Վերադարձ դեպի Խորհրդային Միություն․ ինչ է պետք ակնկալել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունից

Վերադարձ դեպի Խորհրդային Միություն․ ինչ է պետք ակնկալել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունից

Նախօրեին տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների հերթական հանդիպումը Մոսկվայում։ Բանակցություններից հետո երկու նախագահները հանդես են եկել ասուլիսով, որից պարզ դարձավ, որ Մոսկվան ու Մինսկը կարողացել են համաձայնեցնել միութենական պետություն ստեղծելու հետ կապված բոլոր քսանութ ճանապարհային քարտեզները կամ ծրագրերը։

Այժմ փորձագետները վերլուծում են երեկվա բանակցությունները, փորձում անել կանխատեսումներ։ Իհարկե, արդեն լավատեսական գնահատականներ հնչում են ռուսական մամուլում, վերլուծաբանների մակարդակով, սակայն կա նաեւ որոշակի զգուշավորություն, հաշվի առնելով Բելառուսի նախագահի պոռթկունությունն եւ հեղհեղուկ բնավորությունը, թեեւ այս անգամ կարծես թե հեղհեղուկության հարց լինել այլեւս չի կարող, քանի որ հատկապես բելառուսցի ընդդիմադրին ձերբակալելու համար օդանավի բռնի իջեցումից հետո Արեւմուտքը անցել է կոշտ սանկցիոն քաղաքականության Լուկաշենկոյի եւ նրա վարչակարգի դեմ և, ինչպես ընդունված է ասել, մինչեւ վերջ դեմոնիզացրել է Բելառուսում գործող ներկայիս վարչակարգին եւ նրա ղեկավարին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդման, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ունեցած հանդիպումից հետո, որ համաձայնեցվել է քսանութ նախագիծ կամ ծրագիր, որոնք միտված են խորացնելու ռուս-բելառուսական ինտեգրացիոն գործընթացները, այսինքն թե՝ միութենական պետությունը տեսականից ավելի գործնական դաշտ բերելուն կամ, ինչպես ընդունված է ասել, այդ միութենական պետությանը «միս ու արյուն տալուն» են միտված։

Այդ ծրագրերը, ըստ Պուտինի, վերաբերում են Ռուսաստանի եւ Բելառուսի օրենսդրությունների ունիֆիկացիային՝ տնտեսության տարբեր ճյուղերում, երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների գործունեության պայմանների հավասարեցմանը, միասնական ֆինանսական, էներգետիկ շուկայի կառուցմանը, միասնական տրանսպորտային տարածքի ստեղծմանը, միասնական արդյունաբերական եւ գյուղատնտեսական քաղաքականության մշակմանն ու վարմանը։ Արդեն այսօր՝ միութենական պետության նախարարների խորհրդի նիստին, որը տեղի է ունենալու Մինսկում, այն հավանության կարժանանա, որից հետո արդեն հաստատման կդրվի միութենական պետության Գերագույն պետական խորհրդում, որի նիստը տեղի կունենա մինչեւ տարեվերջ։ Բացի այդ, քննարկվել են միասնական ռազմաանվտանգային տարածքի ձեւավորմանը, միութենական պետության պաշտպանական եւ անվտանգային միասնական համակարգի ստեղծման հետ կապված հարցերը։

Հանրագումարի բերելով, կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանը, ըստ էության, իրականացնում է Խորհրդային Միության վերականգնում, ֆորմատի թերեւս արդիականացված տարբերակով, եւ առաջին քայլը այդ գործընթացի այն է, ինչը մենք հիմա տեսնում ենք Ռուսաստան-Բելառուս միութենական պետության հետ կապված տարվող աշխատանքներում։

Կարեն Ենգիբարյան