Ինչպե՞ս վերափոխել նիկոլապաշտ զոմբիներին

Ինչպե՞ս վերափոխել նիկոլապաշտ զոմբիներին

Վերնագրում արտահայտված հարցը նույնքան կարեւոր է, որքան Փաշինյան Նիկոլին իշխանությունից հեռացնելու մեխանիզմի վերաբերյալ հարցը: Ի դեպ, եթե այն (զոմբիների վերափոխում-վերադաստիարակումը) լուծվեր նախքան հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունը, ապա երկրորդ հարցը կլուծվեր ինքնաբերաբար:

Առաջին հարցի լուծման մեխանիզմը, ընդհանուր առմամբ, պարզ է. այն պետք է կատարվի էմոցիոնալ ազդեցության արդյունքում: Հենց էմոցիոնալ, քանի որ հասարակության կիսագրագետ կամ անգրագետ զանգվածը զոմբիների է վերածվել նախկինների նկատմամբ բացարձակ ատելության, այսինքն՝ էմոցիոնալ ազդեցության արդյունքում: Իհարկե, Նիկոլից առաջ այդ ուղղությամբ հսկայական գործ է կատարել ՀՀ առաջին նախագահը: Միաժամանակ, դրան նպաստել է նաեւ նախկինների վարքը: Բայց, այնուամենայնիվ, ատելության վերջնական ձեւավորումը տեղի է ունեցել Նիկոլի կողմից զգացմունքային մանիպուլյացիաների միջոցով: Իսկ զգացմունքային մանիպուլյացիաների ազդեցությունը կարելի է չեղարկել մարդկանց զգացմունքների վրա ներազդելով: Ինչպես ասվում է՝ բիզը բզով է հանվում:

Իմ հոդվածներից մեկում առաջարկել էի լայնորեն եւ անընդհատ օգտագործել «Նիկոլը փրկիչ չէ, Փրկիչը Նիկոլ չէ» կարգախոսը: Ճիշտ այնպես, ինչպես հին Հռոմի քաղաքական գործիչներից Կատոն Ավագն (234-149 մ.թ.ա.) էր սենատում իր բոլոր ելույթներն ավարտում «Կարթագենը պետք է կործանվի» արտահայտությամբ: Դժբախտաբար, առաջարկս հետեւորդ չունեցավ եւ մնաց անարդյունք: Այսօր ցանկանում եմ ոչ թե մեկ այլ առաջարկ ներկայացնել, այլ պաշտպանել մի երեւույթ, որ հունիսի 20-ից հետո լայնորեն շրջանառվում է սոցիալական ցանցերում: Խոսքը ջրի կամ այլ կենցաղային խնդիրներից բողոքող հայաստանցիներին հիշեցնելն է, որ իրենք ընտրել են Նիկոլին եւ թող վայելեն իրենց ընտրության արդյունքները: Բավականին գրագետ ու ադեկվատ մարդիկ ասում են, որ դրանք մեղավոր չեն, որ կատարել են այդպիսի ընտրություն:

Պատճառն այն է, որ անցյալից ժառանգված ու այսօր էլ գրագիտության ու խելքի պակասով պայմանավորված՝ պետական մտածողության բացակայությունը հնարավորություն չի տվել կատարելու ճիշտ ընտրություն: Պատճառների առումով համաձայն լինելով՝ համաձայն չեմ եզրակացության հետ. այդ մարդիկ լավ էլ մեղավոր են: Նրանք մեղավոր են այն բանում, որ մենք բաց թողեցինք պարտության խորհրդանիշ հանդիսացող անձից հունիսի 20-ին ազատվելու իրական հնարավորությունը: Եվ ըստ այդմ՝ նրանց պետք է անընդհատ հիշեցնել այդ մեղքի մասին: Հիշեցնել հենց այն պահերին, երբ իրենք բախվում են խնդիրների նիկոլական ապաշնորհ կառավարման արդյունքում: Այլապես նրանք հաջորդ անգամ եւս կկատարեն նույն սխալ ընտրությունը, եթե, իհարկե, ճակատագիրը մեկ այլ ընտրություն կատարելու հնարավորություն ընձեռի մեզ: 

Նման հիշեցումներին, բնականաբար, այդ մարդկանց կողմից կհետեւի հակազդեցություն, ու դրանք կփորձեն որեւէ ձեւով փոխադարձնել մեղադրանքը: Բայց դա երկար չի տեւի, քանի որ անընդհատ կրկնության դեպքում գործի է գցվում հոգեբանական այն մեխանիզմը, երբ որեւէ մեկին անընդհատ մեղադրում են ինչ-որ հարցում մեղք գործած լինելու մեջ, ապա որոշ ժամանակ անց նա ստիպված է լինում ընդունել այն: Հատկապես, եթե մեղադրանքն արդարացի է: Իհարկե, կարող են լինել այնպիսիք, որ մինչեւ վերջ չընդունեն նման մեղադրանքը, սակայն դրանք հատուկենտ մարդիկ են: Մնացածներն ընդունում են, իսկ դրանից հետո գալիս է մեղավորների փնտրտուքը կամ մեղքերի քավումը: Երկու դեպքում է մանիպուլյացիայի հեղինակին այլ ելք չի մնում, քան իր նախկին զոհերից հեռու մնալն է: Հուսով եմ, որ այս տարբերակը կյանքի կկոչվի մոտ ապագայում: