Հիվանդագին ատելություն ազատ խոսքի նկատմամբ

Հիվանդագին ատելություն ազատ խոսքի նկատմամբ

Օրեր առաջ լրահոսում հայտնված մի լուր հավակնում է դառնալ հայաստանյան ժողովրդավարության, ազատ խոսքի եւ իրավունքի գերակայության թագն ու պսակը։ Լուրն այն մասին է, որ ոստիկանությունը փնտրում է Փաշինյանի նկարի տակ վիրավորանք գրած անձին, եւ ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Թերեւս, Բելառուսը, Ադրբեջանը եւ անգամ Հյուսիսային Կորեան կնախանձեին իրենց առաջնորդների անձնական պաշտպանության հարցում նման հետեւողականությանը։

Պետք է հիշել, որ այդքան ատելի նախկինների, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ապաքրեականացվեցին վիրավորանքն ու զրպարտությունը, ինչը միանշանակ դրական արձագանքի արժանացավ լրագրողական հանրույթում։ Ճիշտ է, ԶԼՄ-ների դեմ հաճախ անհարկի դատական հայցերը շարունակվում էին, ինչպես այսօր, սակայն գնահատողական դատողություններ հնչեցնելու համար գոնե քրեական հետապնդման վտանգը բացառվում էր։

Օրենքի եւ իրավունքի դիկտատուրան յոթերորդ գումարման խորհրդարանի վերջին շնչում ընդունեց աղմկահարույց եւ խորապես հակաժողովրդավարական մի օրինագիծ, որով քրեականացվեց ծանր վիրավորելը։ Ընդ որում, բնավ հասկանալի չէ, թե ինչն է ընկալվում իբրեւ ծանր վիրավորանք, սահմանումը խիստ անորոշ է, ինչը, բնականաբար, իշխանությանը հնարավորություն է տալու կամայականորեն գործադրելու այդ իրավանորմն ընդդեմ իր համար անցանկալի լրատվամիջոցների եւ լրագրողների։

Նախկինում էլ մեկ անգամ չէ, որ համոզվել ենք լրատվամիջոցների եւ լրագրողների հանդեպ այս իշխանության բավական կտրուկ եւ անբարեհաճ վերաբերմունքի հարցում՝ սկսած կին լրագրողներին ուժով դեպքի վայրից հեռացնելուց, որ հանկարծ վարչապետին անցանկալի հարցեր չտան, վերջացրած ոչ իշխանահաճ լրագրողների եւ լրատվամիջոցների թիրախավորումով եւ պիտակավորումով։ Ճակատագրի հեգնանքով՝ իշխանության պարագլուխն ու իշխող խմբակցության տասնյակ պատգամավորներ նախկին լրագրողներ են, ասել է թե՝ լավ գիտեն ազատ խոսքի գինը։

Ի՞նչ է ստացվում՝ ըստ նոր իրավակարգավորման, որով նախատեսվում է ազատազրկում ծանր վիրավորելու համար։ Օրինակ, եթե որեւէ լրագրող հայտարարի, որ Տիգրանաշենի հանձնումը դավաճանական քայլ է, եւ Տիգրանաշեն հանձնող իշխանությունը դավաճան է, ապա, ըստ այս կարգավորման, այդ պնդումը կարող է ընկալվել իբրեւ ծանր վիրավորանք իշխանության հասցեին։

Քրեական օրենսգրքով բավական սպառիչ նկարագրված է նաեւ պետական դավաճանության հանցակազմը, բայց պարզվում է՝ լրագրողներին օրենսդրորեն արգելել են գնահատել Տիգրանաշեն հանձնող եւ Արարատի մարզից հարավի հետ հաղորդակցությունը կտրող իշխանության բնույթը։
Ինչպես սեփական իշխանության վերարտադրմանն ու անխոցելիությանը միտված մյուս բոլոր կարգավորումները, այնպես էլ այս իրավադրույթը միջազգային իրավական պրակտիկայում պարզապես առոչինչ է։ Եթե փոքր-ինչ ուսումնասիրեին օտարերկրյա փորձը, հատկապես այն կառույցներինը, որոնց մենք անդամակցում ենք, կհասկանային, որ ընդամենը Հայաստանի դեմ ի սկզբանե պարտված գործերի քանակն են ավելացնում ՄԻԵԴ-ում։

Այլ կերպ ասած՝ եթե նույնիսկ փորձեն բանտարկել Տիգրանաշեն հանձնող իշխանությանն իբրեւ դավաճան որակող լրագրողին, ցանկության դեպքում նա կսպառի բոլոր ներպետական դատական ատյանները եւ, հաջողության չհասնելու դեպքում, ՄԻԵԴ-ում կհաղթի ու կստանա իր փոխհատուցումը։

Եվրոպական դատարանը ոչ մեկ անգամ ֆիքսել է, որ ընդունելի քննադատության սահմաններն ավելի լայն են քաղաքական գործիչների, քան մասնավոր անհատների վերաբերյալ արտահայտվելիս։ Իսկ կառավարությունները պետք է հանդուրժեն նույնիսկ շատ ավելի խիստ եւ կտրուկ քննադատություն, քան անգամ ընդդիմադիր քաղաքական գործիչները։ Կառավարության բացթողումները, ըստ Եվրադատարանի, պետք է ենթակա լինեն մամուլի եւ հանրային կարծիքի մանրամասն զննությանը։ Հաշվի առնելով, որ ՄԻԵԴ-ում գործերի քննությունը տարիներ է տեւում, երեւի կարծում են, որ մեկ է՝ հո իրե՞նք չեն վճարելու այդ փոխհատուցումը։

Դավիթ Սարգսյան