Թուլության նշանը

Թուլության նշանը

Վարչապետ Փաշինյանը վախենո՞ւմ է իր կատարած քայլերից կամ ընդունած որոշումներից: Եթե ոչ, ապա ինչո՞ւ է ամեն անգամ սպառնում՝ «բա գիդե՞ք, արա, իմ այս պահվածքը թուլության նշան չհամարեք, իմ որոշումը թուլության նշան չհամարեք, էն, որ ձեզ չեմ բռնել, թուլության նշան չհամարեք» եւ այլն, եւ այլն: Կառավարության երեկվա նիստում էլ հայտարարեց, որ հանկարծ թուլության նշան չհամարենք այն, որ ինքը չի միջամտել Հանրային խորհրդի գործերին եւ մեր նոր անկախության ակունքներում կանգնած մարդուն՝ Վազգեն Մանուկյանին, թույլ է տվել մի որոշ շրջան, մոտ 1.5 տարի, պաշտոնավարել: Սա ցույց է տալիս, որ Փաշինյանն առնվազն մտավախություն ունի, որ իր ցանկացած քայլ, անգամ խոսք ու ելույթ, կարող է թուլության նշան համարվել: 

Եթե սա միայն վերջերս նկատված երեւույթ լիներ, ես կասեի՝ երեւի վարչապետն զգում է սեփական վարկանիշի անկումն ու անհանգստանում: Բայց Փաշինյանը «թուլության նշան»-ի մասին խոսել է դեռ իշխանությունն իր «ձեռքն ընկնելու» առաջին օրերից, երբ աչքին «սեւ վերնաշապիկավորների» խմբեր էին երեւում: Այսինքն՝ մենք գործ ունենք քրոնիկ երեւույթի կամ պերմանենտ պրոցեսի հետ, որ մի պարզ խոսքով կոչվում է վախ: Առաջնորդների շրջանում վախը պարանոյայի առաջին ախտանշանն է։ Սա՝ իմիջիայլոց:

Այս հոդվածի շարժառիթը, եթե գլխի չընկաք, ասեմ, Ստյոպա Սաֆարյանի՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելն է: Որ ճիշտն ասեմ՝ դեռեւս չգիտեմ ինչ համարել դա՝ վարչապետի ուժի՞, թե՞ թուլության նշան: Ընդ որում՝ Սաֆարյանի կերպարն այստեղ դեր չի խաղում: Խնդիրը Փաշինյանի ուղեղում ընթացող պրոցեսներն են, որոնք, թվում է, այլեւս կապ չունեն մեր իրականության հետ: Ենթադրենք՝ Վազգեն Մանուկյանը վարչապետի տված շանսը համարել էր «թուլության նշան» եւ շարունակում էր «հին» ձեւով աշխատել, այսինքն՝ զատել իսկական եւ կեղծ օրակարգերը, կարծիքներ փոխանցել կառավարությանը, որոնք գուցեեւ չեն տեղավորվում այդ կառավարության քաղաքական գծի մեջ: Ցանկացած պետության ղեկավար կփափագեր իրեն կից այդպիսի մարմին ունենալ, որ կլիներ հանրության խոսափողը եւ, միաժամանակ, իրեն կնախազգուշացներ վտանգներից ու կօգներ ճիշտ որոշումներ կայացնել: Ի դեպ, նույն Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհուրդը բազմիցս է հանդես եկել Սերժ Սարգսյանին եւ նրա կառավարությանը, այսպես ասեմ՝ «չդզող» հայտարարություններով ու եզրակացություններով: Նույնիսկ Արշակ Սադոյանը, որի գրեթե բոլոր մտքերն սկսվում են «ես չեմ հասկանում» արտահայտությամբ, կհաստատի դա ու կփաստի, որ Հանրային խորհուրդը մինչ այժմ եղել է անկախ մարմին եւ գործել է իր լիազորությունների սահմաններում:

Փաշինյանը, սակայն, պետք է ասել՝ նման չէ աշխարհի եւ ոչ մի ղեկավարի: Նա շեքսպիրյան ողբերգություններից հայտնի թագավորներին է հիշեցնում, որոնք նախընտրում էին ճշմարտությունն իմանալ պալատական շուտի՝ ծաղրածուի բերանից: Իսկ պալատական ծաղրածուին թույլատրված էր արքայի մասին խոսել ամեն ինչ, անել ինչ խելքին կփչեր՝ թավալ գալ թագավորի ոտքերի մոտ եւ նույնիսկ թառել գահին, երբ արքան որեւէ գործով դուրս էր գնում: Վազգեն Մանուկյանը, բնականաբար, ամենալավ թեկնածուն չէր այս դերի համար, եւ վարչապետը նրանից ազատվեց: Ինչի՞ նշան էր Վազգեն Մանուկյանից ազատվելը: Եթե ուզում եք, կարող եք ասել՝ վարչապետի ուժի նշանն էր, իսկ ես կպնդեմ հակառակը՝ վարչապետի վախի եւ թուլության նշանն էր Վազգեն Մանուկյանին Սաֆարյան Ստյոպիկով փոխարինելը: Ցույց տվեք մի ոլորտ, որտեղ Փաշինյանը հանդուրժել է ուժեղների ներկայությունը: Չկա: Եվ հենց սա է վարչապետի թուլության ամենամեծ ցուցիչը:

Հանրային շրջանակներում ընթացող պրոցեսներն արդեն մտահոգիչ են դառնում: Բոլորին է պարզ, թե ինչ օրակարգ են Հանրային խորհուրդ բերելու Ստյոպա Սաֆարյանն ու Դանիել Իոաննիսյանը: Այս զույգի համար առաջնային օրակարգեր չեն ո՛չ Արցախի խնդիրը, ո՛չ Ազգային բանակը, ո՛չ ուժային կառույցները, ո՛չ Հայաստանի տնտեսական անվտանգությունը: Իրենց նայես՝ ամեն մեկը մի մուշտիի բան է, բայց լեզու ունեն, որ Աստված հեռու տանի: Երկուսն էլ՝ ստամբուլյան կոնվենցիայի ջատագով, երկուսի կյանքի նպատակն էլ միասեռականների իրավունքների պաշտպանությունն է, հայ ավանդական ընտանիքի հիմքերի քայքայումը, երկուսն էլ՝ սրսուռ սորոսական: Արդյոք ուժի՞ նշան է այս դեմքերին Հանրային խորհուրդ վստահելը…
Որոշողը ժողովուրդն է այս դեպքում: