Ծնողավարություն․ Երեխան կրկնում է ծնողին

Ծնողավարություն․ Երեխան կրկնում է ծնողին

Ամեն անգամ, երբ դուք որեւէ բան եք ասում, որեւէ գործողություն եք կատարում կամ ինչ-որ մեկի, որեւէ երեւույթի նկատմամբ ցույց եք տալիս ձեր վերաբերմունքը, երեխան հետեւում է ձեր վարքին: Հենց այդ ճանապարհով է, որ փոքրիկները ձեռք են բերում լեզվական հմտություններ եւ արդյունքում սկսում են խոսել: Մինչդպրոցական տարիքում երեխաներն ուշադիր հետեւում են ծնողներին, քանի որ սովորում ու փորձում են, թե միջանձնային հարաբերություններն ինչպես են գործում: Եվ նույնիսկ դեռահասներն են ուսումնասիրում ծնողի բոլոր արձագանքները` միջանձնային հարաբերություններից մինչեւ սթրեսի նկատմամբ նրա վերաբերմունքը կամ մասնագիտական հիասթափությունները:

Այնպես որ՝ հաճելի է, թե ոչ, դուք արդեն իսկ օրինակ եք ձեր երեխայի համար` անկախ ձեր ցանկությունից: Կարեւորը երեխայի համար դրական օրինակ լինելն է:

Արդյոք ծնողները պե՞տք է «կատարյալ» լինեն

«Դաստիարակեք ձե՛ր օրինակով»` սա թերեւս ամենատարածված, պարզ եւ լավագույն  խորհուրդն է երեխայի դաստիարակության գործում: Սակայն սրան հետեւելն ամենաբարդն է, քանի որ բոլորս էլ ունենում ենք օրեր, երբ ընտանիքի տարբեր անդամների հետ խոսում ենք բարձր ձայնով կամ կարող ենք ասել բաներ, որոնց համար հետո զղջալու ենք: Իրականում մեզանից ոչ ոք կատարյալ ու անթերի չէ, եւ յուրաքանչյուրս կարող ենք ասել կամ անել բաներ, որ մեր երեխային պետք չէ լսել կամ տեսնել:

Ծնողի գործողությունները նման սխալ պահվածքից հետո նույնքան կարեւոր են, որքան` նախնական պահվածքը: Չէ որ նման իրավիճակները թույլ են տալիս ի ցույց դնել այնպիսի որակներ, ինչպիսիք են ներողամտությունը, էմպատիան: Ուստի սխալ ու երեխայի համար ոչ օրինակելի պահվածքից կամ գործողություններից հետո կարեւոր է մի քայլ ետ գնալ ու երեխայի հետ խոսել կատարվածի մասին: Եթե, օրինակ, ձեր կողակցին երեխայի ներկայությամբ ասել եք որեւէ վիրավորական արտահայտություն, ներողություն խնդրեք եւ կառուցողական ձեւով քննարկեք միջադեպը` համոզված լինելով, որ երեխան լսում է:
Անկախ նրանից` սովորեցնում եք փոքրիկին խոսել, թե գտնում եք որդու հետ հարաբերվելու կառուցողական միջոցներ`ձեր լավ օրինակն ամենաարդյունավետ միջոցն է` երեխայի մեջ լավագույնը բացահայտելու համար: Պետք է օրինակ լինել առօրյա բոլոր իրավիճակներում, որոնց ականատես է լինում  երեխան: Ուստի ուշադիր վերլուծեք այն ամենը, ինչը դուք ամեն օր ցույց եք տալիս երեխային:

1. Ցույց տվեք հարգանք ուրիշների եւ սեփական անձի հանդեպ
Ինչպե՞ս եք արտահայտվում ձեր ընկերների, ընտանիքի անդամների, հարեւանների, ինքներդ ձեր մասին: Խանութում ժպտո՞ւմ եք արդյոք վաճառողին կամ շքամուտքում պահո՞ւմ եք դուռը, որ հարեւանն անցնի: Ձեր երեխան սովորում է տարբեր մարդկանց նկատմամբ վերաբերմունքը` հետեւելով ձեր օրինակին: Այս շարքին է պատկանում նաեւ ձեր վերաբերմունքը դպրոցի հանդեպ, ուստի եղեք իմաստուն եւ ուշադիր, երբ քննարկում եք ձեր երեխայի համադասարանցիներին, նրա ուսուցիչներին կամ դպրոցի տնօրինությանը:
Երեխան ծնողից վերցնում է նաեւ ինքնագնահատանքի ու ինքնահարգանքի ազդանշանները: Հարգեք ձեզ, եւ երեխան կհետեւի ձեր օրինակին:

2. Ցույց տվեք դրական ձեւով շփվելու հմտությունները
Ուզո՞ւմ եք, որ երեխան ձեզ հետ ավելի շատ խոսի, հանգիստ խոսի, չբղավի: Վերլուծեք նաեւ, թե ինչպիսի բառերով եք դուք կառուցում ձեր զրույցը. կարո՞ղ եք արդյոք խոսքով վիրավորել, քննադատել կամ մեղադրել, եթե նույնիսկ խոսքը ձեր երեխային չի վերաբերում: Եթե դուք ակնհայտ ցույց եք տալիս, թե ինչպիսի բացասական, անհարգալից բառապաշար ու խոսք ունեք, ապա երեխան, անկասկած, հետեւելու է ձեր բացասական օրինակին:
Երեխային լսեք առանց նրան ընդհատելու: Խոսեք նրա հետ մեծ հարգանքով ու շատ ուշադիր: Այդպիսով դուք նրան սովորեցնում եք նմանապես խոսել ձեզ հետ:

3. Լավատես եղեք
Ձեր երեխան վստահ է, որ անպայման ձախողելո՞ւ է ստուգողական աշխատանքը կամ չի՞ ներգրավվելու դպրոցի սպորտային ակումբում: Այսպես, մի լավ ուսումնասիրեք հենց ձեր ընտանիքի տրամադրվածությունը: Արդյոք դուք կենտրոնացա՞ծ եք կյանքի դրական կողմերի վրա: Գուցե իրավիճակների նկատմամբ բացասական հայացքի արմատները հենց ձեր տան ու ընտանիքի մեջ են: Հաջորդ անգամ, երբ որեւէ բան չի ստացվի ձեզ մոտ, օրինակ, կփչացնեք ընթրիքը, մտածեք ձեր արձագանքի մասին: Ծիծաղել կատարվածի վրա, ուրախանալ, որ հնարավորություն ունեք ինչ-որ բան պատվիրելու կամ դրսում ընթրելու, այ սա է ճիշտ վերաբերմունքը: Հաճախ սխալները մեզ համար օրն ավելի լավ, ուրախ շարունակելու հնարավորություն են ստեղծում:

4. Սովորեցրեք երեխային արժեւորել առողջությունը
Դուք ձեր բոլոր ուժերը ներդնում եք, որպեսզի երեխային բերեք «առողջ սննդի» ռեժիմի՞ կամ ստիպում եք նրան հեռուստացույց չդիտե՞լ այդքան երկար: Նա ինքնուրույն այս գործը գլուխ չի բերի: Ուստի առողջ կերակուրներ պատրաստեք ոչ միայն նրա, այլեւ ձեզ համար, կրճատեք հենց ձեր` հեռուստացույց դիտելու ժամանակը, միասին ծրագրեք ձեր ժամանցը, օրինակ`զբոսանք մաքուր օդին:

5. Զայրույթը պահեք հսկողության տակ
Ձեր երեխան ափերից արագ դո՞ւրս է գալիս, հիստերիանե՞ր է անում կամ հաճա՞խ է լացում: Իսկ ինչպիսի՞ն եք դուք: Սթրեսի, զայրույթի ժամանակ ձեր ճիշտ արձագանքը երեխայի համար կարող է անգին գործիք դառնալ ինչպես մանկության, այնպես էլ հասուն տարիքում: Մենք ապրում ենք մի հասարակությունում, որն աննկարագրելի արագ է փոփոխվում, առաջ է քաշում բարձր պահանջներ եւ մղում է սթրեսի: Մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ զայրույթը հիմնական արձագանքն է իրավիճակներին: Հաջորդ անգամ, երբ դուք կհայտնվեք նման իրավիճակում, փորձեք հանգստություն պահպանել, խորը շունչ քաշել ու զրուցել երեխայի հետ: Եթե իրավիճակին նպատակահարմար է, բացատրեք նրան, թե ինչը ձեզ զայրացրեց, խոսեք այն գործիքների մասին, որոնց շնորհիվ դուք հաղթահարեցիք ձեր զայրույթը: Երեխան էլ կփորձի հաջորդ անգամ` զայրանալիս, մտածել իր արձագանքների մասին:

Հաշվի առեք, որ սեփական օրինակն ամենաարդյունավետն ու հեշտն է, քան երեխային ստիպելը՝ ենթարկվել կանոնների սպառնալիքների կամ պատիժների միջոցով: Արդյոք մայրը, ով գոռում է`«հերիք է գոռաք», կարո՞ղ է արդյունքի հասնել, ստիպել երեխաներին չգոռալ։ Իհարկե` ոչ:
Երեխային դաստիարակել սեփական օրինակով՝ չի նշանակում լինել կատարյալ հայր կամ մայր: Սա նշանակում է երբեք չմոռանալ, որ ձեր խոսքերն ու գործողությունները ներծծվում են երեխաների կողմից: Եվ դա հրաշալի է, քանի որ ծնողներն ամեն  օր հնարավորություն են ստանում օգնելու երեխային՝ դառնալ «կարգին» մարդ:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Աղբյուր` childdevelop.ru