Փաշինյանի 2020-ը

Փաշինյանի 2020-ը

2019 թվականի տարեմուտին Փաշինյանը բազմաթիվ խոստումներ տվեց ժողովրդին, խոսեց իր երազանքի եւ այդ երազանքը որպես նոր Հայաստան իրականացնելու մասին: 2020-ը պետք է դառնար թավշյա հեղափոխության վերջնական հաղթանակի տարի: Ես ու իմ նման շատերը չէինք հավատում: Ոչ թե այն պատճառով, որ չէինք ուզում ավելի լավ Հայաստան ունենալ, այլ որովհետեւ այդ երազանքը փոխանցողը Նիկոլ Փաշինյանն էր՝ մարդ, որի ասածների մեջ նույնիսկ մանրադիտակով հնարավոր չէր ճշմարտություն պեղել: Օխլոսի հետ ես խնդիր չունեմ: Հասարակության այդ հատվածում միշտ էլ պարապ ականջներ կան Փաշինյանի ստերը լսելու եւ ապա մի աներեւույթ օրգանով ուղեղին փոխանցելու համար: Այսպես՝ մեծ-մեծ ստերով էլ Փաշինյանը ոտք դրեց 2020 թվական, որի ընթացքում, ինչպեսեւ 2019-ին, չէր կատարելու իր ոչ մի խոստում ու հայտարարություն:

Ժողովուրդը լավ խոսք ունի՝ տարին ինչպես սկսես, այնպես էլ կավարտես: Եվ Փաշինյանը տարին սկսեց Սահմանադրական դատարանի դեմ արշավանքով: Նա այդպիսի խոստում, իհարկե, չէր տվել: Երբեմն-երբեմն խոսում էր սահմանադրական բարեփոխումներից, բայց այդ խոսակցությունները եկել-հանգել էին ՍԴ-ն գլխատելու գաղափարին, որովհետեւ Փաշինյանն արդեն իսկ անհաջողության էր մատնվել ՍԴ դատավորներին կաշառքով թոշակի ուղարկելու խայտառակ նախաձեռնության մեջ: Հա, նշեմ, որ երբ ասում եմ Փաշինյան, պետք է հասկանալ նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը, որովհետեւ այն ամենը, ինչ անում էր Փաշինյանը, անում էր իր պատգամավորների մատիկներով եւ կոճակներով: Սրանք որոշել էին հանրաքվեով լուծել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ մյուս դատավորների հարցերը, իսկ անունն էլ դրել էին «Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե»: Արժե՞ հիշեցնել, թե ապրիլի 5-ին ինչով ավարտվեց այդ հանրաքվեն… Բնականաբար, Նիկոլի խայտառակ պարտությամբ: Հանրաքվեն պարզապես տեղի չունեցավ, որովհետեւ մեզ այցելեց նորին մեծություն կորոնավիրուսը: Այցելեց, շշմեց հայկական հյուրասիրությունից ու այլեւս չգնաց: Իսկ Նիկոլը օխլոսին խոստացել էր ավելի լավ առողջապահություն՝ չմոռանանք սա: Օխլոսի ծախսերը հանկարծ մեծացան… Մարտի 1-ից (ինչպիսի ամսաթիվ) ՀՀ քաղաքացիները, որոնց խոստացել էին օղիով ու պինցետով բուժել կորոնավիրուսը, ստիպված էին տնից դուրս գալ սեփական ձեռքով լրացված թերթիկներով՝ դուրս գալու վայրը, նպատակը, նպատակակետը, դուրս գալու մոտավոր ժամը, տեղաշարժման վերջնակետը, թերթիկի լրացման օրը, ժամը եւ ստորագրություն: Դադարեց գործել տրանսպորտը, աշխատանքը դադարեցրին շատ ձեռնարկություններ, եւ օխլոսի մի մասը մնաց սոված: Փաշինյանը գյուտ արեց՝ կոմունալները չենք մուծում, պետությունը վերցնում է իր վրա: Մի քանի օրից պարզվեց, որ պետության գանձարանում փող չկա, իսկ օխլոսը խաբված է: Փաշինյանն այդ իրողությունն էլ հաղթահարեց մի համարձակ լայվով, ասաց՝ իմ հպարտ ժողովուրդ, կոմունալները վճարեք, այլապես ձեր գազն ու լույսը կկտրենք: Փաշինյանի համար երանելի ժամանակներ էին սկսվում:

