Բաց նամակ հրապարակախոս Էդիկ Անդրեասյանին

Բաց նամակ հրապարակախոս Էդիկ Անդրեասյանին

Ես Ձեր գրչի երկրպագուն եմ, գրում եք դիպուկ, սուր, ուղիղ, եւ կարեւորը՝ ճշմարտությունը՝ ցավալի հումորով։ Ապրում ենք օրվա լուրերով, ինֆորմացիայով, դժբախտաբար, անընդհատ լսում ենք նորանոր կորուստների մասին, եւ այլեւս այս ամենը վեր է նորմալ մարդկային դիմադրողականությունից։

Հարգելի Անդրեասյան, Դուք շատ եք փորփրում պատմության ծալքերը, հանդիպե՞լ եք նման մասշտաբի դավաճանության, նման կերպարի, նման հայի տեսակի, որ այսպիսի կործանարար արարքներից հետո նրան դեռ երկրպագեն ու փրկիչ համարեն։ 

10 միլիոն հայությունը, իհարկե՝ չհաշված այն տականքին, որը դեռ պաշտում է նրան, քարը, որ նետել է հորը, չեն կարողանում հանել։ Չեն կարողանում մեր երկրի կործանումը կանգնեցնել։ Կմտածեի՞ք մի տարի առաջ, որ մեկը կհամարձակվեր հողերը տալ, անթիվ զոհեր տալ, գերիներ տալ, մի խոսքով՝ մեր չքնաղ երկիրը եւ մեր կյանքը դժոխքի վերածել եւ մնալ իշխանության։ Ես համոզված եմ, որ նա պատմության մեջ կմնա որպես հանճար՝ դավաճանության ասպարեզում։
Ո՞վ է ասում, որ նա հիվանդ է, խելագար, թույլ է, կարճ է, կուզիկ է, տգեղ է։

Դեռ շատ ժողովուրդներ կուսումնասիրեն նրա ֆենոմենը, շատ երկրների գաղտնի ծառայություններ կզբաղվեն այս կերպարով։ Նա ամեն ինչ անում է շատ մտածված, խորամանկ, զարտուղի, խուճուճ ճանապարհներով, դավաճանի կշռադատված խոսքին հաջորդում են դավադիր քայլերը, որոնք մենք ուշ ենք գլխի ընկնում։ Հիմա թուրքը մեր տանն է։ «Հանճարեղ» դավաճանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ ուշացումով եւ սխալ հիմնավորումով։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ թուրքերն առանց հրավերի չեն հայտնվել մեր տարածքում։ «Հանճարեղ» սրիկան մտածված ձգձգում է որեւէ գործողություն, որ նրանք բարեհաջող տեղավորվեն, ամրանան, եւ լավ էլ գիտի, որ նրանք այլեւս դուրս չեն գալու մեր երկրից։ Նա գործում է մտածված, չափված- ձեւված ու ամեն ինչ կործանում է դոզավորված։ 

Գնաց Սյունիք, գիտեր գլխի գալիքը, բայց նրան պետք էր հայտնաբերել ակտիվիստ նվիրյալներին, բռնել, վախեցնել, ջնջել, զենքերը հավաքել, որ իր բարեկամներին հանկարծ նեղացնող չլինի, կա՞ նման երկրի ղեկավար, որն արգելում է կրակել ներխուժած թշնամիների վրա, առավել եւս՝ թուրքի, որը դաժանաբար ոչնչացրեց մեր լուսավոր երիտասարդությանը։ Կատարվածը պատերազմ չէր, դա ուղղակի գենոցիդ էր։ 

Արդեն 8 ամիս է՝ ո՛չ ապրում ենք, ո՛չ մեռնում։ Խելացի մարդը կխելագարվի նրան լսելով։ Չեք պատկերացնի, թե որքան հաճելի ու սիրելի են դարձել նախկինները (թեպետ զզվում եմ «նախկին» բառից)։ Չնայած ժամանակին նրանցով հիացած չեմ եղել։ Այժմ կարոտում եմ Շարմազանովի տաղանդավոր խոսքը, Աշոտյանի խելացի մտքերը, Միհրան Հակոբյանին, Արփինե Հովհաննիսյանին, մի խոսքով՝ բոլոր նախկիններին, որոնց պիտակավորեցին, մտածված վարկաբեկեցին։ Երանի թե գա նախկին կյանքը՝ իր լավ եւ թերի կողմերով։ 

Հարգելի Էդիկ, սկսեք գիրք գրել, այս 3 տարին 3 հատորանի գիրք կդառնա։ Ձեր բոլոր ռեպլիկները հուշում են ինձ, որ եթե գրեք այդ գիրքը, այն կդառնա հայ ազգի մեծ հուշապատումը Եղեռնից հետո։

Սրբուհի Սարգսյան