համոզմամբ՝ Հայաստանին պատուհասած այս աղետը մեկ օրվա՝ նոյեմբերի 9-ի դավաճանություն չէ սոսկ: «Մեր ողբերգությունը սկսվեց այն ժամանակ, երբ հնարավոր դարձավ Նիկոլ տեսակի իշխանության գալը: Նա մենակ չեկավ, եկավ իր արժեհամակարգով եւ թիմով՝ հստակ հանձնառությամբ՝ քանդել մեր պետականությունը: Յուրաքանչյուր վայրկյան ուղեղիս մեջ երկու սեւեռում կա՝ չեմ դադարում նզովքի ու անեծքի խոսքեր ուղղել թիվ մեկ դավաճանին, որ մեր սգի, մեր ցավի, անպաշտպան սահմանների, հարյուրավոր գերիների ու անթաղ նահատակների, մեր վիրավոր հպարտության, քանդված երկրի պատասխանատուն է: Պետական գլխավոր դավաճանը լրջորեն է կոտրել մեր պետականության մեջքը, Արցախի կորստով ստահակը կանգ չի առել, ամենօրյա կորուստները շարունակվում են... Եվ դրան զուգահեռ, մյուս սեւեռում-տագնապս է՝ ինչպես կասեցնել բոլոր տեսակի՝ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական փլուզումները: Ինձ սարսափեցնում է մեր հասարակության մի մասի բութ անտարբերությունը, կորստի եւ ապագա կորուստների չգիտակցումը։ Էլ ի՜նչ պիտի լիներ: Մեր բարոյական անկումները, մեր փսորած հասարակությունը, մեր վիրավոր ներքին դիմադրողականությունն ինչպե՞ս վերականգնել, շտկել մեր նվաստացած արժանապատվությունը, մեր լինելու կոդը։ Երեւի սա է մեր առաջիկա խնդիրը՝ ինչպես փրկել մնացորդացը․․․»։

Իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյան․ «Փաստորեն, փորձություններով լի տարի էր։ Իմ կարծիքով, տարիների ընթացքում կուտակված դժվարությունների ու խնդիրների առկայության պայմաններում, այդուհանդերձ, ես գտնում եմ, որ մեր ժողովուրդն արժանապատվորեն է դիմակայել փորձություններին, եւ այդ արժանապատվության պահպանումը պետք է հիմք հանդիսանա մեր հետագա զարթոնքի համար։ Իսկ մենք էլ՝ որպես քաղաքական գործիչներ, անհրաժեշտ հետեւությունները պետք է անենք եւ չխուսափենք ներկայանալ ժողովրդի գնահատականին»։

ՀԳ․ Ամփոփելով տարին՝ արձանագրենք, որ կատարվածի մեջ մեկ անձի մեղքը չէ միայն․ մեր քաղաքական դաշտը, այդ թվում՝ իշխանության մեջ գտնվողները, ինչպես նաեւ այն կուսակցությունները, որոնք իշխանության մաս չեն կազմում, մեղքի իրենց բաժինն ունեն ե՛ւ նրանում, ինչ կատարվեց, ե՛ւ նրանում, որ չեն կարողանում իրավիճակից այսօր ելքեր գտնել ու պետությանը տեր կանգնել։