Կորոնավիրուսը եկել էր ճիշտ ժամանակին, երբ արդեն պարզ էր, որ ապրիլի 5-ի հանրաքվեն տապալված է: Մարդիկ մետրոյում «ՀՀ քաղաքացու նոր անձնագրերը» պատռում ու նետում էին թավշյա հեղափոխության առաջնորդի երեսին, եւ դա՝ հեղափոխությունից ընդամենը 2 տարի անց: Պետք էր շտապ հրաժարվել հանրաքվեից ու բռնել կորոնավիրուսի պոչից, ինչպես խեղդվողն է բռնում իրեն նետված փրկօղակից: Եվ Փաշինյանն անցավ կորոնավիրուսի դեմ պայքարի գլուխ` չխորշելով անգամ փողոցներում դիմակ բաժանելու էժանագին շոուներից: Ամառ էր արդեն, եղանակը` տրամադրող: Ու, քանի որ հանրաքվեով ոչինչ չստացվեց, ՍԴ-ն գլխատելու գործը հանձնարարեց ԱԺ-ին: Մինչեւ սեպտեմբեր ՍԴ-ն պետք է լիներ Փաշինյանի գրպանում, իսկ թե ինչու, մենք պետք է իմանայինք միայն սեպտեմբերի 27-ին: «Մենք» ասելով՝ դարձյալ նկատի ունեմ ինձ եւ ինձ նման մտածողներին, բայց ոչ երբեք օխլոսին, որ այդ օրերին ցնծում էր Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու պատճառով: Չկար այլեւս այն ՍԴ-ն, որ հարկ եղած դեպքում վետո կդներ Փաշինյանի եւ նրա գլխավորած «Իմ քայլի» որոշումների կամ ստորագրած խայտառակ պայմանագրերի վրա: Փաշինյանի հետագա ճանապարհն այլեւս բաց էր:
Սկզբում Փաշինյանից բացի ոչ ոք չգիտեր, թե ուր է տանում այդ ճանապարհը: Թերեւս դա է պատճառը, որ սեպտեմբերի 27-ից սկսեցինք հաղթել, զգետնել եւ հօդս ցնդեցնել: Մեր ֆեյսբուքյան էջերում հաղթական հրավառություններ էին: Ինչպե՞ս չցնծայինք, երբ վարչապետի զորացրված որդին էր վերադարձել բանակ, երբ բանակ էր գնացել վարչապետի տիկինը, իսկ վարչապետը մնացել էր Երեւանում, որ հա՛մ մայրաքաղաքն անտեր չմնա, հա՛մ էլ երկիրը մի ձեւով կառավարվի: Այսպես հաղթելով էլ՝ ազատագրված տարածքները տվեցինք, Հադրութը տվեցինք, Շուշին: Այսպես հաղթելով էլ՝ շատ հաջող փախուստ տվեցինք Արցախից ու 30 հազարանոց զորքը փրկեցինք մի կերպ, բնականաբար, Փաշինյանի տաղանդի շնորհիվ: Ինչ էլ լիներ, մենք պետք է համարեինք, որ չենք պարտվել:

Իսկ Հայաստանում խորացող աշուն էր… Ընդդիմությունը համախմբվել էր, ցույցեր էին սպասվում, որովհետեւ այն, ինչ պարտություն չպիտի համարեինք, ավելին էր, քան խայտառակ պարտությունը: Կեղծվել էր անգամ զոհերի թիվը, չգիտեինք որքան գերեվարված ու անհետ կորած զինվոր ունենք: Ռուսական զորքերը մտել էին Արցախ, եւ դա մխիթարություն էր այնքանով, որ հայկական երկրորդ հանրապետությունից մնացած տարածքում մեր հայրենակիցներին գոնե ֆիզիկական ոչնչացում չի սպառնում: Այս ամենին հաջորդեց Քարվաճառի եւ Բերձորի խաղաղ հանձնումը եւ մնացած հանձնումները բուն ՀՀ տարածքներից` Տավուշից մինչեւ Մեղրի: Զուգահեռաբար տարածվում էին նաեւ լուրեր, որ Նիկոլը կարող էր փրկել Շուշին, բայց չփրկեց, Նիկոլը պատերազմի 3-րդ օրը գիտեր, որ տանուլ ենք տալու, բայց չկանգնեց, Նիկոլի գնած զենքերը բանի պետք չէին, Նիկոլը գեներալներին թույլ չի տվել հակահարձակումներ կազմակերպել եւ այլն, եւ այլն… Այս ամենը խոսում էր մեկ բանի մասին` սա պատերազմ էր հանուն պարտվելու, պայմանավորված պատերազմ էր, դավաճանություն էր: «Նիկոլ` դավաճան» կարգախոսը չուշացավ: Նիկոլի փոխարեն մեկ ուրիշը լիներ` հրաժարական կտար եռակողմ խայտառակ համաձայնագիրն ստորագրելուց հետո, բայց… Նախ` նա «իզմ»-եր չունեցող Նիկոլն էր եւ ապա` նա Հայաստանում ուներ այնպիսի հովանավորներ, որոնք, երբ տեղը գար, ընդդիմությանը պետք է մեղադրեին աթոռակռվի եւ հակասահմանադրական ճանապարհով հրաժարական պահանջելու մեջ: Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այդ մասին թեւավորեց Փաշինյանին, որն անմիջապես հրապարակում հավաքված զանգվածին որակեց «ռեւանշիստ» բառով:
Անխուսափելիորեն եկան նաեւ Եռաբլուր այցելելու եւ սյունեցիների աչքերի մեջ նայելու օրերը: Փաշինյանը տապալեց թե՛ մեկը, թե՛ մյուսը: Իսկ հատկանշականն էլ այն էր, որ նա մինչեւ Եռաբլուր եւ մինչեւ Սյունիք հասնելը, գիտեր, թե ինչ է սպասվում իրեն` պատերազմի եւ աներեւակայելի աղետի թիվ մեկ մեղավորին: Փաշինյանի դեկտեմբերյան երկու «ուխտագնացություններն» ավարտվեցին Սիսիանի հոգեւոր հովվի մեկ արտահայտությամբ եւ ձեռքի խոսուն շարժումով: Փաշինյանին մնաց մեկ բան` ահաբեկելով ուժայիններին` ստիպել, որ ծառայեն իրեն եւ ապահովեն իր անձնական անվտանգությունը:

Ամենայն հավանականությամբ, այսպես էլ կավարտվի տարին` Նիկոլի 2020-ը, որ ուղղակի սպանեց ինձ եւ ինձ նման մտածողներին, բայց ոչ օխլոսին, որ կարողացավ բարբառել, թե լավ էր` Արցախը տվեցինք, պրծանք: Գո՞հ է Նիկոլն իր փայ 2020-ից, թե՞ դժգոհ, այլ հարց է: Հավանաբար, անցնող տարին շատ նման էր հենց իր երկատված ու եռատված ինքնությանը` ե՛ւ լավն էր, ե՛ւ ոչ այնքան լավը: Փողի, եկամտի տեսանկյունից լավ էր, օխլոսի ջանքերով աթոռից կառչած մնալու տեսանկյունից՝ ոչ այնքան վատ, բայց, ահա, ապագայի անորոշությունն է սարսափելի: Առանց Նիկոլ Հայաստանի ուրվականն է ամենուր այցելում նրան` տեղաշորի մեջ, զրահապատ ավտոմեքենայում, աշխատավայրում: Աթոռն ինչ է, չէ՞, մինչեւ չի ստուգում, չի նստում…

Եվ վերջում` մաղթանքս «Հրապարակի» ընթերցողներին: Հավանաբար, ձեզ շատ եմ դառնացրել իմ հոդվածներով եւ շատ քիչ ոգեւորել: Կներեք: Մաղթում եմ, որ 2021-ը լավ տարի լինի բոլորիդ համար, անկախ այն բանից՝ նիկոլական եք, թե անտինիկոլական: Ամեն անգամ, երբ կենտ տարի էինք մտնում, իմ պապը բաժակ էր բարձրացնում ու ասում` կենտ տարին լավ տարի է, աշխատանքի տարի է, առատության տարի է, բերք ու բարիքի տարի է, զույգվելու, ընտանիք կազմելու տարի է… Ավելացնեմ նաեւ` խելքի գալու տարի է, չարքերին հալածելու, բարին եւ մեր ուժը վերականգնելու, ամոթը սրբելու տարի է: