Գեղարքունիքում կարտոֆիլ, կաղամբ իրացնելու լուրջ խնդիր է առաջացել

Գեղարքունիքում կարտոֆիլ, կաղամբ իրացնելու լուրջ խնդիր է առաջացել

Գեղարքունիքի մարզում գյուղացիները կարտոֆիլի, կաղամբի բերքի իրացման հարցով խնդրի առջև են կանգնել։ 

«Հրապարակի» հետ զրույցում մարզի Լիճք համայնքի (մոտ 6500 բնակիչ) բնակիչ, հասարակական գործիչ Վանո Կարապետյանն ասաց, որ ոչ միայն այս համայնքում, այլև մարզի տարբեր բնակավայրերում կարտոֆիլը մնացել է մարդկանց պահեստներում ու չեն կարողանում վաճառել։

«Կարտոֆիլի գինը շատ էժան է, 1 կիլոգրամը 80-100 դրամ։ Բերքը մնացել է պահեստներում։ Որ գալիս են, մեծածախ գնում են 80 դրամով, լավագույն դեպքում՝ 100-110 դրամով՝ կախված կարտոֆիլի չափսից։ Բայց շատ դեպքերում չեն էլ գալիս գյուղացու մոտից գնելու, արտադրանք-շուկա-տրանսպորտ կապը չի գործում։ Ամբողջ տարի չարչարվել եմ, 100 հազար դրամի ներդրում եմ կատարել, իմ մշակած կարտոֆիլն եմ վաճառել ու ընդամենը 100 հազար դրամ եմ աշխատել, այսինքն՝ զրոյական վիճակ է։ Ստացել եմ 1 տոննա կարտոֆիլի բերք, մի մասը՝ 80, մի մասը 110 դրամով եմ վաճառել», - ասաց համայնքի բնակիչը։ 

Կարապետյանը նաև ասաց, որ Վարդենիսի գյուղերում մեծ խնդիր է առաջացել կաղամբի բերքի վաճառքի հարցով։ «Կաղամբի վաճառքի հարցը շատ վատ է Վարդենիսի գյուղերում։ Մարտունու տարածաշրջանի Ձոլաքար համայնքում կաղամբի կգ-ն 10 դրամ արժի, մարդկանց պահեստներում տոնաններով կուտակվել է, չեն կարողանում վաճառել, պահանջարկ չկա։ Նույնիսկ ձրի են տալիս, որ իրենց պահեստները մաքրեն, թե չէ իրենց տների մեջ կփչանա։ Այս տարի նաև անասնակերը, խոտն էլ էր քիչ, մեզ մոտից գնում էին Վարդենիսի տարածաշրջան, որպեսզի կաղամբ գնեին՝ գոնե կոմպենսացնելու խոտի հետ։ Տեսնում են, որ այնտեղ վիճակը շատ վատ է, նույնիսկ ձրի են տալիս կաղամբը, ասում են․ «Մենակ տարեք, որ նկուղները, պահեստներն ազատվեն»։ Նույնիսկ գյուղացիները գումար են տալիս մեքենաներին, որ մեքենաները գան, այդ կաղամբը թափեն աղբանոցները, որպեսզի ազատվեն կուտակված բերքից։ Մարդ կա, որ մեքենայի գումար էլ չունի», - նշեց լիճքեցին։

Հարցին՝ այս խնդիրների հետ կապված մարզպետարանից ի՞նչ են ասում, Լիճքի բնակիչը պատասխանեց․ «Մարզպետարանից ասում են, որ «Մենք արտահանման հետ կապված գործառույթ չունենք, շուկան ազատ է, արտադրման պահանջարկ պետք է լինի»։ Սա է խնդիրը։ Հիմնականում եռանկյունի կապը՝ արտադրանք-տրանսպորտ-շուկա, չի գործում»։

Նրա խոսքերով՝ եթե Երևան տանում ես վաճառելու, ապա ամեն կգ-ի համար պետք է 10 դրամ տաս մեքենայի վարորդին և օգուտ չես ստանում այդ վաճառքից։ «Եթե ես պետք է այնտեղ տանեմ, կարտոֆիլը 100 դրամ վաճառեմ, պետք է ամեն կգ-ի համար 10 դրամ տամ վարորդին։ Շատ էժան է ապրանքների գնաճի ֆոնին։ 1 տոննա կաղամբն արժի 10 հազար դրամ, պատկերացնո՞ւմ եք։ Մարդիկ նույնիսկ ասում են․ «Տանենք, կառավարության շենքի մոտ դատարկենք նիստի ժամանակ, որ հասկանան»։ Հիմա էլ իբր թե սուբսիդավորված ազոտական պարարտանյութ (սիլիտրա) են վաճառում պարկը 7500 դրամով։ Համայնքապետարանի միջոցով են բերում։ Շուկայում սիլիտրայի պարկն արժի 8000 դրամ, տարբերությունն ընդամենը 500 դրամ է», - շարունակեց նա։

Բաց այս, ըստ Վանո Կարապետյանի, արտահանում էլ չկա․ «Եթե արտահանում լինի, նորմալ կարող են վաճառել։ Անցած տարի, նախորդ տարիներին Վրաստանից ֆուր էր գալիս տարբեր գյուղեր, բերքն առնում էր, մի քիչ ավելի լավ գնով էր առնում՝ 10-20 դրամ ավելի թանկ։ Գալիս էին, գյուղացիների, գյուղապետերի հետ պայմանավորվում էին կաղամբ, կարտոֆիլ գնելու հետ կապված»։

Կարապետյանն ասաց նաև, որ այս հարցերով ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ով «համաձայնել է այսօր կառավարությունում խնդիրը բարձրացնել»։ «Աղազարյանը խոստացավ կառավարությունում զրուցել, հասկանալ՝ ինչպես են խնդիրը լուծում», - եզրափակեց նա։

Լիճքի համայնքապետ Գնել Գրիգորյանը, անդրադառնալով կարտոֆիլի հետ կապված խնդրին, «Հրապարակին» ասաց, որ «տղաներից մեկը կազմակերպել է, այսօր կամ վաղը մեքենա է գալու, զբաղվեն այդ հարցով»։ «Կազմակերպել ենք, եթե ոչ այսօր, վաղվանից բարձեն։ Վրաստանի՞ց, թե՞ որտեղից, հստակ այս պահին չեմ կարող ասել, մեքենա է գալու, բարձի, ժողովրդի այդ հոգսը թեթևացնենք։ Զբաղվում ենք այդ հարցով», - հավելեց Գրիգորյանը։ Վերջինս ասաց նաև, որ տեղյակ չէ, թե ինչ գնով է վաճառվելու կարտոֆիլը։

Ձոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանն ասաց, որ համայնքն իր բյուջեով փորձում է սոցիալապես անապահով ընտանիքներին որոշակի աջակցություն ցուցաբերել։ «Յուրաքանչյուր ընտանիքին, ով որ կաղամբ ունի, 1 կգ-ի դիմաց 25 դրամ հատուցում ենք տրամադրում։ Համայնքապետարանի աշխատակիցները գույքագրում են անում, որ հասկանանք՝ ի՞նչ քանակի մասին է խոսքը։ Ամեն դեպքում կաղամբի իրացման խնդիր կա։ Մոտավորապես 3-4 հազար տոննա կաղամբ չի իրացվել այս տարի», - նշեց Ղազարյանը։

Համայնքապետի խոսքերով՝ մոտ 7-8 հարյուր ընտանիք այսպիսի խնդրի առջև է կանգնել։

«Հրապարակը» Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պարտականությունների կատարող Մարտին Պետրոսյանից հետաքրքրվեց, թե կարտոֆիլի, կաղամբի իրացման խնդրով մարզպետարանն ի՞նչ է անում։ «Դուք գրավոր գրեք, մենք կպատասխանենք, հա՞», - ի պատասխան ասաց Պետրոսյանը։