Անցնող տարվա թոփ թեմաները

Անցնող տարվա թոփ թեմաները

Անցնող 2020 թվականը մեր պետության համար իսկական փորձություն էր, որի կուլմինացիան արցախյան պատերազմը եղավ՝ շուրջ 5 հազար զոհ, գերիներ, անհետ կորածներ եւ ստորագրված կապիտուլյացիոն փաստաթուղթ։ Խաղաղ չէր ներհայաստանյան կյանքը նաեւ նախապատերազմական ժամանակաշրջանում, տարբեր թեմաներ ժամանակ առ ժամանակ փոթորկում էին հանրությանը։ Ահա դրանցից մի քանիսը․

1. Այս տարի եւս Ամուլսարի հանքի հարցը մնաց առկախված։ Հանքավայրի տարածքում ժամանակ առ ժամանակ բախումներ էին տեղի ունենում ոստիկանության եւ հանքը շրջափակած ակտիվիստների միջեւ։ Իշխանությանն այդպես էլ չհաջողվեց այս հարցով վերջնական որոշում կայացնել, թե, ի վերջո, հանքն աշխատելո՞ւ է, թե՞ ոչ, Փաշինյանը «ե՛ւ նալին էր խփում, ե՛ւ մեխին»։

2. Մեծ աղմուկ բարձրացրին կրթական նոր չափորոշիչները եւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդման ծրագրից հանելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության որոշումը։ Պատմաբաններն ու մասնագիտական հանրությունը նշում էին, որ նոր չափորոշիչները ոչ միայն խնդրահարույց են, այլեւ աղավաղում են, օրինակ, պատմական փաստերը եւ այլն։

3. Կորոնավիրուսի համավարակի ընթացքում կառավարությունը պարբերաբար աչքի էր ընկնում չպատճառաբանված, երբեմն զավեշտալի, իսկ հաճախ նաեւ անտրամաբանական որոշումներով։ Մի քանի ամիս ձգվող արտակարգ դրության ժամանակ նախ պարտադիր դարձան բժշկական դիմակները, դրանք չկրելու համար սահմանվեց 10 հազար դրամ տուգանք, ապա նաեւ պարտադիր դարձավ անձնագիր ունենալը դրսում, ինչը չունենալու դեպքում եւս 10 հազար դրամ տուգանք նախատեսվեց։ Այս ամենին զուգահեռ, կորոնավիրուսով վարակվածության թվերը մինչ օրս շարունակում են աճել։

4. Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից եւ մի քանի դատավորից ազատվելու եւ իր երազանքների ՍԴ-ն ձեւավորելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նշանակեց, սակայն հետագայում, համավարակով պայմանավորված, ստիպված եղավ չեղարկել դա։ Նշանակված, սակայն չկայացած հանրաքվեի համար պետական բյուջեից  հատկացված 2.5 միլիարդ դրամից ծախսվեց 125 մլն դրամ։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց օրենքի խախտումներով հեռացնել ՍԴ նախագահին եւ իր համար ոչ ցանկալի դատավորներին։

5.  Մայիսի 11-ին Ազգային ժողովը վավերացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կամ, ինչպես հայտնի է, Լանզարոտեի կոնվենցիան։ Այն ստացավ պատգամավորների 79 կողմ, 12 դեմ ձայները։ Այս կոնվենցիայի վավերացման ու Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման դեմ բողոքի ակցիաներ տեղի ունեցան, մասնավորապես մտահոգիչ էր համարվում այն հանգամանքը, որ դպրոցների տարրական դասարաններում երեխաները պետք է սեռական կրթություն ստանային։