Խնդիրներ, որոնց մասին այլևս ոչ ոք չի խոսում. մաս 5

Խնդիրներ, որոնց մասին այլևս ոչ ոք չի խոսում. մաս 5

Վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանն ամեն օր ինչ-որ մի սկանդալային հայտարարություն է անում, շեղում հանրության ուշադրությունը նախորդ օրը տեղի ունեցած կարևոր և օրախնդիր հարցերից։ Այն իրադարձությունները, որոնք, օրինակ, մեկ շաբաթ առաջ համարվում էին հրատապ լուծում պահանջող, մոռացության են մատնվում հաջորդ հայտարարությամբ, կամ քչերն են դրանց մասին հիշում։ 

Երրորդ համաձայնագիր և «անկլավներ» 

Մայիսի 20-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակեց ստորագրվելիք 3-րդ եռակողմ համաձայնագիրը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դա 100 տոկոսով ՀՀ շահերից բխող համաձայնագիր է, հետևաբար՝ ինքը ստորագրելու է այն։ Ըստ Մինասյանի, փաստաթուղթն ունի նաև գաղտնի հավելվածներ, որոնց համաձայն Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանին հերթական տարածքները զիջել Տավուշի և Արարատի մարզերից։ Խոսքը Տավուշի մարզի, այսպես կոչված, անկլավների մասին է՝ Բարխուդարլի, Սոֆուլու կոչվող տարածքների, որոնք գտնվում են Ոսկեպարի, Բաղանիսի և Ազատամուտի  հատվածներում, ինչպես նաև Արարատի մարզի Տիգրանաշեն ( Քյարքի) համայնքի։ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն չհերքեց այդ համայնքների հանձնման մասին լուրերը՝ ասելով, որ այդ համաձայնագիրը սահմանների դեմարկացիային և դելիմիտացիային է վերաբերում, հետագայում արդեն տարբեր իմքայլականներ, նաև Տավուշի մարզպետը սկսեցին խոսել, որ դրանք ադրբեջանական գյուղեր են եղել, ամայի տարածքներ են, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել «երբեմնի ադրբեջանական Քյարքիի» մասին։ Բայց նախընտրական թոհուբոհում արդեն քննարկումից դուրս է եկել նաև այս համաձայնագրի հարցը, նույնիսկ հայտնի չէ՝ Փաշինյանն այն արդեն ստորագրե՞լ է, թե՞ ոչ։

Հանրային դիսկուրսից դուրս մնացած թեմաների ցանկը կարելի է շարունակել, դրանց կադրադառնանք հաջորդիվ։