Անմահության Մակրոպուլոսի միջոցը

Անմահության Մակրոպուլոսի միջոցը

1970 – ականներին պատիվ եմ ունեցել լինելու Մոսկվայի ակադեմիական Փոքր թատրոնում «Մակրոպուլոսի միջոցը» ներկայացման պրեմիերային, որը հիմնված էր չեխ աշխարհահռչակ գրող Կարել Չապեկի համանուն պիե­սի վրա: Գլխավոր դե­րում ԽՍՀՄ ժողովրդական դերասան Միխայիլ Ցարյովն էր: Հիմա դժվար է հիշել բոլոր դերասաններին, բայց բոլորն էլ լավ էին խաղում, իսկապես բարձր արվեստ էր:

Մակրոպուլոսի միջոցը երկարակեցության կամ անմահության էլիքսիր է, որին տիրապետելու հնարավորությունը պիեսի հերոսների համար դառնում է մարդ­կա­յինի փոր­ձություն: Ներ­կայացումն ավարտվում է մի փոքր անսպասելի. անմա­հությունը, պարզվում է, այնքան էլ գայթակղիչ չէ, և ներկայացման հերոսները չեն համարձա­կվում օգտա­գոր­ծել էլիքսիրը (օրինակ, միայն այն բանի համար, որ 300 ամյա տատիկը չսիրա­հարվի իր ծոռի ծոռանը): Տարիներ անց, ընթերցեցի այդ ստեղծագործությունը, եւ իմ մեջ ավելի ամրապնդվեց, որ Չապեկի դիրքորոշումն իրավացի է:

Չապեկն իր կատակերգության նախաբանում գրում է, որ Բերնարդ Շոուն՝ իր «Ետ դեպի Մաֆուսայիլ» - ում անմահության հիմնախնդիրը դնում է ավելի լայն և որ ակնհայտ է թեմայի միանգամայն պատահական և զուտ արտաքուստ համընկնելը, քանի որ Բերնարդ Շոուն հանգում է ուղղակի հակադարձ եզրակացությունների: Նա մի քանի հարյուր տարի ապրելու հնարավորության մեջ տեսնում է մարդկության իդեալական վիճակը, ապագայի ինչ-որ դրախտի նման մի բան: Այնուհետև, Չապեկը եզրահանգում է.

«Ընթերցողը կտեսնի, որ իմ ստեղծագործության մեջ եր­կա­­րակեցությունը բոլորովին այլ է թվում. Որպես վիճակ՝ ոչ միայն իդեալական չէ, այլև ընդհանրապես ցանկալի չէ: Դժվար է ասել, թե մեզանից ով է ճիշտ. երկու կողմն էլ, ցավոք, չունեն իրենց սեփական փորձը»: Այնուհետև Չապեկը գրում է, որ հիմքեր կան ենթադրելու, որ Բեռնարդ Շոուի դիրքորոշումը համարվում է դասական տիպի լավատեսություն, իսկ իր պիեսը՝ անհեռանկար վատատեսության արգասիք: Ըստ նրա, լավատեսությունը լինում է երկու տեսակի. մեկը, շրջվելով չարիքից և մռայլից, ձգտում է իդեալականին, թեպետև ուրվականային, մյուսը նույնիսկ վատ բանի մեջ փնտրում է բարու փշրանքներ, թեպետև ուրվականային: Առաջինը փա­փագում է իսկական դրախտի, և չկա ավելի գեղեցիկ բան, քան մարդկային հոգու այս պոռթկումն է: Երկրորդն ամենուր փնտրում է գոնե հարաբերական բարու մաս­նիկ:

Պարոն «X»-ը, նույն ինքը՝ Պողոս Պողոսյանն իր «Աշխարհը շատ մոտ է անմա­հության բանաձևը գտնելուն» հրապարակումով, թվում է թե, ավելի կողմնորոշված է Բեռնարդ Շոուի տեսակետին: 
Նախ նկատենք, որ այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհը» միշտ չէ, որ լավ բաներով է զբաղված: Կոնկրետ այս պահին, այդ «քաղաքակիրթ աշխարհը» զբաղ­ված է իր իսկ տարածած համավարակի վրա փող «սարքելով», ավելի ճիշտ՝ մեծ փող սարքելով: Այդ քաղաքակիրթ աշխարհի որոշ երկրներ ներկայում պահեստավորել են ավելի մեծ քանակի վակցինա, քան իրենց պահանջարկն է: Նրանց չի հե­տաքրքրում, որ կան երկրներ, որոնք չեն կարող հսկայական ծախ­սեր կատարել՝ իրենց բնկաչությանն արագ վակցինավորելու համար: Մինչդեռ այդ նրանց տեխ­նո­լոգիական նվաճումների «շնորհիվ է», որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել: Տեխ­նոլոգիաների նկատմամբ վերահսկողության բացակայությունը հան­գեց­րել է նրան, որ մարդիկ այլևս անձնական տարածք ու անձնական կյանք չեն կարող ունենալ:

Այդ «քաղաքակիրթ աշխարհը» աչքերը փակում է, նույնիսկ, խրախուսում է ցեղասպանությունները: Հիմա, արդեն, պարզ դարձավ, որ կան ցեղասպանության անարյուն բազմաթիվ տեխնոլոգիաներ:
Թեպետ մի բանում կարելի է համաձայնել պարոն «X»-ի հետ: Այո, նրա խոս­քերով ասած, որպեսզի «Հայաստանը կարողանա մասնակցել այդ գերժամա­նա­կակից գործ­ընթացներին», գիտությունն ու կրթությունը պետք է իրականում, այլ ոչ դեկլարա­տիվ, լինեն առաջնահերթություններ: Բայց, այստեղ էլ «քաղաքակիրթ աշ­խարհը» ոգևոր­ված չէ մեր նման երկրները զարգացնելով: Մենք էլ առանձնապես ձգտում չենք դրսևորում դրանում:

Մեր աչքի առաջ փլուզվում են ազգային գիտական հաստատությունները, համալսարանները, ընդհանուր առմամբ՝ կրթական համակարգը:

Ինչևէ: Թույլ տվեք չհամաձայնել հետևյալ մտքի հետ. «Վազգեն Մանուկյանի հետ դա ի՞նչ կապ ունի, չէ՞ որ նա արդեն 75 տարեկան է եւ ամեն դեպքում կմնա այդ տարիքում, չէ՞ որ նա չի երիտասարդանալու, անգամ եթե անմահանա»։ Մակրո­պուլոսի միջոցը» այդ հնարավորությունը ընձեռում է: Եվ հետո, «քաղաքակիրթ աշխարհում» մարդու տարիքը հիշատակելը համարվում «дурной тон»: Իսկ 60 տարեկանի մասին ի՞նչ կասեք: Այսինքն, ստացվում է, որ մի կողմից մարդը հիացած ու ցնցված է, որ բացահայտվել է անմահության բանաձևը, իսկ մյուս կող­մից…գտնում է, որ կյանքն ավարտվում է 40- 50 տարեկանում: Այնպես չէ, որ եթե Վազգեն Մանուկյանը չստանձնի վարչապետի պաշտոնը, երկիրը կկործանվի, ինչպես որ այնպես չէ, որ այլ թեկնածուներ չկան: Բայց շատերը չեն համաձակվի թեկուզև կարճատև հայտնվել աննախանձելի իրավիճակում, ինչպիսի իրավիճակում այս անձնավորությունն է: Թերևս, այսքանից հետո, թվում է նպատակահարմար, որպեսզի Վազգեն Մանուկյանը հանդես գա հայտարարությամբ՝ խնդրելով մոռանալ ի անունը: Ի վերջո, ինչին է պետք, թե չէ արդեն իջել են «շվեդական սեղանի» մակարդակ (կասեի շրիշակից, իմա՝ պլինտուսից էլ ցածր մակարդակ):

«Լավ է, որ ժողովուրդն ընդդիմադիր գործչի սխալն ուղղեց՝ նրան այս անգամ իշխանության չբերելով», ահա սա է հոդվածի գլխավոր ուղերձը, թե չէ՝ տիկին Բաֆենշտայն, մկներ ու ոչ հաճելի այլ բաներ: 
Հարգելի պարոն, գուցե փորձե՞ք Կարել Չապեկի օրինակով այս ամենի մեջ փնտրել հարաբերական բարու մաս­նիկ:

Ի դեպ «սխալն ուղղելու» մասին: Ժողովուրդը тут ни при чем! Ուղղակի, ազ­գանվեր ընդդիմությունը չի տիրապետում և չի էլ կարող տիրապետել քաղա­քա­կան այն տեխնոլոգիաներին, որոնցով իրականացվեց 2018 թվականի հե­ղաշրջումը: Ինչու՞ չի կարող: 1974 թվականին, մարդու իրավունքների հետ կապված, ԱՄՆ առևտրի օրենքում Ջեքսոն-Վենիկի ուղղմամբ, ԽՍՀՄ-ի նկատմամբ կիրառվեցին որոշ սահմանափակումներ. ներդրումների, տեխնոլոգիաների փո­խանցման, վարկերի: Թեպետ այդ սահմանափակումները հանվել են Հայաստանի համար, այդուհանդերձ, դրա գաղափարը մեկ­ընդ­մերթ գտնում է նորանոր կիրառություններ: Ակնհայտ է, չէ՞, որ քաղաքական տեխ­նոլոգիաները ոչ մի գնով չեն փոխանցվի ազգային պետությունների պաշտ­պա­նութ­յան համար պայքարող ուժերին: 

Գագիկ Վարդանյան