Հանդարտ խոհերի ժամանակը

Հանդարտ խոհերի ժամանակը

2020-ի պատերազմական իրադարձություններում ծնված գիրքը՝ Օֆելի Դալաքյանի «Նրան, ով նամակներ չի կարդում» պատմվածքների ժողովածուն, գոնե որոշ ընթերցողների համար տառապանք մեղմող սպեղանի է:

Դժվար չէ համոզվել, որ այդ նովելները Ակսել Բակունց – Հրանտ Մաթևոսյան – Վանո Սիրադեղյան գրական ծիրում է ընձյուղվել, չեխովյան շունչն էլ իր տեղն ունի:

Հեղինակի խոսք կառուցելու ինքնատիպ ոճը, պատկերի պարզությունն ու շոշափելի խորությունը և, որ ամենակարևորն է, հին ու նոր սերունդների աշխարհընկալումն ու համակեցությունը՝ մի ամբողջ ռոմանտիկ փիլիսոփայություն է՝ երգեհոնի համար գրված ֆուգա: Դե ֆուգան է շատերի քիմքին չէ:
Նովելների մտորող հերոսները՝ ճոխ ապրող, ինքնահափշտակված անձինք չեն, այլ՝ ապրած տարիներին հրաժեշտ տալուն պատրաստ տատուպապեր: Իսկ ուրախացնողը՝ ծլող, ծաղկող մանկան, երիտասարդի պրպտող անմիջականությունն է: Ինչ խոսք, այս շարժը բնության գրկում կարելի է միայն տեսնել՝ ամբողջական բնապատկեր:

Հեղինակն առանձնահատուկ անդրադարձ ունի պատերազմի հետևանքներին: Հարազատի կորուստը՝ վշտահարի մտածելակերպը պոկեց կենսակերպից ու տեղը մի վիհ բացեց: Բացեց ու այնտեղ նստեցրեց մահվան թափառող հույզի թունավոր մշուշը: Կորստատերն դեռևս անզոր է մշուշը տեղից քշել: Նա իր վիշտը տակավին խաղացնում է կենցաղային, դաժան տեսարաններ սարքելով. փողոցներ անիմաստ չափչփելով, մենախոսելով, իր, երկրի, աշխարհի բախտն անիծելով...

Միայն իրատես, անցնցում քամին կարող է ցրել մշուշը, վիհի ափերն իրար հպել ու քարացած ժամանակը տեղից շարժել:
Միայն իրատես, անցնցում քամին կարող է հանդարտ խոհեր պարգևել:

Մարտին և Արամայիս Ասլանյաններ