Բոլորը մեղավոր են՝ փռշտացողները, հազացողները, արտաշնչողներն ու շնչողները

Բոլորը մեղավոր են՝  փռշտացողները, հազացողները, արտաշնչողներն ու շնչողները

Կորոնավիրուսային վիճակի հետ կապված՝ ծանրագույն իրավիճակ է․ ըստ լուրերի՝ մայրաքաղաքի հիվանդանոցներում տեղ չկա, նույնը՝ Գյումրիում։ 

Տեղեկություն ունենք, որ հիվանդների տեսակավորման՝ տրիաժ կենտրոններն արդեն սկսել են մայրաքաղաքի հիվանդներին տեղափոխել մարզային հիվանդանոցներ։ Օրինակ՝ օրերս մի մահամերձ հիվանդի որոշել էին տեղափոխել Ապարանի հիվանդանոց, վերջին պահին հարազատներին հաջողվել էր տեղ գտնել Երեւանում։ Նմանատիպ իրավիճակ է Գյումրիի ԲԿ-ում․ տեղ չկա։ Առողջապահության նախարարությունից մեր հարցին, թե մայրաքաղաքի հիվանդանոցներում տեղ չկա՞, դիվանագիտորեն նկատեցին՝ համաճարակաբանական վիճակը լարված է։ Նաեւ` «ազատ մահճակալները շատ արագ համալրվում են», եւ «ըստ հիվանդանոցների ծանրաբեռնվածության եւ հիվանդների ծանրության աստիճանի` տրիաժ կենտրոնն իրականացնում է բաշխում»։ Երեկվա 14:00-ի դրությամբ 26 հիվանդանոցում քովիդով հիվանդների բուժում է իրականացվում 2 հազար 980 մահճակալով, որից 448-ը՝ վերակենդանացման։

Հարցին, թե նոր քովիդ-կենտրոններ, նախկինի նման, ծավալվելո՞ւ են, թե ոչ, ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանեցին․ «Փորձում ենք մահճակալային ֆոնդն անընդհատ համալրել, բայց դե՝ անսպառ չէ։ Ի վերջո, բուժանձնակազմն էլ պիտի հերիքի»։ Երեկվա դրությամբ ծանր վիճակում էր գտնվում 1075, ծայրահեղ ծանր՝ 293 հիվանդ, որոնցից 109-ին միացված է թոքային օդափոխության սարք։

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի գրառումներից կարելի է եզրակացնել, որ վիճակն արդեն օրհասական է։ Դիմելով Հայաստանի շուրջ 1,202,800 «առողջապահության նախարարներին՝ կանանց», Մուրադյանը խնդրել էր միանալ բժիշկների պայքարին եւ ընտանիքի անդամներին բացատրել, որ այս պահին Сovid 19-ի դեմ կարող ենք պայքարել միայն պատվաստման միջոցով։

Իսկ իշխանություններն այս վիճակին արձագանքում են, թե բա՝ դուք եք մեղավոր, չեք պատվաստվում, դիմակ չեք կրում, պատվաստումներին դեմ բժիշկներն էլ հակաքարոզչություն են իրականացնում։ 

Սրանում, իհարկե, ճշմարտություն էլ կա, բայց` կես ճշմարտություն: Հայաստանը պատվաստված երկրների թվում Աֆղանստանի, Սոմալիի եւ այլ երկրների շարքում է՝ բնակչության 5 տոկոսի պատվաստված լինելու ցուցանիշով (հարեւան Վրաստանում ցուցանիշը մոտ 25 տոկոս է, Ադրբեջանում՝ 40-ից ավելի, Թուրքիայում՝ 50 տոկոսից բարձր)։ Արդյունքում աղքատ, արտագաղթող, կապիտուլացված Հայաստանում վերջին շրջանում օրական 40-ից ավելի մարդ է մահանում։ Սա 2020 թվականին ռազմի դաշտում զոհերի թվի մոտ կեսն է։ Մեկ ամսվա կտրվածքով այս թիվը 1200 մարդ կկազմի։

Մինդեռ սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում 1 միլիոն բնակչի հաշվով Քովիդ 19-ի դեպքերի եւ մահվան թվային պատկերը 70 տոկոսից բարձր պատվաստում անցած եւ մի քանի տասնյակ միլիոնանոց երկրներում հավասար է մի բուռ Հայաստանի թվերին․ Պորտուգալիա - 4 հազար 429 նոր դեպք, մահ՝ 38, Իռլանդիա - 15 հազար 915 նոր դեպք, մահ՝ 56, Դանիա - 5 հազար 228 նոր դեպք, մահ՝ 20, Նորվեգիա - 7 հազար 496 նոր դեպք, մահ՝ 15, Իսպանիա - 2 հազար 881 նոր դեպք, մահ՝ 56, Ֆրանսիա - 5 հազար 329 նոր դեպք, մահ՝ 45: 

Թե այս տեմպերով ուր է հասնելու մեր երկիրը, եւ ինչքան մարդ ենք կորցնելու, հարցը, թերեւս, հռետորական է։ Միշտ լավատես եւ բնակչության իմունային պատնեշի մասին խոսող բժիշկ Հայկ Մանասյանը երեկվա իր լայվում անտանելի հոռետես էր։ Ասաց, որ այս ալիքի դեմն առնել չի լինի։ «Միացրեք իմ օգոստոսի լայվը, որ ասել էի՝ վակցինացիա - սեպտեմբերի 1։ Դրանում անդրադառնում էի ուսուցիչներին արված պարտադրանքին ու այնտեղ զգուշացնում եմ, որ մի քանի ամիս հետո գլուխներդ պատով եք տալու։ Ու սկսելու եք ողբալ մահերի անվերահսկելի քանակը։ Ինչու, որովհետեւ փոխանակ թիրախային վեր կենաք, մարդկանց պատվաստեք, ընգել եք ուսուցիչների ջանին։ Եթե օգոստոսի 13-ին ասածս անեիք, գոնե սեպտեմբերի 1-ից, 21+14 օր, այսօր արդեն կունենայինք խոցելի խմբերի բավականին մեծ ծածկույթ»։

Մինդեռ, ըստ Մանասյանի, ԱՆ-ն միշտ մեղավոր է համարում դիմակ չկրողներին, չպատվաստվողներին, «տունը չնստողներին», փռշտացողներին, հազացողներին, շնչողներին, արտաշնչողներին, բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ «Նույն ձեւով, հանձին վարչապետի, նախկիններն են մեղավոր, նախկինների նախկիններն են մեղավոր, բոլորը, բացի իրենցից։ Էս ոճը, մեղավորությունը գցել այլոց վրա, սա անմեղսունակություն է»,- հայտարարեց Մանասյանը՝ ավելացնելով․ «Մենք երբեք վեր չենք կենում ու տնային տնտեսուհիների նման ասում՝ դե, դիմակ կրեք, չե՞ք տենում՝ մահերը շատ են։ Մենք վերլուծում ենք՝ մահերն ինչի են շատ։ Վերլուծում ենք մահացած մարդկանց խմբերը, տեսնում, որ 20 թվականին 85 տոկոսը մահացել են 60 տարին լրացած անձինք, 11 տոկոսը՝ 50 տարին լրացած անձինք։ Այսինքն՝ նրանք եղել են մահերի 96 տոկոսը։ Մենք սա տեսնում ենք ու որոշում ենք քարոզել, 96 տոկոսը կազմող ռիսկային խմբին՝ պատվաստվել։ Ոչ թե առաջին պատահածին չամռվում ենք, որ գնա, պատվաստվիր, որովհետեւ Ձեզ գործից կհանեն»։ Անդրադառնալով նախկին նախարար Արսեն Թորոսյանին, Մանասյանը նրան մեղադրեց PR անելու մեջ։ Պարբերական հիվանդության պատճառով բանակից ազատված ԱՆ նախկին նախարարը PR է անում իր 12 տարեկան տղայով, թե պատրաստ է նրան պատվաստել «Մոդեռնայով»։

«Բայց որ Արսենը հյուրանոցներ ու հանգստյան տներ էր լցնում կոնտակտավորներով, էն դեպքում, որ ծերերով ու տարեցներով պետք է լցներ ու քրոնիկ հիվանդներով, դրա մասին Արսենը չի խոսում։ Դա իր ոչ մի բանին է։ Կարեւորը՝ ինքն իրա էրեխուն գիտի ինչ կանի, վերջն էլ թռնելու է գնա։ Սաղ թռնելու են գնան, էս երկրում իրենք գաստրալյոր են»։

Ըստ Մանասյանի, այս 2 տարում որեւէ մեկը որեւէ բանի համար ներողություն չի խնդրել (ասաց՝ մեկը վեր կացա՞վ ասաց՝ կներեք, սխալվեցի) եւ անգամ հարկ չի համարել վերլուծել․ լավ, որտե՞ղ են սխալվել, որ դասեր քաղեն՝ հետագա սխալներ թույլ չտալու համար։ Ինչպես իրենց առաջնորդն էր ձեւակերպել՝ իրենք շատ սխալներ են արել, բայց շարունակելու են անել, մինչեւ որ էլ չսխալվեն։ Այլ խոսքով, այս իշխանությունները երկիրը դիտարկում են որպես փորձադաշտ, իսկ այնտեղ ապրող մարդկանց՝ փորձաճագարներ։

Իսկ հիմա, ըստ Մանասյանի, արդեն ուշ է։ «Վերջ։ Չեք հասցնելու, էս ալիքը կոտորելու ա։ Սրա դեմ խաղ չկա։ Ինչո՞ւ, որովհետեւ եթե հենց հիմա մեծահասակները սկսեն պատվաստվել, միեւնույն է՝ ժամանակը չի բավականացնի, որ 2-րդ դոզան ստանան, հետո 14 օր անցնի, որ իմունիտետ ստանան»,- ասաց Մանասյանը։