Ավինյանը չի՞ ընդունել ժողովրդավարության հաստատման եւ կոռուպցիայի բացառման նիկոլական տեսլականը

Ավինյանը չի՞ ընդունել ժողովրդավարության հաստատման եւ կոռուպցիայի բացառման նիկոլական տեսլականը

«Հրապարակը» բացեց ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեման՝ ես ուզում եմ այն շարունակել: Տիգրան Ավինյանը Փաշինյան Նիկոլի կողմից չներառվեց ո՛չ կառավարության եւ ո՛չ էլ Ազգային ժողովի ՔՊԿ-ական խմբակցության կազմում: Ինչը, իհարկե, զարմանալի է, ավելի ճիշտ՝ ոչ արդարացի: Մի մարդ, որ 2020 թվականին կորոնավիրուսային համավարակի ծանր շրջանում նշանակվել էր հանրապետության պարետ, այսօր ընդամենը շարքային քաղաքացի է: Ճիշտ ինձ նման՝ երկուսս էլ գործազուրկի կարգավիճակ ունենք:

Բայց ես հոդվածներ եմ գրում «Հրապարակի» համար, ինքը դեռեւս սպասում է, որ հայ ժողովրդի «փրկիչն» աշխատանք առաջարկի իրեն: Մի թեթեւ ճանաչելով իրական Նիկոլին՝ կարող եմ վկայել, որ Տիգրանը հուսախաբ է լինելու: Նիկոլը չի ընդունում որեւէ այլ կարծիք՝ բացի սեփականից: Եվ եթե այլ կարծիք ունեցողն այնքան խոհեմ չէ, որ սեփական կարծիքը պահի սեփական գլխում եւ կամ գոնե նեղ ընտանեկան շրջանակում, ապա դա նրա երկրորդ մեծ սխալն է: Եվ երրորդ մեծ սխալն այն է, որ վերջինս համառություն է դրսեւորում եւ փորձում է տեր կանգնել սեփական կարծիքին այն պաշտպանելու կամ հանրայնացնելու միջոցով: Ինչպես երեւում է, նախկինում հպարտ եւ քայլարած ՀՀ քաղաքացի Տիգրան Ավինյանը կատարել է բոլոր երեք սխալները: Եվ, ուրեմն, ինքը պետք է պատժվի: Իհարկե, կարող է հրաշք պատահել (կյանքում լինում են, չէ՞, նման պահեր), եւ հայ ու թուրք ժողովուրդների բարեկամության օրակարգ նախաձեռնող վարչապետը, այնուամենայնիվ, քարերը թափի փեշից եւ «իր նկատմամբ» մեղանչած Տիգրանին մի պաշտոն նվիրի:

Իսկ այժմ՝ ըստ էության. Տիգրան Ավինյանը մեկ շաբաթ առաջ Ֆեյսբուքում գրառում էր արել՝ անդրադառնալով երեք թեմայի: Ահա. «… մեր պետության զարգացման այս փուլի առաջնահերթություն ենք դիտարկում ժողովրդավարության հաստատումն ու ամրապնդումը (ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ) եւ կոռուպցիայի բացառումը (անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ): Այս շարքում հիմնարար սկզբունք է նաեւ բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը՝ անկախ անձերից»։ Ապա անդրադարձել է նախընտրական ցուցակին՝ ասելով, թե ինքը վստահ չէր, որ այդ սկզբունքը (բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը) պահպանվել է: Խոսքը վերաբերել է ԼՏՊ-ի կառավարման շրջանում օլիգարխ, այնուհետեւ զուտ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին («Գռզո» մականունով): Կարող եմ ասել, որ պարոն Սուքիասյանի՝ կրկին օլիգարխի վերածվելու անթույլատրելիության հարցում համամիտ եմ նախկին փոխվարչապետի հետ: Ընդդիմադիր լրագրողի եւ այնուհետեւ պատգամավորի կարգավիճակում օլիգարխների դեմ երկու տասնամյակ կռիվ տված Նիկոլն իր վարչապետության 4-րդ տարում դավաճանում է սեփական սկզբունքներին ու համոզմունքներին՝ իշխանության մեջ ներառելով Սուքիասյանին: 

Բայց եթե նախկին փոխվարչապետի մտահոգությունը վերաբերեր ընդամենը մեկ երեւույթի, ապա ինչո՞ւ պետք է ֆեյսբուքյան նույն գրառման մեջ հիշատակվեին ժողովրդավարության հաստատման եւ կոռուպցիայի բացառման երեւույթները: Եթե մտահոգություն արտահայտվեր Սուքիասյանի առումով (առանց անունը տալու՝ մատնանշելով զուտ երեւույթը)՝ հընթացս դիֆերամբներ նվիրվելով նիկոլական ժողովրդավարությանն ու կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարին, ապա ամեն ինչ կլիներ իր տեղում: Սակայն գրառման մեջ նման ելեւէջումներ չկան, ինչը նշանակում է, որ այդ երկու երեւույթները եւս նախկին փոխվարչապետի մտահոգությունների տիրույթում են: Ինչն իր հերթին նշանակում է, որ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով մագիստրոսի եւ Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի ֆինանսների մագիստրոսի կոչումներ ունեցող անձը չի կիսում Նիկոլի համոզմունքները հետհեղափոխական իրականության երկու առավել կարեւոր երեւույթների առումով: 

Ավելացնեմ, որ ֆեյսբուքյան այդ գրառման մեջ Ավինյանը խոստացել էր մնալ ՔՊԿ վարչության անդամ եւ «ամեն կերպ աջակցել, որպեսզի 2018 թ. սկսած բարեփոխումները շարունակվեն»: Դժբախտաբար, կարող եմ արձանագրել, որ անկախ Ավինյանի աջակցելուց կամ չաջակցելուց՝ հայաստանյան «չբարեփոխումները» կշարունակվեն այնքան ժամանակ, որքան ժամանակ վարչապետ կմնա Փաշինյան Նիկոլը: Ինչ մնում է Ավինյանի՝ ՔՊԿ վարչության անդամ մնալուն, ապա այդ հարցում եւս ինքը սխալվել է. իր խոստումը որեւէ արժեք չունի, քանի որ նման հարցերը լուծում է անձամբ Նիկոլը, իսկ ինքն այսօր ընկել է վերջինիս աչքից:  

Ինչ էլ ասվել է եւ հետայսու եւս ասվի Տիգրան Ավինյանի հասցեին՝ պետք է ընդունենք, որ վերջինս ուսապարկային երիտասարդների այն եզակի ներկայացուցիչներից էր, որ նորմալ կրթություն է ստացել ու իր ուսերին էր կրում իշխանության հիմնական բեռը՝ անձնական վայելքները բաժին տալով ուրիշներին: Ի դեպ, ս. թ. ապրիլի վերջին Փաշինյան Նիկոլը հայտարարել էր, որ «Ավինյանն իր տեղակալն է եւ քաղաքական համախոհը, եւ ինքը կարծում է, որ իրենց միջեւ տարաձայնություններ չեն լինի, եւ իրենք միասին կգնան ընտրությունների»:

Բայց պատահեց այնպես, որ նրանց միջեւ տարաձայնություններ առաջացան, եւ իրենք միասին չգնացին հունիսի 20-ի ընտրությանը: Իսկ հետո էլ, ի տարբերություն Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանի (վերջինս եւս պասիվ դիրք բռնեց ընտրության առումով), Ավինյանը տեղ չգտավ գործադիրում: Եթե տարաձայնությունը վերաբերեր զուտ Սուքիասյանի նորամուտին, ապա Տիգրանի եւ Նիկոլի միջեւ փոխադարձ համաձայնությամբ գործարարը կմնար խորհրդարանում, իսկ Տիգրանը կշարունակեր իր պաշտոնավարումը գործադիրում: Քանի որ այդպես չեղավ, ուրեմն կարող եմ ենթադրել, որ Տիգրանի եւ Նիկոլի միջեւ տարաձայնություն է առաջացել նաեւ վերը նշված՝ ժողովրդավարության հաստատման եւ կոռուպցիայի բացառման երեւույթների առումով: