Զարոյանը կրկին փոխմարզպետ է. նա չի բացառում, որ կարող է ՔՊ առաջին համարը լինել 

Զարոյանը կրկին փոխմարզպետ է. նա չի բացառում, որ կարող է ՔՊ առաջին համարը լինել 

Երեկ ՀՀ վարչապետի հրամանով Վահան Զարոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ: Զարոյանի համար սա ոչ թե նոր պաշտոն է, այլ վերադարձ է հնին: 2018 թվականին նա արդեն եղել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ և, ըստ լուրերի, հեռացել է սեփական դիմումի համաձայն, ինչ-որ կոռուպցիոն հարցերի պատճառով: Զարոյանը նաեւ Փաշինյանի մոլի պաշտպաններից է եղել, ով դոշ է տվել նրա համար՝ ամենավերջին հայհոյանքները տեղալով քաղաքական հակառակորդների հասցեին:

ՏԻՄ ընտրություններից առաջ Զարոյանը «Քաղպայմանագրի» պատասխանատուներից էր եւ հավակնում էր իշխող կուսակցության ընտրացուցակի առաջին համարը լինել: 

Մինչեւ վերջերս Վահան Զարոյանի շանսերը 50/50 էին: ՔՊ-ում կասկածներ կային՝ Զարոյա՞նը, թե՞, այնուամենայնիվ, գործող քաղաքապետը գլխավորեն ցուցակը: Օրերս, սակայն, ըստ տեղեկացված աղբյուրի, հարցը որոշվել է հօգուտ Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանի: 
Օրվա «հերոս» Զարոյանին հարցրինք, թե ինչու այն ժամանակ ազատվեց փոխմարզպետի պաշտոնից, որին կրկին նշանակվում է: «Քաղաքական թիմն այդպես գտավ, որոշումն այդպես ընդունվեց, ու ես տեղափոխվեցի: Դրանից հետո աշխատել եմ շուկայի վերահսկողության  մարմնում»,- ասաց Վահան Զարոյանը: Նա չասաց, թե ինչ մասնագիտություն ունի, ինչ կենսագրություն․ «Շուտով կներկայացնենք, կկարդաք»: Ճի՞շտ է, որ հավակնում էիք ՏԻՄ-ում ՔՊ առաջին համարը լինել: «Առաջին համարի հետ կապված՝ քաղաքական թիմի որոշումը պետք է լինի: Ինձ կլինի, թե մեկ այլ թեկնածուի՝ դեռ որոշված չէ»,- ասաց Զարոյանը:

Իսկ դիտարկմանը՝ շատերին թվում էր, թե Դուք եք գլխավորելու ցուցակը, բայց հիմա պաշտոն ստացաք, ու փակվե՞ց Ձեր առաջադրվելու հարցը, պատասխանեց. «Ամեն դեպքում, իմ մասով քննարկում չի եղել: Որոշվել է, որ էս պահին ես այստեղ եմ անհրաժեշտ, նշանակվել եմ այստեղ»: Վահան Զարոյանին հարցրինք նաեւ, թե արդյոք ինքը շա՞տ ընկերներ ու շրջապատ ունի, արդյոք պոպուլյա՞ր է իր տարածաշրջանում, եւ ի պատասխան հարց լսեցինք. «Ընկեր ունենալո՞վ են պոպուլյար դառնում, թե՞ աշխատանքով: Ամեն մեկն իր չափով շրջապատ ու ընկերներ ունի»:

Բայց Արամ Մելքոնյանին, օրինակ, շատ չեն սիրում Վարդենիսում, նա, շատերի կարծիքով, պարտվող թեկնածու է, այդպես չէ՞: «Ես, անկեղծ ասած, վերջնական որոշման մասին տեղեկություն չունեմ, իսկ շանսերի մասով գնահատական տալ չեմ կարող: ՔՊ-ն եթե որոշի, որ ես պետք է լինեմ ցուցակի առաջին համարը, ես կլինեմ, եթե որոշվել է, որ ես լինեմ մարզպետի տեղակալ, ես զբաղեցնում եմ մարզպետի տեղակալի պաշտոնը»: Բայց Դուք կուզե՞ք առաջին համարը լինել։ «Ես կուզեմ, որ լինի թիմի որոշում, դա իմ ցանկությամբ չէ միայն»: Ակնհայտ է, որ մարդն ուզում է, բայց չի բարձրաձայնում, որովհետեւ միայն իր ցանկությամբ չէ այդ հարցը որոշվում:

Վարդենիսի քաղաքապետի ընտրությունը, հիշեցնենք, նշանակված է դեկտեմբերի 5-ին, բայց իշխանական թիմի ներսում նախընտրական ակտիվ խմորումներ են տեղի ունենում: Տարաձայնություններ կան Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանի թեկնածության հետ կապված: Շատերն են համոզված, որ Արամ Մելքոնյանը պարտվող թեկնածու է, եւ եթե նա լինի ՔՊ ցուցակի առաջին համարը, ապա ՏԻՄ ընտրությունների ժամանակ Վարդենիսին սպասվում է Գորիսի ճակատագիրը: Այսօր Վարդենիսում ՔՊ-ն բաժանված է մի քանի ճյուղի: Ամեն մեկն ինքն է ուզում առաջադրվել: Թեկնածուներից են Ակունքի գյուղապետը, Վահան Զարոյանը, էլի մարդիկ կան: Ընդդիմության թեկնածուն լինելու է «Հայաստան» դաշինքի համակիր, Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը: Սակայն երրորդ «անցողիկ» թեկնածու էլ է լինելու, որը դեռ չի ձեւավորվել՝ դա մի քանի գյուղապետերի դաշինքն է, որոնք ո՛չ ընդդիմությունից, ո՛չ իշխանությունից են ու ցույց են տալու, որ պայքարում են Վարդենիսի համար: